Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը՝ կոչ անելով աշխարհի կրոնական և քաղաքական առաջնորդներին միջամտել՝ պաշտպանելու քրիստոնյա համայնքների հիմնարար իրավունքները։
Կազմակերպությունը քաղաքային իշխանությունների գործողություններն անվանել է ոտնձգություն կրոնական ազատության դեմ և Երուսաղեմի սուրբ վայրերի կառավարման մեջ պատմական ստատուս քվոյի խախտում։
«Հայոց պատրիարքարանը, քրիստոնեական մյուս համայնքների հետ միասին, դարեր շարունակ պաշտպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը։
Պատրիարքարանի նկատմամբ իշխանությունների հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրերգություն են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին»,- ասվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար:Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
Հայցը ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը և չտրամադրելով ենթադրյալ պարտքի հստակ հիմքը։
Հայցի լսումը նշանակված էր 2025 թվականի փետրվարի 24-ին, սակայն փետրվարի 20-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատարանից ծանուցում է ստացել, որում նշված է. «Սպասուող եղանակային վատ պայմաններու պատճառով 24 Փետրուարի, 2025-ին՝ Արնոնայի (քաղաքապետարանի հարկ) խնդրով նախատեսուած դատական նիստը կրնայ չեղարկուիլ։ Նիստի գումարման մասին վերջնական որոշումը կը ծանուցուի Կիրակի, 23 Փետրուար, 2025-ին»:
Նշենք նաև, որ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է հղել Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին, ներքին գործոց նախարար պարոն Մոշէ Արպելին եւ կառավարական կոմիտէի ղեկավար պարոն Ցաչի Հանեկպիին արնոնայի հարցով: