ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ Ի՞նչ կասեք Էդգար Ղազարյանին առաջադրված նոր մեղադրանքի առիթով։
Պատասխան։ Նախ, իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Էդգարին։ Նիկոլական ռեժիմը ոչ միայն չի դադարելու քաղաքական հետապնդումների ենթարկել ընդդիմախոսներին, այլեւ սաստկացնելու է ճնշումները բոլոր ուղղություններով։
Էդգարին առաջադրված մեղադրանքը դրա հերթական դրսեւորումն է, ես վստահ եմ՝ ոչ վերջին։ Դեռեւս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային եւ անձնավորված լինի, այլ համակարգված եւ մշտական։
Կարդացեք նաև
Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է, քաղաքականացված է եւ կախյալ։ Սա ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է, այլ նաեւ բազմաթիվ միջազգային զեկույցներում արձանագրված իրողություն։
Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան։
Հարց երկրորդ։ Հայաստանի երկրորդ նախագահի ասուլիսից հետո պարզ դարձավ, որ ընդդիմությունը, ցավոք, չի միավորվելու։ Դու՞ք ինչ եք կարծում։
Պատասխան։ Որքանով որ հասկացա, երկրորդ նախագահի այդ շեշտադրումը վերաբերում է հենց խորհրդարանական ընտրությունների ձեւաչափին՝ արտահերթ թե հերթական։
Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ ունեն իրենց դիրքորոշումները, որոնք դրված են նրանց գործունեության հիմքում։ Այս առիթով ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետականը ոչ միայն մեր անկախ երկրի առաջին գրանցված կուսակցությունն է, այլեւ նիկոլական Հայաստանի առաջին ընդդիմադիր քաղաքական ուժը, ինչի մասին մենք հայտարարվել ենք հենց 2018-ի մայիսի 8-ից։
Ցանկալի է, որ, անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալիի բանաձեւով. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում և սեր՝ ամեն ինչում»։
Հարց երրորդ։ Պարոն Աշոտյան, հասկացանք, թե ով է իրականում բերել Նիկոլին եւ ոնց են օգտագործել մեզ բոլորիս որպես «թավշյա» ծխածածկույթ։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Սերժ Սարգսյանը որպես քաղաքականության մեջ «շախմատիստ» ո՞նց չի տեսել մեր դեմ հյուսվող այս դավադրությունը։
Պատասխան։ Հարցը շատ անկեղծ է եւ անմիջական։ Թույլ տվեք ես էլ այդպես պատասխանեմ՝ օգտագործելով հենց Ձեր բնորոշումները։
Այո, Սերժ Սարգսյանը շախմատիստ է եւ 2008-ից 2018 հենց այդպես էր ղեկավարում Հայաստանը։ Ու մեր թշնամիները «շախմատով» չէին կարողանում հասնել իրենց նպատակներին։
Բայց 2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։
Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաեւ բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին եւ շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էլ ողջ իրականությունը։
Հարց չորրորդ։ Շատ անհանգստացնող լուրեր են գալիս Երուսաղեմից, որտեղ հայտնվել ենք մեր բազմադարյա հոգեւոր ժառանգությունից զրկվելու եզրին։ Ի՞նչ անենք։
Պատասխան։ Թե Իսրայելից, թե Աբխազիայից, թե այլ տեղերից եկող ահազանգերը մի բանի մասին են վկայում։ Նիկոլի պատճառով ոչ միայն Հայաստանն է դարձել խոցելի, այլեւ ողջ հայությունը։ Երուսաղեմ, Աբխազիա, Բաքու՝ այս ամենը մի շղթա է։
Մենք վերածվել ենք պատվազրկված եւ ջարդված ժողովրդի, որից բոլորը կցանկանան, օգտվելով առիթից, մի բան ավել պոկել։
Հիշեք նաեւ, որ Նիկոլի քայքայիչ գործունեությունը հասել է նաեւ Սփյուռք, իսկ Հայաստանը դադարել է դիրքավորվել որպես համայն հայության Հայրենիք եւ ապավեն։
Ի՞նչ անել՝ համայն հայության ուժերով իշխանազրկել Նիկոլին։
Իսկ մինչ այդ մաքսիմալ լարել համազգային ուժերը, համահայկական կառույցները, Սփյուռքի տարբեր օջախների ռեսուրսները, համահայկական սոլիդարություն վերականգնել ոչ միայն Երուսաղեմի, այլեւ հայությանը վերաբերելի բոլոր հարցերով, այդ թվում՝ Բաքվում Ալիեւի կողմից ինքնադատաստանի ենթարկվող մեր հայրենակիցների խնդրով։
Հարց հինգերորդ։ Տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ նոր նախագահը կոշտ արտահայտվում Ուկրաինայի նախագահի հասցեին եւ նրան փաստացի համարում է ոչ լեգիտիմ։ Նիկոլին հերթը կհասնի՞։
Պատասխան։ Նախ, Ուկրաինայի շուրջ զարգացումները շատ ավելի խորն են եւ գլոբալ նշանակության, քան մերը։ Երկրորդը, ուկրաինական պատերազմը հանգեցրել էր գերտերությունների միջեւ ոչ թե լարվածության, ինչպես Հայաստանում է, այլ թշնամության՝ այստեղից բխող հետեւանքներով։
Երրորդը, Նիկոլը Զելենսկիից շատ ավելի շուտ եւ շատ ավելի հիմնավոր կերպով է դարձել ոչ լեգիտիմ՝ դրժել է իր նախընտրական խոստումները, խախտել է սեփակսն կառավարության ծրագիրը, ունի հանրային շատ ցածր վստահություն, իսկ նույն ԵՄ սոց. հարցումներով բնակչության 66 %-ը դժգոհ է Հայաստանում ժողովրդավարության մակարդակից։
Երբեք կողմ չեմ եղել դրսից կառավարվող իշխանութան ձեւավորմանը։ Հավաքական «դուրսը» պիտի ոչ թե խառնվի մեր գործերին «իր մարդուն նշանակելու համար», այլ պարզապես չխանգարի հայ ժողովրդին վերջապես լուծում տալ իր գոյաբանական ճգնաժամին։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
21.02.2025