Արդեն 40 օր է, մեզ հետ չէ մեր սիրելի ընկերներից Արամը կամ, ինչպես «Առավոտ»-ում էինք մտերմաբար անվանակոչել՝ Զ-Արամը։
Ազնիվ ու անկեղծ, ընկերասեր ու պատրաստակամ, նվիրվող եւ նվիրումը գնահատող Արամը, երազող ու իր երազանքներում արդար, ազնիվ, բարի աշխարհ փնտրող Արամը, նաեւ անհաշտ ու պոռթկուն Արամը…
11 տարի առաջ նա Մոսկվայում գլխուղեղի հետ կապված ծանր վիրահատության ենթարկվեց: Բժիշկները նրան հորդորել էին. շատ չծանրաբեռնել իրեն, խուսափել մտավոր աշխատանքից…
Բայց ում ասես…
Կարդացեք նաև
Արամ Զաքարյանը երկար տարիներ աշխատել էր «Փաստ» լրատվական գործակալությունում, «Առավոտ», «Հրապարակ» օրաթերթերում, Պաշտպանության նախարարության հանրային կապերի վարչությունում, «Lragir.am» էլեկտրոնային պարբերականում, մշտապես իր վրա աշխատող, պրպտող, ակտիվ լրագրողական կյանքով: Նա «Առավոտ» օրաթերթում համակարգում էր մարզերի լրագրողների աշխատանքը, հաճախ լինում մարզերում, խորհուրդներ տալիս նրանց…
Մոսկվայից վերադառնալուց հետո նա ընտրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայի «911» թերթը, վերջին տարիներին «911.tert.am» պարբերականի խմբագիրն էր, ապա սկսեց դասավանդել Ճգնաժամային կառավարման ակադեմիայում:
Նա բացի օպերատիվ լուրաշարերից, ԱԻՆ-ում հայտնաբերում էր մարդկանց, ովքեր արտակարգ իրավիճակներում էին աշխատում, ծանր կորուստների ականատեսը դառնում առաջինը, բայց իրենց մարդկային որակները՝ օգնելու, փրկելու, ձեռք մեկնելու, ապրելու, չէին կորցրել. նա իրեն համարում էր Փրկված, եւ ապրում մյուս Փրկվածների կյանքով:
…Ասում են՝ 40 օր հետո են հոգիները լքում այս աշխարհը։ Թող երկնքում հոգիդ խաղաղվի, Արամ ջան։
«Առավոտ» օրաթերթ
20.02.2025