Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների հանդեպ ռասիստական վերաբերմունքն ու իշխանական վայելքները 

Փետրվար 23,2025 22:15

Այսօր ամեն երրորդ տաքսու վարորդը Արցախից է, նրանց թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան: Չնչին բացառություններով՝ արցախցիներից շատերը չունեն աշխատանք, ապրուստի միջոց: Առաջիկայում, երբ պետության կողմից տրվող գրոշաչափ աջակցությունը դադարեցվի, նրանց վիճակն էլ ավելի է ծանրանալու:

Ամեն անգամ, երբ որեւէ տեղ արցախցի մեր հայրենակցի եմ հանդիպում ու հարցնում  եմ՝ Արցախի՞ց եք, խեղճ մարդիկ սկսում են արդարանալ ու հերքել արցախցիների մասին տարածված զզվելի միֆերը՝ այդ թվում՝ «ջուր ուզեցի, չտվին»-ը: Մի բան փաստ է՝ նրանք այսօր  ոչ միայն անտարբերության են մատնված, այլեւ նրանց հանդեպ զզվելի ատելություն է գեներացվում:

Վերջերս բոլորս ականատես եղանք, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տունը տենչացող արցախցի լրագրողի երեսին ինչպես շպրտեց՝ մնայիք պահեիք արտահայտությունը, այն դեպքում, երբ իրենց իշխանության՝ զրոյական կետից սկսելու, ապաշնորհ քաղաքականության  ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում են այդ մարդիկ հայրենազրկվել, ցեղասպանության ենթարկվել Ադրբեջանի կողմից:

Այս իշխանական խմբակի ներկայացուցիչները, նրանց ընտանիքների անդամներն ու իրենց ֆեյքերը լծված են արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածելու գործին: Օրերս ամուսնուն ԱԺ-ում իր օգնական ձեւակերպած  ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն էր հեգնել՝ «Ղարաբաղցի՞ ես, թե հայ», մի կին  ֆեյսբուքում գրել էր, որ նզովում է  «ղարաբաղցի բաջիներին», մեկ ուրիշը՝ թե արցախցիները թուրքից վատն են: Ու քանի որ  նմանները երբեք պատասխանատվության չեն ենթարկվում, ամրապնդվում է այն տպավորությունը, որ արցախցիների հանդեպ ռասիստական վերաբերմունքը  հատուկ խրախուսվում է «վերեւներում»:

Ֆեյսբուքում Արցախի ու արցախցիների մասին ցանկացած հրապարակման տակ բուսնում են ինչ-որ օգտատերեր ու սկսում վիրավորական արտահայտություններ գրել: Դրանց մի մասը ազգությամբ ադրբեջանցիներ են, մեծ մասը ֆեյքեր կամ մարդիկ, որոնք ՔՊ-ականների թեմայով հրապարակումներ են կիսել իրենց էջերում կամ նկարներ ունեն ՔՊ-ական քիչ թե շատ հայտնի անձանց հետ: Ցավոք, այսօր արցախցիները ծանրագույն պայմաններում են ապրում, իսկ ՀՀ իշխող վերնախավը, նրանց կանայք, մերձավորները օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից, ճոխ ուղեւորություններ կատարում, առանձնատներ գնում կամ կառուցում:

Առանց արցունքների հնարավոր չէր դիտել օրերս «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը՝ առանց գազի, լույսի, ջրի Դիլիջանի չգործող գիշերօթիկ դպրոցում ծվարած  ու անմարդկային պայմաններում ապրող արցախցիների, մասնավորապես՝ Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդու՝ Կարենի մասին: Հայրենազրկված մարդն ասում է, որ անգամ ցանկացել է նետվել Ստեփանակերտի իր բնակարանի 8-րդ հարկից, երբ իմացել է, որ պետք է լքի տունն ու Արցախը: Տեսանյութում նա երգում է Արցախի օրհներգը՝ արտասվաթոր աչքերով, ու ասում է, որ Արցախից տեղահանվելուց հետո ուրախ օր չի ունեցել, եւ գուցե ճիշտ կլիներ, որ նետված լիներ իր բնակարանի պատշգամբից:

Վերջերս էլ  Նոր Հաճնում Արցախից տեղահանված մեկ այլ հայրենակցի մարմին էին գտել՝ շենքի բակի զրուցարանի տանիքից կախված: Ասում են՝ պատերազմի մասնակից էր,  որդուն կորցրել էր պատերազմում:

Այս ծանր դրվագները կարծես չեն անդրադառնում  Արցախը Ղարաբաղ արտասանող իշխող ուժի ներկայացուցիչների վրա: Օրինակ, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն իր կնոջ ծննդյան տարեդարձն է նշում, որի նկարները հայտնվում են ինստագրամում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժպտադեմ նկարներ է հրապարակում Իտալիայից, Նիկոլ Փաշինյանն ու կողակիցը ընտանեկան փոդքաստ ու նորաձեւ կրթության արշավ են վարում, Դավթաշեն վարչական շրջանի ՔՊ-ականները փուչիկներով ու կարմիր զգեստներով Վալենտին են նշում, ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հայհոյում են միմյանց՝ սովորականի նման, իսկ  ծննդով արցախցի որոշ պաշտոնյաներ ու զինվորականներ լռում են: Եվ մնում է Արցախից տեղահանված հայությունը իրավազուրկ, իր հոգսի, անհուսության, ցավի հետ միայնակ՝ պատերազմում կորցրած որդիների, հայրերի, ամուսինների ու հարազատների  շիրիմներից հեռու, ահագնացող «ժանտախտի»  ժամանակ խրախճանքներին դեմ հանդիման:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728