ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին իր ասուլիսում մի քանի սխալ պնդումներ է արել, որոնք «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հերթականությամբ։
Քոչարյանը, մասնավորապես, խոսելով ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում ստանձնած առաքելության մասին, հայտարարել է, թե ԼՂ-ում խնդիրներն առաջացել են Պրահայի հայտարարությունից հետո։
«Քիչ, թե շատ խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում, լավ էին անում սկզբնական շրջանում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հենց դա ասել ենք, պրոբլեմները սկսվել են և բնականաբար պետք է սկսվեին»,- նշել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը սխալվում է․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումից մինչև Պրահայի հայտարարությունը ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, նաև ռազմական գործողություններ է իրականացրել ռուս խաղաղապահների գոտում՝ գրավելով տարածքներ։
Կարդացեք նաև
Այսպիսով, առաջին լուրջ միջադեպն Արցախում գրանցվել է խաղաղապահ զորակազմի տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին: Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, 62 հայ զինծառայողներ գերեվարվել, 9-ը՝ զոհվել, և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։
Նույն ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և այդ կառույցի կազմում Հայաստանի գործողություններին, ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու հարցին՝ Քոչարյանը արդարացրել է ՀԱՊԿ անգործությունը՝ բացատրելով, որ Հայաստանն ինքն է «վարկաբեկել այդ կառույցը, Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցել»։ Այնուհետև հավելել է․ «Եթե դու քո տարածքների համար չես կռվում, մտածում ես, որ ինչ-որ մեկը կարող է դրա համար կռվե՞լ։ Սև լճի դեպքում չեք հիշո՞ւմ, ասում էր՝ ձյունոտ սարի համար չենք կռվելու։ Քո ԳՇ պետն ասում է՝ սոված կմնան դուրս կգան։ Դուք ուզում եք այդ տրամաբանությամբ որևէ մեկը գա ձեզ հետ կռվի՞, այդպես չի լինում»։ Քոչարյանը նաև պնդել էր, թե Հայաստանը երկկողմ հարաբերությունների շրջանակում չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը։
Նախկին նախագահի տարակուսած հարցը, թե «ինչ-որ մեկը կարող է քո տարածքների համար կռվե՞լ», անհիմն է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:
Բացի այդ, ընդգծենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի ժամանակ Հայաստանը դիմել է և՛ ՌԴ-ին , և՛ ՀԱՊԿ-ին։
2021 թ․ մայիսի 14-ի առավոտյան Հայաստանը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ռազմական օգնության համար։ «Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը»,— նշել էր այդ ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Երկրորդ անգամ Ռուսաստանին Հայաստանը դիմել էր 2022 թ․ սեպտեմբերի 14-ին։
Այսպիսով, մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու և այդ կառույցի իրավասությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սխալ են, իսկ իրականությունն ու փաստերն այլ բան են հուշում։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»