Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակի հայկական դպրոցի նվիրյալ կատարողն ու գիտնականը

Փետրվար 22,2025 12:00

Անունն ու վաստակը  հայ երաժշտագիտության ու կատարողական արվեստի պատմության մեջ թողեցին ոչ միայն համաշխարհային երաժշտական աշխարհի լեզուն հայ կատարողական արվեստով ներկայացնող մեկի մասին վկայություն, այլեւ բացառիկ նվիրյալի, ով այդ նույն համաշխարհային երաժշտարվեստին ուներ իր ասելիքն ու բացահայտումները որպես գիտնականի, հետազոտողի, երաժշտագետի։

Անահիտ Ցիցիկյան. նրա անունն ու վաստակը, որպես սովետահայ շրջանի երաժշտական, կատարողական աշխարհի ներկայացուցիչ հայտնի էր նաեւ մեր երկրի սահմաններից դուրս, նրա կատարողականով հիացած էին այնպիսի վիրտուոզ կատարողներ, ինչպիսին Կոնստանտին Սարաջեւն էր, Դավիդ Օյստրախն էր, Լեոնիդ Կոգանը, Յոզեֆ Սիգետին, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ շատ ու շատ աշխարհահռչակ ու հնչեղ անուններ, որոնք Անահիտ Ցիցիկյանի երաժշտակատարողական արվեստի գնահատողներն ու երկրպագուներն էին, կոլեգայի բարձրությունից եւ ոչ միայն…

հայ կատարողական անուններն էլ անթիվ են, որոնք Անահիտ Ցիցիկյան կատարողի ու երաժշտագիտության խորագիտակ անհատականության հետ պատիվ են համարել ելույթ ունենալ, շփվել, մաս կազմել նրա արվեստի առինքնող թռիչքներին, որոնք բացառիկ որակ ու գույն էին բերում բեմ եւ երաժշտական աշխարհ, ստեղծում նշաձող:

2022 թվականին լույս տեսավ «Անահիտ Ցիցիկյան. կյանքն ու արվեստը դարաշրջանի հայելու մեջ» կենսագրական գիրքը, որը ներառում է նաեւ ձայնասկավառակ, որտեղ մեծանուն կատարողի ջութակի կատարումներն են։ Անվանել այն զուտ գիր անցյալ դարի հայ երաժշտական աշխարհի ամենավառ երեւույթներից մեկի մասին, քիչ է, գրքի անունն անգամ հուշում է նրա բովանդակային առանձնահատկությունը, որը իր սյուժեով ու էջերով ասես ֆիլմ լինի՝ գրքի վերածված կինո, մի անհատի ու նրա ժամանակի մասին պատմող հարուստ փաստավավերագրություն, որտեղ ժամանակն ու նրա մարդիկ ասուպային արտացոլանքով հավերժացել են ու կանգնեցրել ժամանակը իրենց կետում։ Այս կարեւոր գիրքը լավագույն աղբյուրն է երաժշտագիտական տարբեր ուսումնասիրությունների համար, այն իր շքեղությամբ ու ձեւավորման մեծ ճաշակով ու էսթետիկայով նույնքան բացառիկ է, որքան իր հերոսուհին։

Կազմված լինելով Անահիտ Ցիցիկյանի դստեր, ջութակահարուհի, դասախոս, ուսումնասիրող Նունե Շամախյանի կողմից, զգացվում է, թե ինչ սիրով ու նախանձախնդրությամբ է մոտեցել դուստրը մոր կյանքին ու գործունեությանը, ինչպիսի մեծ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ է նա կարողացել ընթերցողին փոխանցել մի կենդանի ու փայլուն դիմանկար հայ արվեստագետի, պահպանելով դարի շունչն ու ոգին՝ ժամանակի կենդանի պատկերը եւ այդ ամենը արել անաչառ ուսումնասիրողի կողմից, ում բախտ է վիճակվել ծնվել ու մեծանալ այդ ընտանիքում, ավելի լավ, քան որեւէ մեկը, նա՛ կարող էր պատմել ու նկարագրել մեծ արվեստագիտուհու կյանքը իր բոլոր դրսեւորումներով։ Մանկություն, պատանեկություն, ուսումնառություն, համերգային գործունեություն, հանրաճանաչ արվեստագետների հետ մտերմություն ու հուշեր, ընտանեկան կյանք, կին, մայր, դուստր, ուսուցիչ կերպարը լավագույնս նկարագրվում է, տալով դիմանկարային այնպիսի նրբագծեր, որոնք ջութակահարուհու մարդկային կերպարն էին նկարագրում, ինչպիսին էր նա խոհանոցում, ինչպիսի հումոր ուներ, ինչպիսի մոտեցում ուներ դեպի մարդը եւ այլն։ Ժամանակի խամրեցնող փոշուց զերծ է անգամ Անահիտ Ցիցիկյանի տոհմածառը, նրա ընտանիքի հետ ազգակցական կապ հաստատած մարդիկ, բոլորը հիշատակված են այս մենագրության մեջ. Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան՝ Դրո, Նադեժդա Պապայան, Բարսեղ Կանաչյան եւ այլք…

