Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ԱՄՆ-ի Ուկրաինան ռուսական ուժերին կարող է դիմակայել վեցից ինն ամիս. Բենիամին Պողոսյան

Փետրվար 22,2025 11:50

«ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար երկու պատճառ ունի»: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին նշել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:

«Առաջինը՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ռեսուրսների եւ ծախսերի նվազեցում Ուկրաինայում եւ Եվրոպայում, որպեսզի արդեն կարողանա կենտրոնանալ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Երկրորդը՝ ԱՄՆ-ն ցանկանում է կանխել Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների սերտացումը»:

Ըստ Պողոսյանի՝ Վաշինգտոնը կփորձի արդյունքի հասնել հնարավորին արագ ժամկետում, բայց հակամարտության կողմերը տարբեր դիրքորոշումներ եւ սպասելիքներ ունեն:

Ռուսաստանը պահանջում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների ճանաչում ՌԴ կազմում, պատժամիջոցների չեղարկում: ԱՄՆ-ն կարող է զինադադարի դիմաց ռուսական որոշ պահանջներ բավարարել, որպեսզի կանխի ՌԴ-ՉԺՀ ինտենսիվ գործընկերությունը, բացատրում է մասնագետը:

Բենիամին Պողոսյանը նաեւ շեշտեց՝ «Ռուսաստանը ցանկանում է տեսնել եվրոպական անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որտեղ ԱՄՆ-ի դերը գերակա չի լինի», ապա շարունակեց, «Եվրոպայի անվտանգային ճարտարապետության մեջ ՌԴ-ն ավելի մեծ ներգրավվածություն է ցանկանում»:

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ժամկետների մասին Պողոսյանն ասաց՝ դա բանակցություններից է կախված:

«Ամեն դեպքում, դա արագ չի լինի, իսկ մինչեւ դա ինտենսիվ պատերազմը կշարունակվի»:

Ուկրաինական ռազմաճակատի հնարավոր փլուզում ամռանը կամ աշնանը

Բենիամին Պողոսյանին հարցրինք՝ եթե Միացյալ Նահանգները Ուկրաինային աջակցություն չտրամադրի, եվրոպական օգնությամբ ուկրաինական ուժերն ի զորո՞ւ են դիմակայել Ռուսաստանին:

«ԱՄՆ աջակցությունը հիմնականում կայանում է զենքի մատակարարման տեսքով, իսկ Եվրոպան ֆինանսապես է օգնում: Եթե ԱՄՆ-ն այլեւս զենք չմատակարարի, Եվրոպան կարող է զենք գնել ԱՄՆ-ից եւ տրամադրել այն  Ուկրաինային, բայց այսպես Ուկրաինան կկարողանա դիմակայել առավելագույնը վեցից ինն ամիս, որից հետո ուկրաինական ռազմական ճակատը կարող է փլուզվել: Դրան մենք կարող ենք ականատես լինել 2025-ի աշնանը», – կանխատեսում է Պողոսյանը:

«Եթե այսօր ռուսական ուժերը մեկ շաբաթում մի քանի կիլոմետր են առաջացել, այդ դեպքում կարող են մեկ օրում տասից քսան կիլոմետր առաջանալ եւ գրավել խոշոր քաղաքներ, օրինակ՝ Խարկովը կամ Դնեպրը», – հավելում է «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետը:

Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, որպեսզի վնասներ չկրի

Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են տրամաբանված հայաստանյան ոչ-փորձագիտական շրջանակներում տարածվող թեզը, թե ՌԴ-ԱՄՆ համագործակցությունը բացասաբար է ազդելու Հայաստանի վրա:

Ըստ Պողոսյանի՝ հակամարտության հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի ռեսուրսներն, այդ թվում՝ Հարավային Կովկասում, կընդարձակվեն:

«2025-ի ամռանը կամ աշնանը Ռուսաստանը ավելի մեծ ռեսուրսներ կունենա իր շահերը սպասարկելու համար», – ընդգծում է նա:

«Սա կարող է թե՛ օգտակար, թե՛ վնասակար լինել մեզ համար: ՀՀ-ն պետք է պատրաստվի այս փոփոխությանը: Շատ բան Հայաստանի վարած քաղաքականությունից եւ քայլերից է կախված: Եթե հայտարարենք՝ «Ռուսաստանը բարբարոս դիկտատորական պետություն է, որից Հայաստանը պետք է հեռանա» վնասներ կկրենք: Վերադարձ հայ-ռուսական նախկին հարաբերություններին անհնար է, բայց եթե ադապտացվենք այդ փոփոխություններին, կանխենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացումը եւ ՌԴ-ի հետ նոր ստատուս քվո ձեւավորենք, կկարողանանք օգուտներ քաղել», – մեզ հետ զրուցում նշեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728