Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանի դեմ հարուցված այս մեղադրանքը զուրկ է իրական և տրամաբանական որևէ հիմքից․ «Միասին»

Փետրվար 23,2025 10:10

«Միասին» շարժման հայտարարությունը

«Միասին» շարժումն իր տարակուսանքն ու դատապարտումն է հայտնում հասարակական – քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված անըմբռնելի քրեական գործի առիթով։ Իր ընդդիմադիր, հաճախ ծաղրահումորային, բայց մշտապես գրական լեզվի բառապաշարի սահմաններում քննադատությամբ հայտնի Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔրՕր-ի 490 հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը` կապված նրանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։

Սույն ենթակետով հանցանքը «պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Դատարանում արդեն ներկայացվել են Էդգար Ղազարյանի ընդդիմադիր ելույթներից աչառու կտրատված ինչ-ինչ հատվածներ։

«Միասին» շարժումն արձանագրում է, որ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված այս մեղադրանքը զուրկ է իրական և տրամաբանական որևէ հիմքից․ քաղաքացու ազատ կամարտահայտությունը ճնշելու, նրան ահաբեկմամբ լռեցնելու ակնհայտ փորձ է։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների և ՍԴ նախագահի մասին հայտնի գործչի հնչեցրած արտահայտությունները ոչ թե խոչընդոտում են նրանց օրինական մասնագիտական և ծառայողական գործունեությանը, այլ, ընդհակառակը, կոչ են անում պետության վճռորոշ այս ատյանի դատավորներին կատարել օրենքով իրենց վերապահված պարտքը և թույլ չտալ Հայաստանում շարունակաբար ոտնահարել սահմանադրական կարգը։

«Միասին» շարժումը պահանջում է անհապաղ դադարեցնել հակաժողովրդավարական և հակասահմանադրական այս քրեական հետապնդումը, քաղաքական ընդդիմադիրների հալածանքն ու ահաբեկումը։ Հայաստանում բռնապետություն հաստատելու և «վհուկների որսի» իշխանության փորձերը ձախողվելու են։

«Միասին» շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728