2025 թվականի փետրվարի 1-ին լրացավ մեկ տարին, ինչ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (Հռոմի ստատուտը): ՀՀ-ն պաշտոնապես ընդունել է այն 2024 թվականի փետրվարի 1-ին, իսկ Միջազգային քրեական դատարանում այս առնչությամբ պաշտոնական միջոցառումը կայացել է փետրվարի 8-ին։
ՀՀ-ն դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։ Մինչ այդ՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։ Նշենք, որ Հայաստանը դեռևս 1999 թվականին ստորագրել էր Հռոմի ստատուտը։
Կանոնադրության ընդունումը, մարդկության դեմ ծանր հանցագործությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից զատ, ուներ հնարավորություն ստեղծելու նաև բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ։ Այն հետապնդում էր երկու հիմնական նպատակ․
Կանխել հետագա բռնությունները և ապահովել անվտանգային լրացուցիչ երաշխիքներ,
Կարդացեք նաև
Ճանաչել դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով, ինչը հնարավորություն է տալիս քննել թե՛ 2020-2024 թվականներին տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության, մշակույթի իրավունքի խախտումների, հուշարձանների հետ հաղորդակցման արգելքի և այլ հիմնահարցերը, այլև ավելի վաղ տեղի ունեցած մարդկության (տվյալ դեպքում հայ ժողովրդի) դեմ ծանր ցեղասպանության հանցագործությունները։
Սակայն, թեև կանոնադրության ընդունումը ուներ հնարավորություն ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը, ոչնչացման դեմ լծակներ, բայց անցած մեկ տարում՝ 2024 թվականին, մենք ականատես եղանք հակառակ իրականությանը․ արցախահայերի մշակութային ժառանգությունը Ադրբեջանի կողմից շարունակաբար ոչնչացվեց, յուրացվեց և պղծվեց (2024 թվականին ոչնչացված և վտանգված մշակութային ժառանգության օրինակներին կարող եք ծանոթանալ «Monument Watch» կայքի «Ահազանգեր» բաժնում)։
1998 թվականի Հռոմի կանոնադրության համաձայն՝ մարդկության դեմ հանցագործություններ են ցեղասպանությունը (Article 7(1)(b)), բնակչության բռնի տեղահանումը (Article 7(1)(d)), մշակութային ժառանգության դեմ ուղղված կամ դրա վրա ազդող հանցագործությունները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք տեղի են ունենում զինված հակամարտության, թե խաղաղության պայմաններում (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 98): Բացի դա, կանոնադրությունը պատերազմական հանցագործություններ է համարում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության կամ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը (Article 8(2)(b)(i)), հարձակումները մշակութային ժառանգության վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական թիրախներ (Article 8(2)(b)(ix), Article 8(2)(e)(iv))։
Արցախից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության համատեքստում կարևոր է նշել, որ մշակույթի իրավունքը Հռոմի ստատուտի շրջանակում դիտարկվում է որպես առաջնային իրավունք։ Այն ներառում է նաև ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով ամրագրված պարտավորությունների կատարումը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր համայնքի մշակութային կյանքին մասնակցելու, գիտության և ստեղծագործական գործունեության ազատության, ինչպես նաև մշակութային ժառանգությանը հասանելիության իրավունք (ICESCR, Article 15 a)։
Այս մոտեցումը նշանակում է, որ արցախահայության բռնի տեղահանության հետևանքները կարող են դառնալ Հռոմի դատարանի իրավասության առարկա, հատկապես այն տեսանկյունից, որ տեղահանվածների մշակութային իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության անբաժանելի մասը։ Միևնույն ժամանակ, մշակույթի իրավունքի ճանաչումը որպես հիմնարար իրավունք ամրապնդում է տեղահանված արցախահայերի մշակութային ժառանգության պահպանության իրավական հիմքերը՝ ներառյալ նրանց՝ իրենց Արցախի մշակութային ժառանգության տարածքներ մուտք գործելու և մշակութային ինքնությունն ազատորեն դրսևորելու իրավունքը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում