Հայաստանը, մասնավորապես՝ մայրաքաղաք Երեւանը, առատ ձյան հետեւանքով կոլապսի մեջ է հայտնվել: Երեկվանից դժվարանցանելի են մայրաքաղաքի փողոցները, հանրային տրանսպորտը դժվար է գործում, բուհերն ու դպրոցները չեն գործում, տպավորություն է, որ ոչ թե լուսավոր 21-րդ դարում ենք ապրում, այլ՝ քարի դարում: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Երեւանի ավագանու նախկին անդամ, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ:
– Մայրաքաղաքը քաոսի մեջ է, մարդկանց բնականոն առօրյան խաթարվել է բնական, ոչ աղետալի երեւույթի՝ ձյան պատճառով: Ի՞նչն է պատճառը, որ քաղաքում նման իրավիճակ է: Քաղաքապետարանի բյուջեն դատա՞րկ է, որ անգամ ձյունը փողոցներից չեն մաքրում:
– Երեւանն ունի ե՛ւ բյուջե, ե՛ւ ձյունահավաք մեքենաներ, ի դեպ՝ դրանց վրա ահռելի գումարներ ծախսվեցին այն ժամանակ, երբ որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից, որ այդ բոլոր գործիքները պետք է վերցնի իր սեփականության տակ: Նախկինում «Սանիթեքն» էր կատարում այդ աշխատանքները, այժմ՝ Երեւանի քաղաքապետարանը: Այն ժամանակ «Սանիթեքից» դժգոհ էին, որ լավ չի աշխատում, սակայն այսօր համայնքային հիմնարկն աշխատում է շատ ավելի վատ: Ավինյանի օրոք 2 անգամ է նորմալ ձյուն եկել, երկու անգամն էլ խայտառակ իրավիճակ է. իրար հարվածող ավտոմեքենաներ, փչացող հանրային տրանսպորտ, շտապօգնության անսարք մեքենաներ եւ այլն: Սա, վստահաբար, վատ կառավարման արդյունք է: Առատ ձյան մասին մասնագետները շաբաթներ առաջ ահազանգել էին, եւ շատ տարօրինակ է, որ ձյան առատ տեղումների պահին Տիգրան Ավինյանն անտարբեր նստած էր կուսակցության նիստին: Նա չի կարողանում կառավարել քաղաքը: Ո՛չ Ավինյանն է իր տեղում, ո՛չ էլ՝ հիմնարկների ղեկավարները, արդյունքում ունենք այս վիճակը: Կառավարման թերի լինելու հետեւանքով արդյունքը զրո է: Մեր օրերում եղանակային պայմանները կանխատեսելի են: Պետք է նախապես տեխնիկա պատրաստեին, աղ նախապատրաստեին, որպեսզի վերջին րոպեին չգնեին: Հույսները դրել են եղանակային պայմանների վրա, որ ձյուն չի գալու: Վստահ եմ, որ մարտ-ապրիլին ձյունն ինքն իրեն հալվելու է գնա, չեն մաքրելու:
– Իսկ «բարեփոխված» տրանսպորտն ինչո՞ւ է հայտնվել այս վիճակում:
Կարդացեք նաև
– Երեկ ականատես եղանք ավտոբուսների վթարների: Վարորդները շատ ճիշտ են անում, որ այդքան մարդու կյանք չեն վտանգում: Երեկ ժամը 10-ից փողոցներն անանցանելի էին: Վարորդները շատ անհանգիստ էին: Առատ ձյան դեպքում սեզոնային անվադողերն անգամ լավ չեն աշխատում: Վարորդները փորձել են ապահովագրել իրենց: Երեկ դեպք ունեցանք, որ վարորդի ինքնազգացողությունը վատացավ` շտապօգնություն կանչեցին քաղաքացիները: Խայտառակ վիճակ էր ուղղակի: Մարդիկ 2-3 ժամ տրանսպորտի մեջ սթրեսի են ենթարկվել: Սա մեր բարեփոխված, թանկացած տրանսպորտային համակարգն է: Անգամ շատերը չեն հասել երթեւեկման վերջնակետին: Կեսից իջել են` ստիպված: Քաղաքային տնտեսությունն ամբողջությամբ ձյան պատճառով կոլապսի մեջ է: Խոսքը բոլոր ենթակառուցվածքների մասին է։ Ավինյանին օգնության հասան ԿԳՄՍ նախարարը, բուհերի ռեկտորները եւ այլն: Ես չեմ հիշում առաջներում նման բան, որ ձյան պատճառով դասեր հետաձգվեին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում