Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունների մնալու պարագայում Հայաստանը պետությունից կվերածվի բաց բաժնետիրական ընկերության»

Փետրվար 22,2025 12:30

«Ցավալի է սեփական պետության ղեկին տեսնել մեկին, որն անինքնասերի պես՝ ավելի ուժեղ մեկի հրամանով, վախից վազում է ծխախոտ գնելու, բայց փորձում է ներկայացնել այնպես, իբր խանութ գնալն իր սեփական նախաձեռնությունն էր, թե չէ իրեն ո՞վ կարող էր ծխախոտ գնելու ուղարկել»,- «Առավոտի» զրուցակիցն է վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

– «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ». այսպիսով Նիկոլ Փաշինյանն ազդարարում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու մասին, ի՞նչ մեկնաբանություններ ունեք։

– Նախքան Սահմանադրության փոփոխման գործընթացի ազդարարումը Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակեց Հայաստանի Հանրապետության գաղափարական հայրը. մոգոնեց գաղափարախոսություն, որը հիմնված է, եթե չեմ սխալվում 14 դրույթների վրա եւ հենց այդ 14 դրույթներն էլ պետք է հանդիսանան Սահմանադրության հիմքը։ Այն, որ Նիկոլ Փաշինյան անձն ու ժողովրդավարությունը հակադիր բեւեռներ են, դա վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէր, սակայն Նիկոլ Փաշինյանի հիվանդ երեւակայությունն արդեն բռնապետությունից գնում է ուղիղ դեպի ֆաշիզմի` իր բոլոր վտանգավոր հետեւանքներով։ Միայն ֆաշիստը կարող է գաղափարախոսություն մոգոնել բացառապես ելակետ ընդունելով իր սեփական մտքերը, այնուհետեւ դրանք փորձել ամրագրել Սահմանադրությամբ։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թերուս մտքի, պատառիկներից կազմված տեղեկությունների հիման վրա առաջացած ընկալումները պարտադրել ողջ ժողովրդին` օրենքի ուժով։ Աստված մի արասցե, բայց այդ չարաբաստիկ Սահմանադրության ընդունումից հետո ով ըմբոստանա Նիկոլ Փաշինյանի մտքերին, քրեորեն հետապնդվելու է, որպես սահմանադրախախտ։ Նիկոլ Փաշինյանը հավակնում է սեփական անձի պաշտամունքին հասնել օրենքի ուժով ճիշտ այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում։

Ինչ վերաբերում է նրա տարբեր ձեւակերպումներին, ինչպիսին օրինակ՝ պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ անցումն է, ապա դա պատմական Հայաստան-իրական Հայաստան կեղծ հակադրման տրամաբանական շարունակությունն է։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի գիտելիքները կազմված լինեն պատառիկներից, այնուամենայնիվ, նրա գործողությունները խիստ հետեւողական են ու ամբողջական։ Նրա բոլոր մտքերը, որոնք սզբնական շրջանում ծիծաղ են առաջացնում, որոնց ոչ ոք չի փորձում լուրջ վերաբերվել, ժամանակի ընթացքում կյանքի են կոչվում ու պարզվում է, որ այն միայն նախերգանքն էր հաջորդ գործողության, որը բխում է նախորդից։ Նայեք, սկզբից նա թեթեւակի գրոհեց մեր ազգային արժեքների վրա, այնուհետեւ Արարատ լեռը հակադրության մեջ դրեց Արագած լեռան հետ, հետո ասպարեզ բերեց Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն հակադրությունը… վերջում պարզվեց, որ այդ բոլորը պատմական Հայաստան-իրական Հայաստան հակադրության նախերգանքն էին, որի հանրագումարն էլ պետք է դառնար սեփական գաղափարախոսությունը Սահմանադրության մեջ ամրագրելը։

Բայց ամենակարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ մանիպուլյատիվ մեթոդներով փորձում է քողարկել այն, որ ինքը պարզապես կատարում է Ալիեւի հրահանգը։ Փորձում է տպավորություն ստեղծել, իբր Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի քաղաքական օրակարգն է, բայց իրականում Բաքվի հրահանգի ուղիղ կատարումն է։ Անունը կդնի անհատի երջանկություն, ազգի ու պետության արժեքներ, թե մեկ այլ բան, դրանից ոչինչ չի փոխվում։ Ցավալի է սեփական պետության ղեկին տեսնել մեկին, որը անինքնասերի պես՝ ավելի ուժեղ մեկի հրամանով, վախից վազում է ծխախոտ գնելու, բայց փորձում է ներկայացնել այնպես, իբր խանութ գնալն իր սեփական նախաձեռնությունն էր, թե չէ իրեն ո՞վ կարող էր ծխախոտ գնելու ուղարկել։

Հաջորդ քայլը լինելու է Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, որը նույնպես կարող է փաթեթավորվել այլ բառերով ու ներկայացվել որպես Հայաստանի օրակարգային հարց ու սուվերեն որոշման արդյունք։

Նիկոլ Փաշինյանի մոգոնած գաղափարախոսությունն ադրբեջանահաճո է, ենթադրաբար Ալիեւը նրա հասցեին գովեստի խոսքեր կասի ճիշտ այնպես, ինչպես գովեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց ամբողջովին շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չխփեց, համարելով դա Ադրբեջանի ներքին գործը։

-Մյունխենի գագաթաժողովի մասին, որտեղ որոշակիորեն ուրվագծվեց նոր աշխարհակարգը, տարբեր վերլուծություններ եղան. Ձեր տպավորությամբ, ի՞նչ փուլ է մտնում այսպիսով աշխարհը, ի՞նչ առաջնահերթություններ կան, ինչո՞ւ ժողովրդավարության բաստիոն Հայաստանն ու նրա ղեկավարը մնացին այդ գագաթաժողովի ստվերում։

– Նոր աշխարհակարգի իրական ուրվագծումն ու ձեւավորումը սկսվելու է Պուտին-Թրամփ ուղիղ բանակցություններից, նույնիսկ ոչ թե պատվիրակությունների, որն արդեն իսկ հսկայական առաջընթաց է, այլ երկու նախագահների ուղիղ հանդիպումից։ Սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ աշխարհը մոտենում է մի հանգրվանի, որում որոշակի հստակություններ կարելի է արձանագրել, թեկուզ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման ուրվագծումը, Իսրայելի վերջնական հաղթանակի ուրվագծումը ու տարածաշրջանում դոմինանտության դերի ստանձնումը, հետեւաբար նաեւ Թուրքիային հիմնական մրցակից դառնալը, ինչը նշանակում է, որ Իրանը զգալիորեն թուլացել է ու գիտակցում է, որ թիրախում հաջորդն ինքը կարող է դառնալ, ինչն էլ իր հերթին բնականաբար չի բխում մեր շահերից։ Ես չեմ ասում, որ մենք ամբողջովին պետք է ապավինեինք Իրանի աշխարհաքաղաքական շահերին, սակայն բնական դաշնակցի նկատելի թուլացումը չի կարող չազդել նաեւ մեզ վրա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստվերում մնալուն կամ, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնին, ապա նախ բոլորն են հասկանում, որ այդ ժողովրդավարության բաստիոն կոչեցյալն իրականում միֆ է։ Եթե նույնիսկ Հայաստանը լիներ ժողովրդավարության եզակի էտալոն, ապա ներկայումս աշխարհը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ այս նոր աշխարհակարգի ձեւավորման փուլում ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու ներքին կառավարման ինչիպիսի՞ մոդելով ես ապրում, աշխարհն այս պահին առաջնորդվում է բացառապես իրական ու շոշափելի շահերով։ Մի մասը փորձում է իրենը պոկել նոր ձեւավորվող աշխարհակարգից, մի մասը փորձում է չմնալ հնի փլատակների տակ ու առնվազն ծիծաղելի է, երբ դու՝ դեպքերի զարգացման նման տեմպերում, որպես հաղթաթուղթ ես փորձում օգտագործել քո ներքին ժողովրդավարությունը կամ բոլորի աչքն ես ուզում մտցնել քո խաղաղության խաչմերուկը։ Այլ իրավիճակում գուցե դրանք աշխատող գործոններ լինեին, սակայն ոչ հիմա։ Բոլորը, իհարկե, քաղաքավարի կժպտան, գլուխները կտմբտմբացնեն, գովեստի խոսքեր կասեն, շաբաթը մեկ նույն նախադասություններով ձեւակերպված պրոտոկոլային հայտարարություններ կանեն, որ աջակցում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, սակայն բոլորն են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի այս խաղաղասիրությունն իրականում բխում է թույլի ու պարտվածի դիրքերից։

– Մյունխենի գագաթաժողովին անմիջապես հետեւեցին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնց արդյունքում արդեն քննադատվում է Ուկրաինան ու նախագահ Զելենսկին, որ երեք տարի ժամանակ են ունեցել ու չեն բանակցել ՌԴ-ի հետ, արձանագրվում է, որ ՌԴ-ն կարող էր արագորեն ոչնչացնել ուկրաինական քաղաքները՝ ընդհուպ մինչեւ Կիեւ, բայց մեծահոգաբար դա չի արել ու, ի վերջո, առաջարկ է հնչում՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ այդ երկրի ղեկավարի վարկանիշը 4 տոկոս է։ Եթե այս ամենը թարգմանենք քաղաքագիտական բառապաշարից՝ ի՞նչ կարող ենք արձանագրել։

– Քաղաքական բառապաշարով արտահայտված՝ Թրամփը բաց տեքստով ասում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի, Զելենսկին պետք է հեռանա, բացի այդ, պետք է պատասխան տա, թե ի՞նչ են եղել ամերիկյան փողերը ու նաեւ Ուկրաինան պետք է վարձահատույց լինի ԱՄՆ-ին այս ամբողջ ժամանակահատվածում ցուցաբերված օգնության համար, թեկուզ իրենց հանձնի երկրի հանքային պաշարները, որոնց մասին արդեն Թրամփը խոսել է։ Իսկ մնացյալ հարցերը պետք է հոգա Եվրոպան։ Քաղաքական բառապաշարից եթե անցենք խոսակցականի, նշանակում է, որ Ուկրաինայի խնդիրը մնում է Եվրոպայի վզով։

Գրեթե չեմ կասկածում, որ Թրամփն ու Պուտինը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ, հատկապես եթե հաշվի առնենք Թրամփի արդեն իսկ հնչեցրած հայտարարությունները, որ Զելենսկին կարողացավ համոզել Բայդենին ու ներքաշել մի պատերազմի մեջ, որը հաղթելն անհնար էր։ Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը, մեղավոր են Զելենսկին, այնուհետեւ Բայդենը, հետո Եվրոպան…ու վերջ։ Այս ամենի ֆոնին ակամայից հիշեցի Բայդենի վարչակազմի հեռանալու նախօրեին վերջինիս հետ կնքված Հայաստանի պայմանագիրը, որին ՀՀ իշխանությունն ու նրան սպասարկող ուժերը փորձում էին աշխարհաքաղաքական մեծ ձեռքբերում հաղորդել ու որպես հիմնավորում նշում էին այն, որ Հայաստանը ոչ թե Բայդենի, այլ ԱՄՆ պետդեպի հետ է փաստաթուղթ ստորագրել։ Զելենսկին նույնպես ոչ թե անձամբ Բայդենի, այլ ԱՄՆ պետդեպի հետ էր համաձայնության եկել ու ո՞վ է հիմա այդ մասին հիշում, երեւի միայն Զելենսկին։ Ի դեպ, հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո, ասվում էր, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ սահմանային հանձնաժողով պետք է գա։ Հաջորդ շաբաթ Բայդենը հեռացավ իշխանությունից, իսկ այդ հանձնաժողովը եկա՞վ, չէ՞ որ ըստ ՔՊ-ի մենք ԱՄՆ պետդեպի հետ էինք պայմանագիր ստորագրել։

– Նոր աշխարհում որտե՞ղ է ըստ Ձեզ լինելու Հայաստանի տեղը։ Իշխանության վարած քաղաքականությունը՝ Արցախի հանձնում եւ հայաթափում, Արարատ սարի բացառում, Ցեղասպանության ուրացում, սեփական խնդիրների մեջ թաղված ԵՄ գնալու օրակարգ, որտեղ, ի դեպ, քանիցս հայտարարվել է, որ մեզ չեն սպասում եւ այլն, հստակ փաստում են Հայաստանը Թյուրքական աշխարհում տեղավորելու մասին։ Բայց, նաեւ հստակ է, որ ՌԴ-ն շարունակելու է մնալ տարածաշրջանային լիդերի դերում։

– Սկսենք թերեւս վերջից, այո, հստակ է, որ Ռուսաստանը մնալու է տարածաշրջանային խոշորագույն դերակատար ու ինչպիսի քվեարկություններ էլ անի ՀՀ ԱԺ-ն, գնա Եվրոպա, թե Աֆրիկա, միեւնույն է, Փաշինյանը պետությունը հասցրել է այնպիսի գահավիժման, որ ներկա պահին այդ քվեարկություններից ոչինչ կախված չէ, այն միայն ավելի ծիծաղելի վիճակի մեջ է դնում մեզ։ Այսինքն, այս փուլում, ցավոք, մեզանից ոչինչ կախված չէ։ ԱԺ-ն քվեարկեց ԵՄ գնալու օգտին ու ուրախացան միայն ՔՊ-ականները, ԵՄ-ից զրո արձագանք, նույնիսկ ողջույնի խոսք չհնչեց, երեւի նույնիսկ չիմացան էլ, արդյունքում սպառնալիքներ ստացանք Ռուսաստանից։ Սակայն այդ քվեարկությունը լինի հերթական, թե արտահերթ ընտրություններ, ՔՊ-ն փորձելու է ներկայացնել որպես աշխարհաքաղաքական խոշորագույն քայլ։ Որպես օրինակ բերեմ ՌԴ սահմանապահ զորքերի դուրսբերումը հայ-իրանական սահմանից։

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղը նոր ձեւավորվող աշխարհակարգում, դժվար է այս պահին ստույգ կանխատեսելը։ Նախ նոր աշխարհակարգը դեռեւս ձեւավորման փուլում է ու ընթացքում շատ փոփոխություններ կլինեն, նույնիսկ հնարավոր է մեծամասշտաբ, հետո կախված է նրանից, թե ովքեր կլինեն Հայաստանի իշխանության ղեկին, այս իշխանությունը վերարտադրվի՞, թե՞ ընդդիմությանը կհաջողվի կանխել այն։ Այս իշխանությունների մնալու պարագայում, կարծում եմ, Հայաստանը պետությունից կվերածվի բաց բաժնետիրական ընկերության։

Քաղաքական ազդեցության առումով Հայաստանը կբաժանվի Թուրքիայի ու Ռուսաստանի մեջ, ինչպես Սիրիան են իրար մեջ կիսում Թուրքիան ու Իսրայելը։ Արեւմուտքը նույնպես գուցե իր մասնաբաժինն ունենա, բայց այդ մանդատը կտրվի Թուրքիային։ Թեպետ շատերն են շեշտում պատերազմի բարձր հավանականության մասին, բայց պատերազմ կարող է եւ չլինել, որովհետեւ վերջնարդյունքում այդ պատերազմի իմաստը կորելու է։

– Զանգեզուրի միջանցք, Մեղրին փոխանակելու հարց. տարիներ շարունակ չարչրկված հարցեր, որոնց շուրջ խոսակցությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են. ո՞րն է նպատակը եւ կա՞ տեսանկյուն, որից չի դիտարկվել այս հարցերը։

– Այո, ճիշտ շեշտեցիք, տարիներ շարունակ չարչրկված հարցեր, բայց եկեք այդ բոլորին նայենք փաստերի տեսանկյունից։ Քաղաքականությունը սիրում է չոր փաստեր, ոչ թե այն, թե ինչ հարցեր են քննարկվել տարիներ առաջ ու ինչ կարող էր լինել, այլ թե ինչ կա հիմա։ Մարդուն չեն դատում նրա համար, թե ի՞նչ կարող էր անել տեսականորեն, այլ դատում են, թե ի՞նչ է արել փաստացի։ Իսկ փաստացի Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, նպաստել է Արցախի հայաթափմանը, հանձնել է Հայաստանի սուվերեն տարածքները, ուրացել է Հայոց ցեղասպանությունն ու ազգային արժեքները, 2018 թվականին շանտաժով տապալել է Սահմանադրական կարգը, իսկ 2021 թվականին վերարտադրվել է ստի ու կեղծիքի միջոցով։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանք կոչեցյալին, ապա հեռու չէ այն օրը, որ Հայաստանի տարածքով Թուրքիան ու Ադրբեջանը կկապվեն իրար հետ, պարզապես Ադրբեջանում այն կանվանեն Զանգեզուրի միջանցք, իսկ Հայաստանում ճանապարհ. բայց փաստը կմնա այն, որ մենք կկանգնենք Սյունիքի հայաթափման վտանգի առաջ, եթե դրան էլ գումարենք ադրբեջանցիների հնարավոր բնակեցումը Հայաստանում։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728