Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից․ «Հայացք Երևանից»

Փետրվար 23,2025 10:00

Տգեղ երեւույթ է, երբ մարդ չի գտնում իր տեղը կյանքում՝ ընդհանրապես, եւ նախընտրած աշխատանքային գործունեության մեջ՝ մասնավորապես: Տուժում է ե՛ւ մարդը, ե՛ւ ոլորտը, որտեղ նա աշխատում է: Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից, ինչը նշանակում է կադրերի ընտրության, տեղաբաշխման եւ վերապատրաստման սկզբունքների քամահրում, առաջատար մասնագետների կերպարի նսեմացում: Լավ կյանքից չէ, որ ճարտարագետի բարձրագույն կրթության դիպլոմը գրպանում անձը հարկադրված է տաքսու վարորդ աշխատել կամ մանկավարժականը փայլուն ավարտած մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչը՝ չիր ու ընդեղեն վաճառել շուկայում:

Օրեր առաջ Երեւանի պետհամալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել Մայր բուհի ամբիոնների վարիչների թափուր տեղերի համար մրցակցային ընտրություններ անցկացնելու մասին: Լրագրության ֆակուլտետի Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի ղեկավարի թափուր տեղի համար միակ թեկնածուն նույն բուհում ժամավճարով աշխատող դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Նա էլ, ըստ երեւույթին, «անախոյան» մրցույթի արդյունքում կգլխավորի վերոնշյալ ամբիոնը, որը 2021թ. նոյեմբերից վարիչ չունի: Տարոնը միաժամանակ լայն ճանաչում ունեցող հանդիսավար է՝ թամադա:

Բանասեր գիտնականը թամադայությունից ստացվող գումարով ջանում է ինչ-որ կերպ համակշռել, լրացնել դասախոսի համեստ աշխատավարձը եւ հոգալ ընտանիքի հարաճուն կարիքները: Aravot.am-ը նրանից հետաքրքրվել է՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր աշխատանքը դասավանդման եւ ամբիոնի ղեկավարման հետ: Դանիելյանի խոսքով՝ հանդիսավարությունը գիտությամբ ու դասախոսական գործունեությամբ զբաղվելուն երբեք չի խանգարել: Իսկ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թամադայի գործով զբաղվել միայն շաբաթ եւ կիրակի օրերին:

Ամեն դեպքում երկրորդ աշխատանքից չի ուզում հրաժարվել եւ չի էլ կարող, քանի դեռ պետությունն արժանվույնս չի գնահատում գիտության, կրթության, արվեստի, մշակույթի ու հումանիտար թեքումով այլ հաստատությունների աշխատողների գործունեությունը եւ կատարած աշխատանքի դիմաց նրանց պատշաճ չափով չի վարձատրում: Կադրային քաղաքականության աղետալի վիճակի մասին է վկայում այն փաստը, որ պետական համակարգում պատասխանատու առաքելություն իրականացնող պաշտոնյան՝ տվյալ դեպքում ԵՊՀ ամբիոնի ղեկավարը, ստիպված է ապավինել կողմնակի վաստակին, այսինքն՝ հեշտ ձեւով փող աշխատելու ճարպկությանը, ինչը լավ մասնագետի համար ինչ-որ առումով նվաստացուցիչ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728