Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ չի՞ լինի ձեզ։ Նման բաները մեկ անգամ են արվում». Անդրեյ Բիտովը՝ Հայաստանի հին ու նոր դասերի մասին

Փետրվար 23,2025 18:46

 (Արմեն Դուլյանի հարցազրույց-ռադիոռեպորտաժը Անդրեյ Բիտովի հետ՝ «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի գրասենյակում. հեռարձակվել է 2002թ. մայիսի 26-ին

Հայերի բախտը գոնե մի անգամ բերեց. 60-ականների վերջին Անդրեյ Բիտովը, որն այն ժամանակ լայն ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, բայց իշխանություններին հայտնի էր իր անհնազանդությամբ, ուզում էր գրել Ճապոնիայի մասին, բայց անհնազանդ գրողին այն ժամանակ այդքան հեշտ չէին թողնում Ճապոնիա, և Անդրեյ Բիտովը եկավ Հայաստան ու գրեց «Հայաստանի դասերը»։ Ի՞նչն էր առիթը.

«Այն, որ ես «նեվիեզդնոյ» մարդ էի, ինձ Ճապոնիա չթողեցին, ու ես մեկնեցի Հայաստան»։

Եվ այսպես, Անդրեյ Բիտովն իր գրքով հայտնի դարձրեց Հայաստանը, և քանի որ այդ գիրքը լայն ճանաչում ստացավ, կարելի է ասել, որ Հայաստանն էլ հայտնի դարձրեց Բիտովին։ Բայց որտեղի՞ց այս ընտրությունը՝ Հայաստան։ Ամեն ինչ սկսվեց Մոսկվայի մի հրաշալի հաստատությունից, որը կոչվում էր Բարձրագույն սցենարական կուրսեր, որտեղ, ինչպես վերհիշում է Անդրեյ Բիտովը, ուսանողներին ամսական հազար սովետական ռուբլի էին տալիս (հին փողով) և առանձին սենյակ, ցույց էին տալիս արտասահմանյան բոլոր այն կինոնկարները, որոնք հասարակ քաղաքացու համար արգելված էին։ Այդ հաստատությունում Բիտովը սովորեց 65-ից 67 թվականներին, և հիմա այն անվանում է «կայսրության ինստիտուտ». ինչո՞ւ։

«Այդ կուրսերը միշտ ցանկացել են փակել, բայց եղավ այնպես, որ Սովետական իշխանության 50-րդ տարեդարձի նախօրեին մեր հնարամիտ տնօրենը մի գաղափարական «տրյուկ» արեց՝ որոշելով, որ այլևս չի ընդունելու Մոսկվայի ու Լենինգրադի լիբերալիզմի և ազատամտության օրրաններից եկածներին, այլ միայն՝ միութենական հանրապետություններից դիմորդներին»։

Եվ այդ հնարքը գործեց. Բարձրագույն սցենարական կուրսերը փրկված էին։ Սկսեցին ժամանել խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչները. Անդրեյ Բիտովը հոռետեսորեն էր տրամադրված։ Կարծում էր, թե ընկնելու է գավառական խորը խավարի մեջ, մի քիչ դառնացած էր, չնայած մտածում էր, որ իրեն ոչ էլ կընդունեն,քանի որ ինքն ազատամիտ Լենինգրադից էր։ Այո՛, Բիտովը ծնվել է այդ քաղաքում, 1937 թվականի մայիսի 27-ին, այսինքն, վաղը լրանում է նրա 65-ամյակը (այսինքն, նյութի հեռարձակման հաջորդ օրը,-խմբ.)։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, երբ գերմանացիները պաշարեցին Լենինգրադը, մայրը Անդրեյին դուրս բերեց Լադոգա լճի սառցի վրայով. այն  ժամանակ դա կոչվում էր կյանքի ճանապարհ։ Իսկ 44-ին, երբ նրանք վերադարձան, Լենինգրադում սկսեցին գրական խմբակներ կազմավորվել։ Պատանի Բիտովը շատ էր ուզում դրանց մասնակցել, բայց ինքը դեռ չէր գրում և դիմեց խորամանկության՝ վերցրեց եղբոր բանաստեղծությունները ու ներկայացրեց որպես սեփական ստեղծագործություններ։ Հետո միայն, երբ Բիտովն ինքը սկսեց բանաստեղծություններ գրել, պարզվեց, որ դրանք եղբորինից շատ ավելի լավն էին։

Բայց դառնանք Բարձրագույն սցենարական կուրսերին։ Այն ժամանակ անհայտ էին այն մարդկանց անունները, որոնք խորհրդային հանրապետություններից ժամանել էին Մոսկվա՝ սովորելու։ «Հիմա, երբ հանրապետություններն անկախ երկրներ են դարձել, այդ մարդիկ՝ 30 տարի անց, իրենց երկրների զարդն են»,- ասում է Բիտովը։ Իսկապես, տեսե՛ք ում հետ է սովորել Բիտովը։ Հրանտ Մաթևոսյանը ներկայացնում էր Հայաստանը, Ռեզո Գաբրիաձեն ներկայացնում էր Վրաստանը, Ռուստամ Իբրագիմբեկովը ներկայացնում էր Ադրբեջանը, Թիմուր Բուլատովը ներկայացնում էր Ուզբեկստանը…

Բայց նրանցից հենց Հրանտ Մաթևոսյանն էր, որը դեր խաղաց Բիտովի ստեղծագործական ճակատագրում և փաստորեն կանխորոշեց «Հայաստանի դասերի» ծնունդը։

«Ահա՛, Հրանտ Մաթևոսյանի հետ այդ ընկերությունն էլ, որը սկիզբ էր առել կինոդիտումների ժամանակ, ինձ գործնականում առաջնորդեց Հայաստան»։

 

Անդրեյ Բիտովը գրախոսություն գրեց Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» գործի մասին, որն, ինչպես ինքն է շեշտում, «փայլուն թարգմանել էր Անահիտ Բայանդուրը և բավական լավ էր հնչում»։

Այն տարիներին առանձին նշանակություն էին տալիս մոսկովյան գրախոսություններին։ Գրախոսությունը բոլորին դուր եկավ և ինչ-որ չափով ճանապարհ բացեց նաև Հրանտ Մաթևոսյանի առջև, որն այն ժամանակ որոշակի խնդիրներ ուներ, քանզի նրա ստեղծագործությունը միանշանակ չէր ընդունվում։

«Կարճ ասած, իմ գրախոսությունը դուր եկավ հայերին»։

Այդպես պատահեց, որ «Լիտերատուրնայա գազետա» թերթը Բիտովին գործուղեց Հայաստան, ինչի արդյունքում էլ ծնվեց հիմա արդեն հայտնի դարձած գիրքը։

Համաձայնե՛ք, գիրքն, այսպես ասած՝ շատ բարյացակամ է, հայերի համար շահեկան։ Ոչ բոլոր դեպքերում է, որ որևէ ազգի մասին ռուս գրողի որևէ գործ այդ ազգին դուր է եկել։ Վիկտոր Աստաֆևն, օրինակ, Վրաստանի մասին գրեց, որից հետո վրացի գրողներն ի նշան բողոքի դուրս եկան Սովետական գրողների միության՝ Մոսկվայում կայացած համագումարներից մեկից։

Արդյոք Բիտովն ինչ-որ տեղ չի՞ գունազարդել Հայաստանի այն ժամանակվա իրականությունը։

«Ես գեղարվեստի՛ մարդ եմ»։

Բիտովը վերհիշում է, որ այն ժամանակ ինքը որպես ռուսաստանցի գրող, ուզում էր որևէ ուրիշ երկրի մասին գրել. այդ երկիրը կարող էր լինել Անգլիան, Ճապոնիան, բայց եղավ Հայաստանը։

