Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հղում տալով ՀՀ ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիական ծառայությանը, երեկ հրապարակեց Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը, որը կազմում է 112160։
Այս թիվը բուռն քննարկման թեմա է դարձել շատերի կողմից, քանի որ նկատելի է ընտրողների թվի ավելացում, իսկ Գյումրիում տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին դրսից մարդկանց են բերում ու ժամանակավորապես Գյումրիում գրանցում՝ բնականաբար նրանց ընձեռելով ընտրելու իրավունք։
Գյումրու նախորդ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը, հրապարակելով 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Գյումրու ընտրողների թիվը` 109.453, պահանջում է պաշտոնական պարզաբանում ներկայացնել, թե ինչո՞ւ է 2707-ով ավելացել այն։
Կարդացեք նաև
Նա հարցնում է՝ դա կապված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդգրկելո՞ւ հետ, թե՞ այլ հանգամանքներով։
Նարեկ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող, այս դեպքում էլ չորս ամսվա տարբերությամբ ընտրողների թվի տարբերությունը կազմել է 12.665:
Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Պաշտոնական պարզաբանում եմ պահանջել, որովհետև քաղաքում կան բազմաթիվ խոսակցություններ, հնչում են կասկածներ, որ ընտրությունների նախաշեմին մարդկանց են բերում, գրանցում։
Եթե անդրադառնանք 2021 թ․-ի ԱԺ ընտրություններում ընտրողների թվին ու հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինծառայողները, որոնք ՏԻՄ ընտրություններում իրավունք չունեն քվեարկելու, բայց Ազգային ժողովի ընտրություններում քվեարկում են, եթե իրենց թիվն էլ հաշվենք, չեմ կարծում, որ Շիրակի մարզում, առավել ևս Գյումրիում ունենք 12.665 զինծառայողներ։ Որևէ պաշտոնական տեղեկատվություն այդ մասով չկա, մենք ունենք ուռճացված ցուցակներ, որոնք լուրջ կասկածի տեղիք են տալիս:
Բայց դրանից բավական ժամանակահատված է անցել, հիմա մեր հիմնական խնդիրն է ուսումնասիրել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցողների ցուցակները։ Ասեմ, որ պաշտոնական դեմոգրաֆիկ թվերով մեր ցուցանիշներն իջել են, բայց ընտրողների ցուցակում ունենք ավելացում՝ մոտ 2707-ով։
Պիտի պարզաբանեն՝ արդյո՞ք Արցախից բռնի տեղահանվածները ունեն ընտրացուցակներում ընդգրկվելու իրավունք, թե՞ ոչ, թե՞ այլ հանգամանքով է պայմանավորված, որովհետև նորից եմ կրկնում՝ քաղաքում բազմաթիվ խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են այդ ցուցակներով առավելություն ստանալ։
Մենք, բնականաբար, լսել ենք այդ բոլոր խոսակցությունները, և ես բնականաբար՝ որպես ավագանու անդամ, ՀՀ քաղաքացի ուզում եմ պաշտոնական պարզաբանում ստանալ համապատասխան թվերի վերաբերյալ։
Ինչպես նշեցի, դեմոգրաֆիկ պատկերով ունենք հակառակ գործընթաց՝ ընտրողների թվի նվազեցում։ Բնականաբար, սա ողջամիտ կասկած է առաջացնելու թե՛ քաղաքական ուժերի և թե՛ քաղաքացիների մոտ։
Արտագաղթի ծավալներն ահռելի են, երկրի սոցիալ-տնտեսական վատթար վիճակ ունենք ու հանկարծ՝ ընտրողների թվի աճ․․․
Միակ ողջամիտ տարբերակը համարում եմ Արցախի մեր հայրենակիցների տեղափոխումը, դրա համար հստակ հարցադրում եմ արել, նրանք ընդգրկվա՞ծ են ընտրացուցակում, թե՞ ոչ, եթե ընդգրկված չեն, շատ ավելի խորը կասկածներ է առաջացնելու հրապարակված թիվը»,-ասաց Նարեկ Միրզոյանը։
Նա նշեց, որ առայժմ սոցհարթակում է պաշտոնական պարզաբանում պահանջել, եթե չարձագանքեն, պաշտոնական գրություն կուղարկի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