Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտով լի հայացքներ, ծափերից թնդացող լեփ-լեցուն դահլիճ․ աճեմյանցիները Կալիֆոռնիայում են

Փետրվար 23,2025 21:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը փետրվարի 17-ից հյուրախաղերով ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում է, երեկ իր առաջին ներկայացումն է խաղացել հայ հանդիսատեսի համար՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»։ Դերակատարները Գյումրու թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանն են։

Այն խաղացել են Փասադենիայի «AGBU PERFORMING ARTS CENTER» սրահում։

Տոմսերն ամբողջապես սպառված են եղել։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ին պատմեց իր տպավորությունների մասին։

«Դահլիճը լեփ-լեցուն էր․ մեծամասամբ երիտասարդներ էին, ներկայացումը շատ լավ ընդունվեց, և առաջարկ եղավ այն մեկ անգամ ևս խաղալ։ Այն կխաղանք մարտի 9-ին։

Գիտեք, մեծ թվով գյումրեցիներ են բնակվում Կալիֆոռնիայում, ու մենք պատկերացնում էինք, թե հանդիսատեսի շարքերում միայն գյումրեցիների պիտի տեսնեինք, բայց ի ուրախություն մեզ՝ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ էին, ովքեր երկար տարիներ ապրում են ԱՄՆ-ում ու եկել էին սրտի կարոտով ներկայացումը դիտելու։

Ինչո՞վ է առանձնահատուկ այս ներկայացումը․ Հայաստանից հիմնականում գալիս են ԱՄՆ՝ կատակերգություններ, ավելի թեթև ժանրի ստեղծագործություններ ներկայացնելու, բայց սա խորհելու, մտածելու առիթ է տալիս, ռոմանտիկ ներկայացում է։ Հանդիսատեսը գոհ մնաց այս ժանրի ներկայացումից։Ջերմ ընդունելության արժանացավ։

Մարտի 2-ին թատրոնի ստեղծագործական մյուս խումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը և Դիանա Մացոյանը՝ թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանի գլխավորությամբ, կմիանան մեզ։

Մարտի 2-ին նույն սրահում կխաղանք Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը՝ «Սիրո Քասթինգ» կատակերգությունը, վստահ ենք, որ այն ևս շատ ջերմ ընդունելության է արժանանալու»։

Թատրոնի տնօրենի կողմից մեզ տրամադրած լուսանկարներից երևում է, որ դահլիճում ազատ տեղեր չկան, հանդիսատեսն ակնապիշ նայում է։

Թատրոնի անձնակազմը պատրաստվում է հանդիպել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ, հյուպատոսն է հրավիրել նրանց։

Պատրաստվում են հանդիպել նաև Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ։

Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնին՝ ԱՄՆ հյուրախաղերով հանդես գալու համար աջակցել էին ԿԳՄՍ նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որոշակի ծախսեր հոգացել է հրավիրող կողմն ու թատրոնի անձնակազմը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728