Մեսրոպ Ստեփանյանը մեկն է տուժած այն քաղաքացիներից, որը փորձել է «222 Lava» մականվամբ բլոգերի (Էրիկ Շահբազյան) գովազդած Full Size կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութից ապառիկով ապրանք վերցնել, սակայն այսօրվա դրությամբ ոչ ապրանքը կա, ոչ էլ իր վճարած կանխավճարն է վերադարձվել:
Aravot.am-ը Մեսրոպ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ինչպես լուծվեց իր խնդիրը:
«Մինչեւ այսօր ոչ մի բան չեն արել: Ես դիմել եմ դատախազություն, ավելի վաղ դիմել էր VTB բանկ, որը ոչ մի բան չարեց, կենտրոնական բանկն էլ ոչինչ չարեց, Ֆինանսական համակարգի հաշտարարին եմ դիմել, դեռ ընթացքի մեջ է գործը: Քանի որ ուրիշ տարբերակ չկար, դիմեցի դատախազություն, հատկապես որ զանգում եմ Full Size, չեն պատասխանում… »,-ասաց տուժած քաղաքացին:
Տարբեր ատյանների, անձանց ու կառույցների դիմելուց հետո հիմա նրա միակ հույսը Աստված է: «Աստված մեծ է, տեսնենք, երեւի մի բան կլինի»,-հույս հայտնեց Մեսրոպ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 2-ին Full Size-ը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ներկայումս իրենց ընկերությունը հայտնվել է ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետեւանքով բանկային հաշիվները սառեցված են, ինչն անմիջականորեն ազդել է իրենց առաքման ժամանակացույցի վրա: Նաեւ վստահեցրել էր, որ առաջիկա օրերին ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն հաճախորդների հետ, որոնց նկատմամբ ունեն պարտավորություններ: Դա Full Size-ի ֆեյսբուքյան էջում կատարված վերջին գրառումն է,իսկ պաշտոնական կայքը՝ fullsize.am, որքան էլ տարօրինակ է, դեռ գործում է եւ անգամ այնտեղից առցանց գնում կատարելու հնարավորություն կա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