Ցիցիկյանի անվանն ու վաստակին հայ երաժշտասերը տեսական ուսումնասիրությունների միջոցով կարող է ծանոթանալ, որտեղ նրա ավանդը նույնքան մեծ էր, որքան կատարողական վաստակը, մի տարբերությամբ, որ մնայուն են այն ուսումնասիրությունները, որոնք նա կատարել ու ավարտին է հասցրել նոր բացահայտումների ու պրպտումների ուղիներ ուրվագծելով հետագա ուսումնասիրողների, հետազոտողների ու երաժշտագետների  համար… Լինելով վիրտուոզ ջութակահարուհի, նրան չէր կարող բավարարել երաժշտական կատարողական արվեստի ահռելի մեծ աշխարհը, Անահիտ Ցիցիկյանի հետազոտող ու քննող միտքը ավելիին էր ձգտում, գտնել իր սիրելի գործիքի բուն ծագումնաբանության արմատները, որոնք նրան հասցրեցին ոչ թե Իտալիա, այլ վերադարձրեցին Հայաստան, մեր հազարամյա պատմության ու մշակույթի մոխրածածկ էջերից վեր հանելով աշխարհին իր ծագման ճիշտ ժամանակագրությունն ու վայրը հուշող ջութակ նվագարանի իրական պատմությունը, որը մինչ օրս չի ներկայացվում այնպես, ինչպես կուզեր տեսնել մեծ ուսումնասիրողն ու երաժիշտը։ Մի կյանքը նման մեծությունների համար երբեմն քիչ է ու բավարար չէ, որպեսզի իրենց կարողությունների ողջ պոտենցիալը օգտագործեն իրենց սիրած ու առաքելություն դարձած գործի մեջ, բայց եւ ահռելի գործ ու միսիա են պարունակում, որոնք նրանք հասցրեցին իրականություն դարձնել, թողնելով անուն, վաստակ ու շարունակություն, գեներ, որոնք բացառիկ բարեբախտությամբ չեն հանգստանում… Ցարական Ռուսիայից նոր-նոր ոտքի կանգնող Հայաստան տեղափոխված բժշկի՝ ՀՀ վաստակավոր ակնաբույժ Էրսելիա Ցիցիկյանի եւ ՀԽՍՀ հեռահաղորդակցության գործակալության հիմնադիր Միքայել Ցիցիկյանի դուստրը, ով արիստոկրատ ընտանիքի դասական կանոններով էր մեծանում անգամ հասարակ կենցաղավարության մեջ, որը ոչ բոլորին էր հատուկ ու այսօր էլ շատ ֆիլմային է պատկերվում. գուվերնանտկա, սպասուհի, ֆրանսերենի դասեր, երաժշտական կրթություն, բազմակողմանի զարգանալու սովորական ընթացք ոչ սովորական այս հայ ընտանիքում, սա օրինաչափություն էր, կյանքի ռիթմ, որը չէին փոխում այն ժամանակվա կյանքի դժվարությունները, որոնք բազմակողմանի էին ու  հատուկ երեսունականների էպոխային…Պատերազմական ժամանակաշրջանների միմյանց հաջորդող տարիները թողնում են իրենց հետքն ու գույնը… Մարդը շարունակում է իր առաքելությունն անգամ նրանց մեջ ու զուգահեռ, որովհետեւ այդպես է կամեցել ինքը՝ նորին մեծություն նախախնամությունը…Նրա կամքով էր գուցե, որ Անահիտին վիճակված էր լինել ու դառնալ իր հայրենիքի ոսկե լարը դասական կատարողական արվեստում, բեմին ու արվեստին, նաեւ իր հանդիսատեսին բերելով իր անհատականության լրջությունն ու վերաբերմունքը հանդեպ դասական երաժշտությունը։

Կենսագրական մենագրության մեջ ներկայացված են նաեւ Անահիտ Ցիցիկյան երաժշտագետի ու ուսումնասիրողի երաժշտագիտական հնէաբանության ուսումնասիրության ուղղության ստեղծողի գիտական բացահայտումները, հրատարակած աշխատությունները, հոդվածներն ու գրքերը, որտեղ մեծագույն բացահայտում է ջութակի հայկական ծագումնաբանության ապացույց ուսումնասիրությունները: Հայաստանի տարածքում, Դվինում գտնված, ջութակահարի պատկերով թանկարժեք ու բացառիկ սկիհի ուսումնասիրության արդյունքները պրպտող երաժշտագետի ծանրակշիռ փաստարկներով մեծ ու ցնցող բացահայտումների սկիզբ դրեցին։

Գիրքը հրատարակված է ռուսերեն լեզվով։ Այն լավագույն, խորհրդանշական ու ներկայանալի ընծա է երկկողմ երաժշտական ակադեմիական ու կատարողական հանդիպումների ժամանակ, քանի որ պատմում է մեր երաժշտական բարձր ճաշակի ու նրա ձեւավորող անհատի մասին, ում բարձր է գնահատել միջազգային երաժշտական աշխարհը։ Երեւանում, դստեր ջանքերի շնորհիվ, անվանակոչվել է երաժշտական դպրոց, գործում էր նրա անվան մշակութային ֆոնդ, որը տարբեր մշակութանպաստ գործունեություն էր ծավալում, իսկ ջութակահարուհու տան պատին զետեղված է նրա առինքնող կիսադեմով հարթաքանդակ–հուշատախտակը։

