Ինչու է ամեն ինչ դեպի վատը գնում՝ սկսած ազգային հարցերում աղետալի զարգացումներից եւ վերջացրած մայրաքաղաքում կյանքի պարալիզացմամբ: Շատ պարզ՝ որովհետեւ գործ անելու փոխարեն այսօրվա իշխանություններն իրենց ամբողջ էներգիան ծախսում են «հասարակական կարծիք» ստեղծելու վրա:
Այդ գործելաոճի դրսեւորումները բազմաթիվ են:
Ոչ թե հավաքել ձյունը, երթեւեկելի դարձնել ճանապարհները եւ նախապատրաստել քաղաքային տրանսպորտն այս եղանակային պայմանների համար, այլ՝ մտնել Ֆեյսբուք եւ հերոսական շեշտերով պատմել, թե ինչպես է ձյունը մաքրվում:
Ոչ թե կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը, այլ մի քանի անգամ կազմակերպել դրա նախագծի «շնորհանդեսը»:
Կարդացեք նաև
Ոչ թե փոխել կրթության բովանդակությունը, այլ տարիներով խոսել «ակադեմիական քաղաք» կոչվող ֆիկցիայի մասին:
Ոչ թե պայքարել կոռուպցիայի դեմ, այլ, կատարելագործելով կոռուպցիոն սխեմաները, հարստացնել սեփական բարեկամներին եւ հին-նոր օլիգարխներին, սեւեռվել «նախկինների» թալանի վրա: Իշխանափոխությունից հետո, հավատացնում եմ ձեզ, շատ ավելի աղմկոտ կոռուպցիոն գործեր են քննվելու, քան հիմա: Եվ դա է, մասնավորապես, պատճառներից մեկը, թե ինչու են կառչել իրենց աթոռներից:
Ոչ թե գնալ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհով (որն, իմ կարծիքով, պետք է լինի մեր պետության հիմնական ռազմավարական ուղին), այլ աղմկոտ եւ դատարկ խոսակցություններ վարել դրա մասին եւ մտադրությունների վերաբերյալ անիմաստ «օրենքներ» ընդունել:
Ոչ թե բարեփոխել կառավարման համակարգը՝ նաեւ սահմանադրական փոփոխությունների միջոցով, այլ իրականում պահպանելով վարչապետի դիկտատորական իրավասությունները, «նոր սահմանադրություն» գրել, որի միակ իմաստն Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Եվ «հիմնավորել» Ալիեւի պահանջի կատարումը անճոռնի եւ անգրագետ «գաղափարախոսական» ճառերով:
Ոչ թե հաղթել պատերազմում, այլ պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գրված գնահատականները շատ դիպուկ են։
Հիշեցի մի խելացի արվեստագետի հեգնանքը՝ «Կյանքի բեմում հերոսներին տեղ չի մնացել, քանի որ ծաղրածուները լցվել են ամբողջ բեմը»։