«Ձյունը եւ սուրբ գրային իմաստով մաքրության, օրհնության խորհուրդն ունի, եւ ընդհանրապես մարդուն ուրախություն պատճառելու, մարդուն մտածելու առիթ տալու, թարմացնելու, ասում են՝ նաեւ որոշակի իմաստով մթնոլորտը փոխելու… Բոլոր առումներով մաքրություն եւ օրհնություն է ձյունը, Սուրբ գիրքն էլ անընդհատ հղում է անում մարդու կյանքի փոփոխությանը՝ ձյան հետ համեմատելով:
Բայց ի՞նչ է տեղի ունենում մեր կյանքում. այդ նույն օրհնությունը, մաքրությունը դառնում է աղետ, տագնապ, քաոս, անորոշություն՝ մարդկանց տառապանք պատճառելով, անընդհատ սպառնալիք պատճառելով: Սա ձայն մեղքը չէ, ոչ էլ եղանակի, այլ կառավարիչների մեղքն է…»,- ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանը` անդրադառնալով վերջին մի քանի օրերի իրադարձություններին:
Նա նաեւ իր զորակցությունը հայտնեց Էդգար Ղազարյանին, ում ուզում են լռեցնել ազատ խոսքի համար:
Մանրամասն՝ տեսանյութում
Սրբազանը Սահմանադրության փոփոխությանն էլ անդրադարձ կատարեց, որի անհրաժեշտության մասին պնդում է Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ դա այս իշխանությունները պարզապես ցանկանում են իրականացնել Ադրբեջանի պահանջով. «Ամբողջ աղտը, արհավիրքն ու աղետը սրանց միջոցով բերվել է մեր կյանք, այս դատարկախոս, ինչպես Սուրբ գիրքն է ասում, ստախոս, դատարկապորտ գազանների միջոցով՝ Սուրբ գրային հղմանը հարազատ մնալով եմ ասում:
Սահմանադրության փոփոխությունը, ձգտումը, դրա տենչը թելադրված է Ադրբեջանի կողմից, մեր թշնամի պետության կողմից՝ թե նախագահի իրենց մակարդակով եւ թե զանազան այլ աստիճաններով: Այս մարդը փորձում է իր պաշտոնը եւ փողն ապահովելու, պաշտպանելու իմաստով մեր հաշվին, մեր կյանքի հաշվին կատարել բոլոր թելադրանքները՝ այս կամ այն փաթեթավորմամբ, որոնք գալիս են հատկապես Ադրբեջանից եւ նրա մեծ եղբայր Թուրքիայից»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