Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացան Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1 և «Կարմիր Պաստառ»-ի գնդակահարության 81-ամյակները

Փետրվար 21,2025 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների գնդակահարության 81-ամյա հոբելյաններին։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Արման Խաչատրյանը, Պանթեոնի կառավարիչ Բարբարա Վոլֆերը, Մանուշյանի պանթեոնիզացիայի համար պատասխանատու կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը, Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Հաիմ Կորսան, Ֆրանսիայի՝ նախկին ռազմիկների և հիշողության պահպանման հարցերով լիազոր նախարար Պատրիսիա Միրալեսի աշխատակազմի ղեկավար Դավիդ Դոմինե-Կոնը։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի ազատագրման պայքարում անջնջելի հետք թողած Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Մելինեի աճյունները Պանթեոն տեղափոխելը պատմական իրադարձությունն էր, արդարացի հարգանքի տուրք համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության վեհ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։

Դեսպան Խաչատրյանն ընդգծել է նաև, որ Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ, բայց նաև՝ ընդհանուր փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև անխախտ եղբայրությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, պատգամավորներ, Փարիզի շրջանների և հարակից քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատրամագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանի ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728