ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը սահմանափակելու նպատակով վարույթ նախաձեռնելը առաջացրել է հանրության ամենատարբեր շերտերի դժգոհությունը, որն անվերապահ աջակցություն է արտահայտում Էդգար Ղազարյանին:
«Էդգար Ղազարյանն իմ ընկերն է, գաղափարակից ընկերն է, պայքարի ընկերն է, ամեն օրվա ընկերն է, նաեւ գործընկերս է: Վերջին 1,5 տարում «168 ժամում» մենք «Երկու ճակատ» փոդքաստն ենք հեղինակում, որը լրջագույն քաղաքական փոդքաստներից մեկն է հայաստանյան առցանց հեռուստաեթերում: Եվ քանի որ Էդգարի խոսքը, լեզուն առանձնանում է իր դիպուկ, սուր բնույթով, քննադատությունը միշտ տեղին է, երբեմն՝ խիստ սարկաստիկ, ինչը, բնականաբար, այս իշխանությանը հաճո չէ, ամեն կերպ փորձում են ճնշել մեր ընկերոջը: Բայց դա նրանց չի հաջողվելու: Վստահաբար, մենք սա էլ ենք հաղթահարելու։ Շատ ավելի ծանր օրեր ենք անցել: Այն բացահայտումները, այն քողազերծումները, որ անում է Էդգարը իր ամենօրյա տքնաջան աշխատանքով, ֆանտաստիկ աշխատասիրության արդյունքում, շարունակելու է: Ես էլ նրան ամեն կերպ աջակցելու եմ:
Ես վստահ եմ, որ այս շինծու գործը փլվելու է, նաեւ հանրային ճնշման արդյունքում եւ մենք հասնելու ենք դրա կարճմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ապօրինի մեղադրանք ներկայացնելու առիթով ասաց Դավիթ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