Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղն անպայման լինելու է դատական նիստ վարչական հսկողության մասով, որպեսզի էդգար Ղազարյանին զրկեն հանրային խոսք ասելու հնարավորությունից». Ռուբեն Մելիքյան

Փետրվար 21,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր երեկոյան համացանցում գրառում էր կատարել, որ ոչ աշխատանքային ժամին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Այս հաղորդագրությանն արագ արձագանքել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտարարելով, որ ինքը նույնպես  գնում է Երեւանի քննչական՝ որպես Էդգար Ղազարյանի փաստաբան:

Որոշ ժամանակ անց  քննչականից դուրս գալով՝ Ռուբեն Մելիքյանը եւ Էդգար Ղազարյանը մտել են ուղիղ եթեր եւ մանրամասներ ներկայացրել ներկայացված մեղադրանքից:

«Հենց մտանք քննչական, մեզ ներկայացվեց, որ դատախազը, ուզում եմ սա հատուկ շեշտել, որովհետեւ որոշումը կայացնողը դատախազն է, ոչ թե քննչական մարմինը, որոշում է կայացրել Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Ժողովրդական լեզվով ասած՝ մեղադրանք առաջադրելու մասին՝ 490 հոդված:

Մեզ արգելվեց մեզ հայտնի դարձած փաստական տվյալները հրապարակել: Դա եւս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ այս ամբողջ քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է արվել: Այսինքն, ոչ միայն մեղադրանք են ներկայացնում, այլեւ արգելում են մեղադրանքի՝ մեզ հայտնի փաստական տվյալները ներկայացնել: Ես, իհարկե, պարզաբանում եմ պահանջել եւ իմ դիրքորոշումն եմ հստակ ներկայացրել: Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել իր հրապարակային խոսքի համար, ուրիշ ոչինչ: Այն խոսքի համար, որ դուք անընդհատ լսում եք տարբեր հարթակներում: Նրա հրապարակային խոսքից որոշ դրվագներ վերցրել եւ դարձրել են մեղադրանքի մաս: Այստեղ ի՞նչ անթույլատրելիության մասին է խոսքը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը եւ նշեց, որ իրենց տեղեկացրեցին, թե ում հաղորդման հիման վրա է հարուցվել վարույթը, բայց հիմա ձեռնպահ կմնան դա հրապարակայնացնելուց, որովհետեւ դա կարող է ինչ-որ առումով վիճելի համարվել:

Ռուբեն Մելիքյանը նաեւ մեղադրանքից մի քանի ձեւակերպումներ ներկայացրեց: «Մասնավորապես, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ Սահմանադրական դատարանը  ըստ էության չեզոքացրեց Անկախության Հռչակագիրը, որի իրավունքը չուներ, Էդգար Ղազարյանը հանդես է եկել քննադատական մի քանի տեքստերով, որտեղ նշել է, որ ՍԴ դատավորները այս որոշումը կայացնելով կամ տգետ են, կամ դավաճան: Կամ, օրինակ, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր: Ինչպես տեսնում եք, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք: Բացառապես քննադատություն: Սա հանրային հնչեղություն ունեցող գործ է»,-ասել է իրավապաշտպանը:

Խոսելով խափանման միջոցի մասին, Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ նախ արդեն քննիչի կողմից ընդունվում է երկրից բացակայելու արգելք, այսինքն, Էդգար Ղազարյանը Հայաստանից դուրս գալու իրավունք այլեւս չունի: Եվ երկրորդ, դատարան ներկայացնելու են միջնորդություն Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու մասին, ինչը շատ լայն ծավալ ունեցող խափանման միջոց է: Կարող է լինել գործողությունների արգելք, որը ոնց հասկացանք, անպայման լինելու է քննչականի միջնորդության մեջ: Միջնորդությունը մուտք է արվելու Մասիվի դատարան: Վաղն անպայման լինելու է դատական նիստ վարչական հսկողության մասով, որպեսզի էդգար Ղազարյանին զրկեն հանրային խոսք ասելու հնարավորությունից»,-ասել է իրավապաշտպանը եւ խոստացել ժամի մասին տեղեկացնել լրացուցիչ:

Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Մելիքյանին ուշ ժամին իր եւ նման կարգավիճակում գտնվող բոլորի  կողքը լինելու եւ արժեքավոր խորհուրդներ տալու համար եւ արձանագրել. «Այս իշխանությունները արդեն երկար ժամանակ իմ կողքերը պտտվում են: Մամուլում էլ գրվել է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է  Էդգար Ղազարյանի գործունեության հետ կապված ինչ-որ մի գործ գտնել եւ քրեական վարույթ նախաձեռնել: Ոչինչ չեն կարողացել գտնել, հիմա եկել, կպել են իմ խոսքին, մի քանի անգամ ապօրինի բերման ենթարկել: Հիմա սա է: Հրապարակային խոսքի, ընդամենը կարծիք արտահայտելու  համար մարդուն պետք է ենթարկեն քրեական պատասխանատվության: Ես էլ հիմա միայն կարծիք եմ արտահայտում: Այսինքն, ստացվում է, որ այս իշխանություններին որեւէ ձեւով քննադատել չի կարելի: Եթե քննադատում ես, կամ ֆինանսական պատասխանատվության պիտի ենթարկվես, կամ քրեական պատասխանատվության: Բայց ես մերկապարանոց ոչ մի բան չեմ խոսում: Իմ ամեն մի խոսքի տակ կան իրավական փաստական հանգամանքներ, հիմնավորումներ: Հիմա ասում են՝ չէ, քո խոսքը շատ լսելի է, հասանելի է, ծավալը մեծ է, ինտենսիվությունը մեծ է՝ չենք դիմանում: Ու ըստ էության փորձում են այս ձեւով իմ ազատ խոսքը լռեցնել: Պարզ է, որ ուրիշ ոչ մի կերպ ինձ լռեցնել չեն կարող՝ պետք է տանեն, դատարանով ասեն՝ արգելում ենք քեզ խոսել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728