Երբ գեները չեն հանգստանում

Մոր հսկայական գիտական ու գենետիկ ժառանգությունը դստերը՝ Նունե Շամախյանին, ինչպես ինքն է ասում՝ ստիպեցին այլ մասնագիտություններում հմտանալ, լինել թարգմանիչ, լրագրող, խմբագիր, մենեջեր… Ահռելի գիտահետազոտական աշխատանք, միայնակ, տասնամյակներ շարունակ, ամեն տեսակ դժվարություն անտեսելով, մեծ կամքի ու նպատակի կարեւորության գիտակցումով նա շարունակում է ուսումնասիրությունները Անահիտ Ցիցիկյանի գործիքագիտական ու երաժշտական հնագիտության աշխարհի նոր բացահայտումներով զարմացնել, վաստակաշատ մոր գիտական գրքերի հրատարակությունների կողքին դնելով նաեւ սեփականը, որը մի ողջ ինստիտուտի աշխատանք է՝ կատարված մեկ անհատի կողմից։ «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» բացառիկ աշխատություն է, հանրագիտարանային արժեք ներկայացնող ուսումնասիրություն, գիտական ու ազգագրական նյութերի հարուստ փաստավավերագրություն, մշակութային ռազմավարության հրաշալի ու բացառիկ օրինակ մեր օրերում։

Այդ գիրքը երաժշտական գործիքների պատմության մի հանրագիտարան է, որի հայտնությունը մեծ ու տքնաջան աշխատանքի արդյունք է, որը անսահման ու անշահախնդիր նվիրումից կարող էր ծնվել, դառնալով մի ազգի երաժշտական մտածողության ու զարգացման լավագույն փաստավավերագիր, գիտական ուսումնասիրություններով հիմնավորված, անձնագիր։ Այս տիտանական աշխատանքի հեղինակը հայկական աղբյուրների ուսումնասիրությամբ չի բավարարվել, այլ ուսումնասիրել համաշխարհային արխիվներ, արտերկրյա գրադարաններ, որտեղից պեղվել են ապացույցներ այս կամ այն գործիքի ծագման, նրա արմատների մասին, որոնք ամբողջացած են այս ծավալուն գրքում։

Աշխարհի համար բացահայտում է այն, որ ջութակի նախատիպը իր թվագրությամբ ու ծագմամբ ամենահին օրինակը՝ ասենք ջութակի նախատատը հայկական ծագման էր, որը նույնպես նվագվում էր ուսին հենած, դնչով կռթնած ու ուներ աղեղ, լարեր։

Վկայություններն ու պատկերային փաստավավերագրությունը հայկական մանրանկարչության գոհարներից են պեղվել, խաչքարերի, տապանաքարերի արձանագրություններից ու փորագրաքանդակներից, ինչպես նաեւ հնագիտական պեղումների ժամանակ գտնված այնպիսի գտածոներից, որոնց վրա հստակ պատկերված են ժամանակի երաժշտական կյանքին բնորոշ տեսարաններ, երաժիշտ կատարողներ եւ գործիքներ, որոնցից շատերը զարգացման տարբեր փուլեր անցնելով՝ հասել են մեր օրեր։

Հեղինակը միայն Հայաստանի ու Արցախի տարածքում գտնվող գտածոների ուսումնասիրությամբ չի բավարարվել, այլեւ պեղել է արտերկրյա շատ գրադարաններ, գիտական արխիվներ, որոնք հարուստ նյութ են պարունակել ապացուցելու հայկական երաժշտական գործիքների պատմության բազմադարյա թվագրությունն ու ըստ այդմ հին հայկական երաժշտական մտքի, բացառիկ նոտագրության դեռեւս բացահայտվող ու վերաթարգմանության կարոտ վկայությունները։ Նունե Շամախյանի այս թանկարժեք աշխատությունը եռալեզու է, պատկերագիր եւ բավականին ներկայանալի թե արտաքին եւ թե ներքին բովանդակությամբ, տպագրական որակով։

Նման աշխատությունները, որոնք բարձրակարգ ընծա կարող են լինել ցանկացած մշակութային, դիվանագիտական փոխայցերի ժամանակ, կարող են ազգի ու ժողովրդի նկարագրի մասին պատմող լավագույն անձնագիրը լինել։ Կատարված ու ամբողջական մի հատորով ընթերցողի սեղանին դրված այս ահռելի աշխատանքը, տակավին իր գնահատականին է սպասում, որը կարծում եմ, որ պետք է  լիներ գնահատման ու ուշադրության արժանի երեւույթ պետության ու պետական համապատասխան կառույցների կողմից, առաջին դեմքերի կողմից, որպես անհետաձգելի ու արժանի գործառույթ մեր ամեն օր մաղվող կարեւոր արժեքների այս հարահոսի մեջ։

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
20.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728