«Հայաստանն ինձ համար կատարեց «ուրիշ երկրի» դերը»։

Այո՛, Անդրեյ Բիտովն ընդունում է, որ հայաստանցիներն էլ իրենց յուրահատկություններն ունեն, օրինակ՝ փակվածությունը, կղզիացած լինելը…

«Շատ անեկդոտներ կան Հայաստանի նավատորմի նախարարության մասին, բայց, դրանով հանդերձ, այն կղզի է, քրիստոնեությա՛ն կղզի»։

Այդ քրիստոնեական կղզյակից Բիտովը մոդել կերտեց, և Բիտովի բարեկամ Հրանտ Մաթևոսյանի շնորհիվ է, որ ռուս գրողը հենց այդպիսին տեսավ Հայաստանը։

«Ես հայտնվեցի այլ երկրում, ես պատկերեցի այդ այլ երկիրը։ Ըստ էության, ես երկրի մակետը ստեղծեցի։ Իսկ որ այդ երկիրը Հայաստանը դուրս եկավ, երևի մեծավ մասամբ Հրանտի՝ իմ ընկերոջ շնորհիվ էր։ Այսինքն, ես շփվում էի լավագույն Հայաստանի հետ. նա հոգո՛ւ կողմն էր ցուցադրում…Իհարկե, ծիծաղի առիթներ էլ կային՝ Նապոլեոնը հայ է, Լեոնարդո դա Վինչին գմբեթ կառուցելը հայերից է սովորել, և այլ նման հայտնի բաներ։ Գիտեմ, որ դա ինչ-որ տեղ պաշտպանիչ է, չնայած դրա վրա կարելի էր ծիծաղել, բայց տպագրել՝ ոչ»։

«Դրուժբա նարոդով» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Բարուզդինն էլ ուրիշ բանից էր դժգոհ՝ գրել ես Սովետական Հայաստանի մասին, բայց ոչ մի տեղ չկա սովետական բառը»։ Եվ Բիտովը ինչ-որ չափով անսաց խմբագրի հորդորին, մի-երկու տեղ սովետական բառն ավելացրեց։

«Ես հիշում եմ, եմ, թե որտեղ եմ ավելացրել այդ բառերը. Մի անգամ՝ Սովետական Հայաստան, մի անգամ էլ՝ սովետական կոնյակ…»։

Բայց խմբագիրն էլի դժգոհ էր.

«Նրա համար դարձյալ քիչ էր։ Ես ծնվել եմ, երբ սովետական իշխանությունը 20 տարեկան էլ չկար… Դա կտրականապես չէր կարելի։ Պետք էր ասել, որ այն միշտ է եղել, հավե՛րժ»։

Բիտովը նաև հիշում է, թե ինչպես էին հասարակ հայաստանցիներն իրենք իրենց պաշտպանում սովետական խորհրդանիշներով։

«Ես չգիտեմ, թե որքանով հայերեն գիտեմ, բայց 50 թվանշանը գիտեմ։ Իսկ դա տպավորվել է, քանի որ Հայաստանը հանրապետությունների միության 50-ամյակն էր տոնում։ Ես շատ արագ հասկացա, որ այնտեղ, որտեղ պետական հաստատություն էր, այնտեղ դա չկար, բայց որտեղ փոքրիկ կրպակ էր, այնտեղ արդեն այդ պաշտպանական բանը կար»։

Այսինքն, պետական հիմնարկը գաղափարապես պաշտպանվելու կարիքը չուներ. բոլորը գիտեին, որ սովետական հիմնարկ է, իսկ հասարակ կրպակում աշխատողը հատուկ էր տեղադրում այդ խորհրդանշանը, որպեսզի Աստված չանի՝ հանկարծ չկարծեին, թե ինքը սովետական գաղափարախոսությունը չի կիսում։ Բայց այդ ամենը դետալներ են, հիմնականը, ինչ արեց Բիտովն իր գրքով, սա է՝ լսելի դարձրեց Ցեղասպանության խնդիրը։

«Չնայած այդ գիրքն արդեն դիմացել է ժամանակի փորձությանը, նրա հիմնական հաջողությունը Հայաստանում այն պատճառով էր, որ ես բարձրաձայնեցի Ցեղասպանության մասին»։

Կար նաև գրաքննության խնդիր. հայաստանցի մի նախարար հատուկ մեկնել էր Մոսկվա.

