Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը
Երբ Արցախից բռնի տեղահանման առաջին օրերին, շաբաթներին, ամիսներին սոցցանցային մակարդակով ահռելի ալիքով հորդում էին տարատեսակ օգնությունների նախաձեռնությունները, մի գրառում արեցի, որ այդ նախաձեռնությունների ողջունելիությամբ հանդերձ, բռնի տեղահանված արցախահայության հարցը իր բնույթով ու մասշտաբով այնպիսին է, որ այդ հարցում անփոխարինելի է պետական մակարդակը:
Օգտատերերից շատերն արձագանքում էին, թե ինչո՞ւ եմ դժգոհում հասարակական օգնության այդ ակտիվությունից: Մինչդեռ խնդիրը ոչ թե հասարակական օգնության ակտիվ ռեժիմն էր, այլ պետական աշխատանքի գործնականում համակարգված եւ ինստիտուցիոնալ ռեժիմի բացակայությունը:
Ավելին, շատ մեծ հասարակական մակարդակը նույնիսկ ակամա ստեղծեց էմոցիոնալ մի այնպիսի ֆոն, որ շատ դեպքերում պետական մակարդակի հարցը մնաց նույնիսկ «անտեսված»:
Կարդացեք նաև
Հետո այդ էմոցիոնալ ֆոնը նստեց, սոցցանցային ակտիվությունը օբյեկտիվորեն, բնականորեն մարեց, ու պարզվեց, որ «տակը մնացել» է տասնյակ հազարավոր մարդկանց սոցիալ-հոգեբանական խնդիրների մի հստակ շերտ, որով զբաղվող, ըստ էության, չկա:
Որովհետեւ դրանով կարող է զբաղվել միայն պետական մեքենան՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով:
Նախօրեին մեծ տարածում ստացավ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը Դիլիջանում անմարդկային պայմաններում գոյատեւող արցախցիների մասին: Եվ դա՝ նրանց բռնի տեղահանումից գրեթե մեկուկես տարի անց: Մեկուկես տարին բավարար էր, որ այդ մարդիկ գոնե կարողանային տեղավորվել նվազագույն կենսամակարդակ ենթադրող պայմաններում՝ ունենալով նվազագույն մարդկային կարիքները բավարարող կենսապայմաններ:
Հասարակական կարեկցանքը, օգնության հասնելու պատրաստակամությունը շատ լավ հատկանիշներ են, բայց դրանք չպետք է զարգանան պետական ինստիտուտների հանդեպ քաղաքացիական վերահսկողության թուլանալու հաշվին:
Պետությունը մեխանիզմ է, որ հանրությունները ստեղծում են հենց այդ խնդիրները պատվիրակելու համար: Երբ հանրությունն է զբաղվում այդ խնդիրներով անմիջապես, ուրեմն պետական մեխանիզմը չի աշխատում: Իսկ հանրային ինքնագործունեության մեխանիզմը չի կարող պետականին փոխարինել երբեք, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
Հետեւաբար, խնդիրների լուծման էֆեկտիվության հիմքը հասաակական ինքնագործունեության անգամ գերակտիվ ու գերբարձր ռեժիմը չէ, որովհետեւ դա այդուհանդերձ խիստ սահմանափակ ռեսուրս է, այլ պետական ինսստիտուտների հանդեպ քաղաքացիական արդյունավետ վերահսկողությունը:
Հիմա, օրինակ, դարձյալ բնականաբար կգտնվեն բարի եւ կարեկից մարդիկ, որոնք կարձագանքեն եւ կօգնեն լուծել ծանր պայմաններում գոյատեւող մարդկանց խնդիրները: Գուցե ռեպորտաժից հետո մի քիչ էլ կշարժվեն պետական կամ համայնքային կառույցներ, ու դա լավ է, բայց հարցը, ցավոք, շարունակելու է մնալ, որովհետեւ կյանքը շարժվում է արագ, հետեւաբար արագորեն ավելանում են ու առաջ գալիս խնդիրները, բայց դրանց լուծումը շարունակում է մնալ առավելապես հասարակական ինքնագործունեության հույսին: