Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում․ «Փաստ»

Փետրվար 22,2025 09:40

Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ…

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար: Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար: Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խելքը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ: Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:

Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին: Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն: Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու… Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր: Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում: Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728