«Կարծեմ՝ մշակույթի նախարարն էր։ Ժամանել էր, քանի որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը մտահոգ էր, թե ինչպես եմ նրան լուսաբանել։ Մի խոսքով, եղել են նման բաներ»։

Իսկ ընդհանրապես, Բիտովի համար ավելի կարևոր էր հոգին, քան ճշմարտությունը.

 «Իսկ հոգու առումով ես ճշմարտացի էի»։

Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից մեջբերում. «Ես շատ քիչ գիտեմ Հայաստանը և որևէ հավակնություն չունեմ։ Ես իմ ակնարկը կանվանեի «Հայկական պատրանքներ», եթե այն արդեն վերնագրած չլինեի։ Սիրով եմ պատկերել և իդեալական եմ պատկերել ինձ օտար երկիրը։ Ախր, չէ՞ որ ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանն եմ ես սիրում։ Ամեն դեպքում, եթե ես նորից ծնվեի, եթե հայ ծնվեի քո հողի վրա, ես քեզ՝ հայրենիքս, խենթի պես կսիրեի»։

Ի դեպ, «Հայաստանի դասերը» գիրքը, որը հրատարակվել է 1969 թվականին, մինչև հիմա էլ հետաքրքրություն է առաջացնում ամենատարբեր երկրներում։ Գերմանիայում, օրինակ, այն վերահրատարակել են մի քանի անգամ։ Ընդ որում, մեկ թարգմանությամբ չեն բավարարվել, իսկ նման բան հազվադեպ է պատահում։ Արդյոք շատե՞րը գիտեն, որ «Հայաստանի դասերը» գիրքը, այսպես ասած՝ շարունակ զարգանում է։ Այսինքն, Բիտովը այն ժամանակվա՝ 69 թվականի տեքստին անընդհատ նոր վերջաբաններ է ավելացնում։

«Եվ վերջին աշխատանքը, որը բառացիորեն ամռանն եմ արել, «Հայաստանի դասերի» հերթական վերջաբանն էր։ ԽՍՀՄի փլուզումն արձանագրեցի»։

Լավ, իսկ մտադրություն չկա՞ արդյոք պարզապես նոր գիրք գրելու, որն այդպես էլ կկոչեր՝ «Հայաստանի նոր դասերը».

«Շատ չի՞ լինի ձեզ»… (ծիծաղով,-խմբ.)։

Իսկապես, շատ չի՞ լինի, ռուս գրողից, որը հիմա դասվում է 20-րդ դարի ռուս դասականների շարքին, պահանջել ևս մեկ գիրք գրել հայերիս մասին.

«Ռուս գրողը՝ առավել ևս ռուս մեծ գրականության ավանդույթների հավակնություններ ունեցողը, ամեն բան անում է մեկ անգամ ու մեկընդմիշտ»։

Այո՛, երբ հրատարակվեց Բիտովի գիրքը, մնացած հանրապետությունների ներկայացուցիչներն էլ սկսեցին թախանձագին խնդրել՝ մեր մասին էլ, մեր մասին էլ գրեք.

