Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ում «քցել» կամ դավաճանել՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն, թե՞ հակառակը․ Քոչարյանի հայտարարության հետքերով – FIP.AM

Փետրվար 21,2025 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս մամուլի ասուլիսում մեղադրել էր Հայաստանին, թե վերջինս «ճակատագրական պահին քցել է Ռուսաստանին»։ «Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայենք Ռուսաստանի աչքերով․ իսկ Ռուսաստանից տեսնում ես մի բան՝ դու կարող ես կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ, բայց ուժային միջամտություն ո՞ւմ համար, Հայաստանի համա՞ր, որը ճակատագրական պահին քեզ քցել է, որը անցել է քո թշնամիների ճամբարը։ Ձեզանից որևէ մեկը իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞»,- հարցով դիմելով լրագրողների խմբին՝ ասել է Քոչարյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հայ-ռուսական հարաբերությունների առանձին դրվագներ, երբ ռուսական կողմը չի կատարել պայմանավորվածությունները և երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Ռուսաստանին դավաճանելու մասին Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները սկիզբ առան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո՝ Հայաստանի նկատմամբ 2021 և 2022 թվականներին ադրբեջանական հարձակումների ժամանակ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատշաճ արձագանք չցուցաբերեցին՝ պաշտպանելու Հայաստանի սահմաններն ադրբեջանական հարձակումից։

44-օրյա պատերազմում պաշտոնական Մոսկվայի որդեգրած դիրքորոշումն էր պատճառը, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքներով, Ռուսաստանի վարկանիշն անկում ապրեց հայաստանցիների շրջանում։ Այսպես, եթե 2018 թ. հուլիս-օգոստոսին հայաստանցիների 87 տոկոսն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ գնահատում, 11 տոկոսը՝ վատ, ապա 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թ․ ապրիլի-մայիսին անցկացված հարցման համաձայն, հայաստանցիների միայն 70 տոկոսն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել շատ լավ կամ լավ, իսկ 15 տոկոսը՝ վատ կամ շատ վատ։

Ի դեպ, ռուսական աղբյուրներն իրենց հերթին էին պնդում, թե Հայաստանում կարծում են, որ «Ռուսաստանն իրենց դավաճանել է» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

Նույն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո հօդս ցնդեց հայ-ռուսական թերևս ամենախոշոր պայմանավորվածությունը․ Հայաստանը Ռուսաստանից այդպես էլ չստացավ 400 միլիոն դոլարի զենքը, որի համար վճարել էր նախապես՝ 44-օրյա պատերազմից հետո: Ռուսաստանի այս քայլից հետո միայն Հայաստանը սկսեց այլ աղբյուրներ որոնել սպառազինվելու համար։

Իսկ պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահների առաքելության գոտում ադրբեջանական բազմաթիվ հարձակումների, տարածքների գրավման ու խաղաղ բնակիչների սպանության մասին փաստերին FIP.am-ը բազմիցս անդրադարձել է։ (1, 2, 3):

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հատկապես 2022 թվականից սկսած, երբ ՀԱՊԿ-ն և, մասնավորապես, Ռուսաստանը անտեսեցին ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու մասին Հայաստանի խնդրանքներն ու դիմումները։ Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի ժամանակ Հայաստանը դիմել է և՛ ՌԴ-ին , և՛ ՀԱՊԿ-ին։

2021 թ․ մայիսի 14-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, Հայաստանը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Իսկ երկրորդ անգամ Ռուսաստանին Հայաստանը դիմել էր 2022 թ․ սեպտեմբերի 14-ին։ ՀԱՊԿ-ին ևս Հայաստանը պաշտոնապես դիմել է 2 անգամ՝ 2021 թ․ մայիսի 14-ին և 2022 թ․ սեպտեմբերին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Այս անգամ ևս ՀԱՊԿ-ն չարձագանքեց Հայաստանի պաշտոնական դիմումին՝ բավարարվելով միայն հայտարարությամբ։

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերոնշյալ ոտնձգությունների ու ՀՀ տարածքից 200 քառ․ կմ․ օկուպացնելու պարագայում 2024 թ․ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։

«Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն»,- արձագանքելով Պուտինին՝ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում, արդեն մեկ տարուց ավելի է Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը։

Եվ միայն Ռուսաստանի այս վարքագծից հետո Հայաստանը սկսեց վերանայել իր արտաքին քաղաքական վեկտորը և խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ:

Հիշեցնենք՝ նախկինում, անկախացումից ի վեր, Հայաստանը բազմաթիվ զիջումներ է արել հօգուտ Ռուսաստանի: Մասնավորապես, ի հեճուկս իր շահերի, Հայաստանը առաջնահերթություն չի համարել Եվրոպական միության հետ սերտացումը՝ անդամակցելով Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը, և Ռուսաստանին է փոխանցել սեփական էներգետիկ ոլորտի վերահսկողությունը: Բացի այդ, Հայաստանը տարիներ շարունակ բոլոր միջազգային կառույցներում ելույթներով և քվեով աջակցել է Ռուսաստանին և զերծ մնացել որևէ այլ երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելուց:

Ավելին, արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019 թվականին, Հայաստանը խաղաղապահ առաքելությամբ հայ զինվորականներ էր ուղարկել Սիրիա, ինչը Փաշինյանը որակել էր «հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ձեռնարկ»։

Հասմիկ Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728