Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան․ Իրենք կուսակցական օրինաչափ ինկուբատորից արձակված կադրեր են, եւ պատասխանատվությունն էլ, վստահ եմ, պետք է լինի կոլեկտիվ․ «Հրապարակ»

Փետրվար 22,2025 11:00

Քաղաքապետարանի երեկվա ձախողումը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պայմանավորում է մեկ հանգամանքով՝ քաղաքային իշխանությունը տեղում չէ, համակարգերը չեն աշխատում, ու սա միայն տեղային խնդիր չէ: «Տեսանք, որ Ավինյանը գնացել էր կուսակցական ժողովի՝ փոխանակ զբաղվեր մայրաքաղաքի խնդիրներով: Փողոցներում բարձիթողի վիճակ էր, շատ տեղերում լուսացույցերը չէին աշխատում, պարեկներ չկային, մաքրող, մշակող տեխնիկա գոյություն  չուներ, ուղղակի սպասեցին, մինչեւ քաղաքը կաթվածահար եղավ: Պաշտոնապես  հայտարարեցին, որ ավտոբուսների կոմպլեկտացիայի մեջ ձմեռային անվադողեր չեն լինում, մնում է ենթադրել, որ իրենք ճակատագրի ու բնության հետ պետք է պայմանագիր կապեն, որ Երեւանում մեծ ծավալի տեղումներ չլինեն, որ ավտոբուսներն աշխատեն, թե՞ երեւանցին պետք է նայի՝ եթե ձյուն է, դասի ու աշխատանքի չգնա, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանի ապահոված տրանսպորտը նախատեսված չէ ձյան համար: Սա անհեթեթություն ու խայտառակություն է: Ձնից մեկ օր առաջ էլ ցույց էին տալիս Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկում կուտակված աղի եւ ավազի պաշարները, հիմնարկի տնօրենի եւ Կամո  Արեյանի շրջայցը, մեզ թվաց՝ վերջ, ձյունը դեռ չտեղացած, փողոցներն աղի ու կարմիր ավազի գորգով են պատելու, բայց տհաճորեն արձանագրում ես, որ այս մարդկանց մոտ հաճելի անակնկալն էլ չի ստացվում»,- հեգնում է ավագանու ընդդիմադիր անդամը: «Այն մարդիկ, որոնք քիչ թե շատ լոյալ էին տրանսպորտի նոր սակագներին, հիմա ցասման մեջ են՝ ո՞նց կարող է բարեփոխված ավտոբուսը ձմեռային անվադող չունենա»:

Սուքիասյանի խոսքով, քաղաքապետարանն էլեմենտար հաշվարկներ չի արել, որովհետեւ նման իրավիճակում, երբ քաղաքային տրանսպորտը չունի ձմեռային անվադողեր, առնվազն քաղաքն այնպիսի ինտենսիվությամբ պետք է մաքրել, որը թույլ կտա ավտոբուսները շահագործել: «Բոլորը կենտրոնացել են քաղաքային իշխանության պատասխանատվության վրա, որն օրինաչափ է, բայց, իմ կարծիքով, այս քաոտիկ վիճակի համար պատասխանատուն միայն քաղաքապետարանը չէ, նախեւառաջ Նիկոլ Փաշինյանն է, առնվազն նրա լոյալ վերաբերմունքը  քաղաքային իշխանություններին… հետեւաբար, հարցն էլի քաղաքական բնույթի է, այստեղ ո՛չ արտաքին թշնամիները կապ ունեն, ո՛չ երկրի արտաքին քաղաքական օրիենտացիան»,- «Հրապարակ»-ին ասում է Սուքիասյանը, որի համոզմամբ՝ Երեւանի կառավարման համակարգի ճգնաժամը հետընտրական կեղծիքներով «կարկատան արած մեծամասնություն» ունենալու, սեփական քաղաքական թիմին փոխկապակցված տարբեր ՍՊԸ-ներից մեկ անձից գնումներով հարստանալու ու կառավարումը որպես պատասխանատվություն չդիտարկելու հետեւանքն է, ու այդ առումով, քաղաքային իշխանությունը բացառություն չէ, որովհետեւ համապետական օրինաչափությունն է այդպիսին:

«Ամբողջ ՔՊ-ն տապալվել է թե՛ ՏԻՄ մակարդակով, թե՛ համապետական: Իրենք կուսակցական օրինաչափ ինկուբատորից արձակված կադրեր են, եւ պատասխանատվությունն էլ, վստահ եմ, պետք է լինի կոլեկտիվ»,-եզրափակում է ավագանու ընդդիմադիր անդամը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728