«Բոլորին դուր էր եկել, երևի ազգային նյարդ էի շոշափել, ազգայինն այդ ժամանակ կուտակվում էր բոլոր անկյուններում»։

Արտասահման գնալու հնարավորությունից զրկված Բիտովը շրջում էր Խորհրդային Միությունով և կանխազգում, որ ամեն ինչ փլվելու է, միայն ղեկավարները դա չէին զգում։

«Դա տեղի էր ունենում ձեր հանրապետություններում։ Ես հենց այդ էի ուսումնասիրում՝ զրկված աշխարհով մեկ ճամփորդելու հնարավորությունից, ուսումնասիրում էի կայսրությունը, և գիտեի, որ այն փլուզվելու է։ Փլուզվելու է, որովհետև տեսնում էի։ Միայն «գենսեկները» կարող էին այնքան անգրագետ լինել, որ զարմանային, երբ այն փլուզվեց»։

Էհ, կրկին փաստենք, որ հայերիս բախտը պարզապես բերեց։

«Մի՛շտ։ Մի՛շտ»…

Բայց չէ՛, միայն բախտն ու Հրանտ Մաթևոսյանը չէ, որ դեր խաղացին։

«Հնարավոր է, որ օդում կախված էր մի բան, որը կոչվում է սոցիալական պատվեր։ Ես ինձ միշտ համարել եմ ազատ արվեստագետ, երբեք չեմ հետևել պատվերային որևէ տրամաբանության, բայց այստեղ զգացի, որ ինձ էներգիա է ներարկվում»։

Բայց համաձայնե՛ք, Միության փլուզումը մեծ դեր խաղաց կոնկրետ գրողների ստեղծագործական ճակատագրում։ Վերցնենք, օրինակ, Հրանտ Մաթևոսյանին. ոչինչ չի գրում Սովետական Միության փլուզումից հետո.

«Դուք չգիտեք։ Երբ գրողը գրում է, ոչ ոք երբեք դա չի տեսնում…Չի հրատարակվում՝ լրիվ ուրիշ բան է, դա չի նշանակում, որ նա չի գրում»։

Միգուցե իրոք, լրագրողն իրավունք չունի դատելու գրողի աշխատանքի մասին, որովհետև, ինչպես ասում են՝ սար ու ձոր է։

«Ես հարգում եմ ձեր աշխատանքը, ինչ որ անում եք, անում եք փայլուն մակարդակով, բայց նա գրող է, որը հենվել է Լև Տոլստոյի վրա՝ լինելով հայ գրող, ռուս և համաշխարհային գրականության մեջ հայ արձակն է սերմանել (Հայաստանը պոեզիայով էր ուժեղ)…»

Բիտովը նաև հիշում է, թե որքան մանրակրկիտ էր աշխատում Հրանտ Մաթևոսյանը։

«Ես՝ մե՛կ, ու դուրս էր ժայթքում ստեղծագործությունս։ Նա երկար ժամանակ կրում էր այն, գրում էր, արտագրում էր ամեն մի էջը»։

Գրողները նաև այլ պատճառներով են դադարում գրել, պարզապես մտնում են քաղաքականություն։ Կա դրա նաև հակառակ տարբերակը։ Օրինակ, Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը, որի ստեղծագործությունները մինչև այժմ բեմադրվում են Պրահայի թատրոններում, դարձավ նախագահ։ Բայց կա նաև Հայաստանյան տարբերակը, երբ Վանո Սիրադեղյանը թողեց իր գործը, տարբեր պաշտոններ զբաղեցրեց, և ի վերջո, այժմ փնտրվում է Ինտերպոլի կողմից։ Վանո Սիրադեղյանի մասին Բիտովը լսել է, որ շատ տաղանդավոր գրող էր։ Ինչ վերաբերում է նախագահներին, ապա նրա կարծիքով, լավ նախագահներ ընդհանրապես չեն լինում։ Իսկ այն, որ Սիրադեղյանին Ինտերպոլն է փնտրում, Բիտովի համար մեծ նշանակություն չունի։ Ի՞նչ երաշխիք, որ վաղը Ինտերպոլը չի փնտրելու նրանց, ովքեր այսօր Ինտերպոլով փնտրում են Վանո Սիրադեղյանին։

«Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, գնդակահարեցին խորհրդարանը…Եվ բոլորն իրար թշնամի դուրս եկան»։

Անդրեյ Բիտովը, որին սովետամետ լինելու մեջ ոչ ոք չի կարող մեղադրել, նույնիսկ Բրեժնևի մեջ է լավ գծեր տեսնում. ո՞վ գիտի, միգուցե հենց գիտակցորեն էր այդ մարդը ամեն ինչ տանում դեպի փլուզում։

