Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Միսակյանի գործով արդարադատության նախարարությունն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է ներկայացրել ԲԴԽ-ին․ դատավորը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

Փետրվար 21,2025 21:55

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորությունները դադարեցված ) դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ին իրականությանը չհամապատասխանող փաստեր է ներկայացրել։ Դատավոր Վահե Միսակյանի գործով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց դատավոր Վահե Միսակյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ 2024թ․ հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Ընդ որում, ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ ի սկզբանե խնդիր էր դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու, հատկապես, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ներել դատավորին՝ Սերժ Սարգսյանի արդարացումը։ Ինչ վերաբերում է սույն կարգապահական վարույթին, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները, ապա գործի քննության ընթացքում դատավորն ընդգծել էր, որ իրենից կախված ամեն բան արել է, մոտիվացիա, միտում չի ունեցել ձգձգելու, ինքն առնվազն իր հետ ազնիվ է, կան գործեր, որոնք երկար են քննվում, փորձում է հնարավորինս պահել այդ բալանսը, կան նույնիսկ գործեր, որոնք այլ դատավորներից են փոխանցվել․ «Ես իրավիճակին համարժեք եմ արձագանքել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նիստերը չհետաձգվեն։ Նիստերը հետաձգվել են օբյեկտիվ անհրաժեշտությամբ»։ Այդուհանդերձ, ԲԴԽ-ն դադարեցրել է դատավորի լիազորությունները։

Այժմ դատավորը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել՝ վերականգնելու իրավունքները։ ՄԻԵԴ-ն արդեն ստացել է դիմումը։ Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ-ում դատավարությունը հրապարակային է եղել, բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել։

«Որքան էլ, որ ԲԴԽ-ն փորձեց պատճառաբանել, որ երեք տարվա ընթացքում 18 նիստ է եղել և դատարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, նախարարը 14 դատական նիստով 6 դրվագ էր բերել, որոնք հերքվել են դատաքննության ժամանակ։ Նախարարությունը նույնիսկ ի պատասխան մեր հերքմանը պատասխան ելույթով հանդես չեկավ։ Ավելին, նախարարությունը ԲԴԽ էր ներկայացրել իրականությանը չհամապատասխանող փաստեր։ Դա լռության մատնվեց, բայց այստեղ քննադատության շատ սուր վեկտոր պետք է ուղղվի՝ նախարարության ուղղությամբ՝ ինչպե՞ս եք համարձակվում ԲԴԽ-ին ներկայացնել փաստեր, որոնք ինքներդ չեք ճշտել։ Օրինակ՝ Վահե Միսակյանը հերթապահ դատավոր էր նշանակված եղել, կարող էր մնալ և ժամը 18։00-ից հետո աշխատել, բայց այդպիսի բան չկար, մենք հերքել ենք։ Ուստի, ԲԴԽ-ն տեսնելով, որ այդ վեց հիմքերը, որով իրենք փորձում են արդարացնել, որ դատավորը ջանասիրություն չի ցուցաբերել, հերքվել են, անցել են ընդհանրական ձևակերպման, այսինքն՝ դե երեք տարվա ընթացքում 18 նիստից 14-ը հրապարակվել են, դա անընդունելի է՝ դատաքննությունն անցկացնել երեք տարվա մեջ՝ 18 դատական նիստով և այդքանով բավարարեցին»,- նշեց Արա Ղազարյանը։

Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԲԴԽ-ում գործերի քննության, դատական ակտերի մեթոդաբանությունը չի համապատասխանում ՄԻԵԴ չափանիշներին, այն է՝ պետք է անպայման հանրային և մասնավոր շահերի համադրում իրականացվի՝ երբ որոշում են տույժի ենթարկել, եթե այո, ապա ինչ տույժի, մինչդեռ, այդ համադրումը չի արվել։

«Այնտեղ ուղղակի վերացական արտահայտություն է նշվել, որ այն դատական ակտը, որ հասարակությունը կարող էր ստանալ մեկ տարվա ընթացքում, ստացել է երեք տարվա ընթացքում, և ի՞նչ, հանրային շահը վնասվե՞լ է դրանից, ի՞նչ է՝ դա չափազանց դոկտորինալ մեկնաբանություններով լի դատական ակտ էր, որ հասարակությունը երկու տարի հետո ստացավ և դրանից հանրային շահը վնասվեց, և դա ավելի կարևո՞ր էր, քան Վահե Միսակյանի անցած ճանապարհը՝ 20 տարվա։ Այս ամենը պետք է համադրվեր, ինչը չի արվել։ Դրանով իսկ արդեն ոչ իրավաչափ է այդ դատական ակտը»,- նշեց Ղազարյանը։

Դիտարկմանը, որ այդ կարգապահական վարույթը հարուցվել էր՝ Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատական ակտից հետո՝ Ղազարյանը նշեց, որ հանրային ընկալումն է այդպիսին, հանրությունն այդպես է ընկալում, որ Վահե Միսակյանին պատժեցին, իրենք նույնպես նշել են, որ Միսակյանի նկատմամբ անհամարժեք վերաբերմունք է ցուցաբերվել, բայց դատական գործընթացում չեն կարող շեշտել, որ Սերժ Սարգսյանին արդարացնելու պատճառով է դա, որովհետև չունեն որևէ փաստ։

«Դատավարության նպատակներից ելնելով՝ դա այնքան էլ անհրաժեշտ չէր, որովհետև մենք վիճարկում ենք, որ այս գործն ընդհանրապես չպետք է լիներ, քանի որ որևէ դրվագում դատավորը չի ունեցել ջանասիրության, բարեխղճության բացակայություն։ Եթե եղել է, ապա ցույց տվեք, չկարողացան ցույց տալ, դրա համար էլ անցան հերթապահ, ընդհանրական ձևակերպմանը, որտեղ փաստ չկար, որ դատավարությունը տևել է երեք տարի, եղել է 18 նիստ, ինչը խախտում է, այդ ինչպե՞ս։ Բոլոր դատավարություններն էլ ՀՀ-ում այդքան են տևում՝ մոտավորապես այդ քանակի նիստերով։ Այստեղ ոչ թե Միսակյանն է մեղավոր, այլ՝ պետությունը, որ չի կարողանում ծանրաբեռնվածությունը նվազեցնել»,- ընդգծեց Ղազարյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ում արդեն բավարար թվով գործեր են հավաքվել, փորձագետը կարծում է՝ ՄԻԵԴ-ն այդ բոլոր գործերը կմիավորի մեկ վարույթում և ՀՀ-ի վերաբերյալ որոշում կկայացնի, ՀՀ-ն պետք է այդ պրակտիկան դադարեցնի, հակառակ դեպքում՝ ԵԽ-ի կողմից քաղաքական որոշում կկայացվի։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728