«Էդգար Ղազարյանի նկատմամբ սկսված բռնաճնշումը, ինչն իր մեջ նաեւ հետաքրքիր սիմվոլիզմ է պարունակում, փաստում է, որ իշխանության վիճակն այնքան ծանր է աշխարհաքաղաքական առումով, որ ներսում եղած ցանկացած կայծից, ցանկացած բռնկումից իրենք վախենում են: Բռնապետական ռեժիմների դեպքում նման բռնաճնշումները լինում են միայն այն ժամանակ, երբ իշխանության հետ կապված խնդիր են ունենում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, գրող Նարեկ Մալյանը:
«Հիմա այդ խնդիրն իրենց մոտ առկա է, դրա համար առաջարկում եմ այս ապօրինի քրեական հետապնդումը վերածել ոչ թե հերթական «Ազատություն, քաղբանտարկյալներին» միջոցառումների շարքի, որը եղել է մինչեւ հիմա բոլոր քաղբանտարկյալների հետ կապված, այլ այդ ամենը դարձնենք արդյունավետ գործողությունների համախմբման կետ, գնանք, ցնցենք ապօրինությունների հիմքը: Ինչ նպատակ, որ Էդգար Ղազարյանը դրել իր առաջ՝ իր ազատ խոսքի իրացմամբ, դարձնենք իրականություն: Ու ընդհանրապես դա պետք էր վաղուց կիրառել՝ այլ քաղբանտարկյալների դեպքում եւս»,-ասաց Նարեկ Մալյանը:
Մեր դիտարկմանը՝ Էդգար Ղազարյանի կողքին կանգնելը եւ նրա դեմ բռնաճնշումները դատապարտելը արդյո՞ք յուրատեսակ լակմուսի թուղթ չէ, թե ով է ցանկանում փոփոխություններ, եւ ով է սպասում 2026թ ընտրություններին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Սա շատ կարեւոր լակմուս է: Չմոռանաք, որ Էդգար Ղազարյանն ընդդիմության միասնական ՄԻՊ թեկնածուն էր, ում նույն ընդդիմությունը դավաճանեց ԱԺ-ում: Ես դավաճանություն, վախկոտություն եմ համարում՝ մարդուն առաջադրելը ու հետո ԱԺ-ում այդ ոհմակի հետ մենակ թողնելը: Այսօր պետք է հասկանանք՝ ընդդիմադիրներն իրո՞ք փոփոխություններ են ուզում, կանգնած են բոլոր պայքարող մարդկանց կողքի՞ն, թե ընդդիմադիրներ են, որոնք ոհմակային, աղանդային շահերով են առաջնորդվում»:
Նարեկ Մալյանը նաեւ ընդգծեց. «Նորից եմ կրկնում՝ Էդգար Ղազարյանի հարցը լակմուսի թուղթ է. կա՞ն ընդդիմադիրներ, որոնք պայքար են գեներացնում, իսկ այդ կռիվը շատ կատաղի է, որովհետեւ աշխարհաքաղաքական իրականությունը պրոյեկտվում է մեր երկրի վրա, որտեղ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանը կռիվ է տալիս, որպեսզի մնա իշխանության: Դու կարող ես Նիկոլ Փաշինյանին հաղթել, եթե իր նման կատաղի կռվով իր հետ պայքարես: Իսկ եթե պետք է ոտքերդ տնկես մինչեւ 2026թ, գնաս Մալդիվներ հանգստանալու, քեզ արեւին տաս, հետո հետ գաս 2026թ հայտարարես, որ հաղթելու ես, հաստատ չես հաղթելու, իսկ Նիկոլ Փաշինյանը հավերժ կառավարելու է: Ու այս դեպքում նույնիսկ մեկ Նիկոլ Փաշինյանը քիչ է Հայաստանի համար, 3 Նիկոլ Փաշինյան կարող է լինել: Ընդդիմությունը դա՛ է՝ կամ այն ընդդիմությո՛ւնն է, որը սպասում է 2026թ ընտրություններին, եւ ընդդիմությո՛ւն, որն այսօր կանգնած է Էդգար Ղազարյանի կողքին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