-Իսկ ձեզ հալածանքների ենթարկե՞լ են։

«Ոչ այնքան ծանր։ Ինձ թույլ չէին տալիս մեկնել արտասահման և ինձ չէին տպագրում»։

Անդրեյ Բիտովը, ի դեպ, նույնիսկ մտադիր էր բազմասերիանոց կինոնկար նկարահանել, որը պիտի կոչվեր «Բարության կայսրություն»։ Եվ սա այն տերության մասին, որը Ռեյգանն անվանում էր «Չարիքի կայսրություն»։

«Իսկապես, այդ կայսրությունն, այնուամենայնիվ, մոտեցնում էր ժողովուրդներին։ Ամուսնանում էին, առևտուր էին անում միմյանց հետ, վերջապես միասին պարզապես նստում, խմում էին։ Ու դա իրոք ջերմացնում էր. դա անմարդկային համակարգի մարդկային դեմքն էր»։

Բայց վերադառնանք «Հայաստանի դասերին»։ Բիտովն արդեն 7 նոր վերջաբան է գրել։ Լավ, մի՞թե Հայաստանում ոչ ոք հետաքրքրված չէ։ Պարզվում է՝ ոչ մի առաջարկ էլ գրողը չի ստացել, թեև իր կողմից պատրաստ է ամեն ինչ անել գրքի վերահրատարակումը կազմակերպելու համար։

«Սա արդեն սովետական, գուցեև ասիական արատ է»։

Այո, միգուցե մենք իրոք ասիացի ենք, ինքներս ոչինչ չենք անում, նստում, բողոքում ենք։

Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից մեջբերումԵթե ես հայ եմ, ասում է ընկերս, ուրեմն ես հայ եմ և ոչ՝ ուրիշ որևէ մեկը։ Հետո շարունակում է՝ հիմքեր ունե՞մ որևէ ազգի սիրելու այնպես, ինչպես իմը։ Չունե՛մ։ Այդ դեպքում, ունե՞մ իրավունք որևէ ազգի մյուսից բարձր դասելու։ Երբե՛ք։ Չի՛ կարելի հայամետ լինել, եթե հայ չես՝ այնպես, ինչպես չի կարելի հայատյաց լինել։ Իսկ վերջում ընկերս ինձ ասում է՝ ահա դու հայամետ ես դարձել, իսկ դա լավ չէ»։

Եվ վերջապես, հարգելի՛ ունկնդիրներ, Անդրեյ Բիտովը դիմում է ձեզ, ասենք՝ չէ՛, բոլոր հայաստանցիներին է դիմում.

«Մի՛ ասեք, որ  երեկ լավ էր. հիշե՛ք, թե ինչ վատ էր երեկ, ու ապրեք համբերությամբ, որը ժառանգել եք սերունդներից։ Եթե դուք ողջ եք ու առողջ, եթե անելու բան ունեք, մեծացնելու երեխաներ ունեք, դրանով էլ զբաղվե՛ք։ Ամեն մարդ կարող է մարդավարի ապրել։ Իսկ եթե սպասեք, թե վերևից ինչոր բան կգա, դա էլ հենց ստրկությունն է։ Համբերո՛ղ եղեք»։

 

Արմեն Դուլյան,Ազատություն ռադիոկայան

(Ռադիոռեպորտաժում Անդրեյ Բիտովից ուղիղ մեջբերումները ռուսերեն են, գրքից երկու մեջբերումների ընթերցումը ռեպորտաժում, ինչպես նաև Արմեն Դուլյանի մահից հետո տեքստի սղագրությունը և վերնագիրը՝ Ռուզան Խաչատրյանի (2025թ.)։ Ռադիոռեպորտաժի՝ կից ձայնագրության որակը տուժել է ֆայլն ավելի սեղմ ձևաչափով պահպանելիս)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728