Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում վարձակալության գները հավասարվել են այն ժամանակաշրջանի գներին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել»․ ի՞նչ միտումներ են անշարժ գույքի շուկայում

Փետրվար 21,2025 17:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները կայունացել են՝ համեմատած 2-3 տարի առաջվա հետ։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց անշարժ գույքի ոլորտի մասնագետ, «Սիլվեր ՌԵԱ» ընկերության տնօրեն Անդրանիկ Հարությունովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից կտրուկ հոսքի պատճառով անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ էր նկատվել։ Վերջին շրջանում, սակայն, նկատելի է, որ վարձակալության գները նվազում են։ «Ավելի շուտ վարձակալության գները կարգավորվել են, որովհետեւ եթե մենք ասում ենք՝ նվազել են, հասարակության մոտ դա այլ կերպ է ընկալվում։ Այսօր գները գրեթե հավասարվել են այն ժամանակաշրջանի գներին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պահանջարկին՝ մասնագետը նշեց, որ վարձակալության պահանջարկը ստանդարտ է։ Վերջին 10-20 տարիներին մարզերից շատ են տեղափոխվում Երեւան աշխատելու եւ բնակվելու, բնակարաններ են վարձակալում։ Զբոսաշրջային սեզոնին էլ աճում է օրավարձով բնակարանների պահանջարկը՝ հիմնականում Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում։

Անդրադառնալով անշարժ գույքի վաճառքի գներին՝ Անդրանիկ Հարությունովն ասաց, որ առաջնային շուկայում՝ եկամտահարկի վերադարձով պայմանավորված, մեծ ակտիվություն կար, շուկան մրցակցային էր։ Հիմա էլ մրցակցություն կա․ թեպետ եկամտահարկի վերադարձի որոշումը Երեւանի դեպքում չեղարկվել է, բայց կառուցապատողները, նրա խոսքով, վաճառքի նոր մեխանիզմներ են մշակում։ «Շատերն արդեն 5-10 տարի մարման ժամկետով անտոկոս՝ առանց բանկի վճարումներ են առաջարկում գնորդներին։ Եվ այդ մրցակցության ֆոնին առաջնային շուկայում գները շատ բարձր չեն, հարմար են։ Իսկ երկրորդային շուկայում գներն արդեն թելադրում են անհատները, ոչ թե բիզնեսմենները։ Եվ երբ սեփականատերերն են արդեն գներ սահմանում, այդ շուկան մի քիչ ուշ է հարմարվում իրավիճակին»,- ասաց նա։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 2024-ի նոյեմբերի համեմատ Երեւանի մի շարք վարչական շրջաններում անշարժ գույքի վաճառքի գների նվազում է արձանագրվել։ Օրինակ՝ Երեւանի Կենտրոնում բնակարանների մեկ քմ շուկայական միջին արժեքը դեկտեմբերին կազմել է 909 100 դրամ՝ նոյեմբերի 911 100-ի փոխարեն։ Արաբկիրում՝ դեկտեմբերին 643 100 դրամ՝ նոյեմբերի 646 500-ի փոխարեն, Դավթաշեն վարչական շրջանում՝ 485 000 դրամ՝ նոյեմբերի 489 050-ի համեմատ։

Մարզերի որոշ համայնքներում էլ անշարժ գույքի գները նախորդ տարեվերջին աճել են, օրինակ, Գյումրի, Աշտարակ, Արարատ, Սեւան, Վանաձոր եւ մի շարք այլ համայնքներում։

Սակայն 2023 թվականի դեկտեմբերի համեմատ 2024-ի դեկտեմբերին Երեւանի բոլոր վարչական շրջաններում եւ Հայաստանի մարզերում բնակարանների մեկ քմ շուկայական միջին արժեքը աճել է։

Միաժամանակ, բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները դեկտեմբերին նոյեմբերի եւ 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են՝ կազմելով 1 865 գործարք 2024-ի նոյեմբերին գրանցվել էր 1 526 գործարք, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ 1 074։

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ երկրորդային շուկայի համար բանկերի կողմից առաջարկվող հիպոթեքային վարկերը 13-13,5 տոկոս են կազմում այսօր։ Աբսուրդ է այդ տոկոսով հիպոթեքով տուն գնելը, դա մեծ բեռ է քաղաքացու վրա։ Շատերն ուզում են գույք ձեռք բերել, բայց տոկոսադրույքների սուբսիդավորում չկա։ Հիփոթեքային վարկի տոկոսադրույքներն այսօր սուբսիդավորվում են «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում միայն սակայն, ըստ Հարությունովի, դա 15-20 տարվա ծրագիր է եւ չափանիշներով հին։

«Այդ ծրագրով մաքսիմում 25 մլն դրամ է գումարը, բայց այսօր Երեւանում շատ բարդ կլինի 25 մլն դրամով երկու սենյականոց բնակարան ձեռք բերել այսօր։ Եվ այսօր չունենք ծրագրեր, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքները կարողանան բնակարան գնել, քանի որ 13 տոկոսով վարկը ձեռնտու չէ։ Շուկան ակտիվ է, ովքեր կանխիկով են գործարք անում, իրենք գործարքի գնում են, մի քիչ երկար են փնտրում, սակարկությունների են գնում եւ իրենց ուզած գույքը գնում են։ Նախկինում, երբ երկրորդային շուկայում գները կտրուկ բարձրացան, այդ ժամանակ ավելի քան 100 հազար մարդ էր եկել Հայաստան, իրենց հետ քեշ փող էին բերել Ռուսաստանից, շատերը դա վերածեցին բնակարանի կամ բնակարան վարձեցին։ Իսկ այսօր, որպեսզի երկրորդային շուկայում աշխուժություն լինի, պետք է պետական ծրագրեր լինեն, ամբողջ աշխարհում է այդպես։ Եթե լինեն աջակցության ծրագրեր, շատերն իրենց բնակարանային խնդիրները կլուծեն»,- հավելեց նա։

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակն է անշարժ գույքի գործակալների գործունեությունը լիցենզավորելը։ Միասնական համակարգ են ստեղծել, որտեղ անպայման նախապես պետք է գրանցվեն բոլոր գույքերը, որոնք դուրս կգան վաճառքի։ Երեւալու է, թե ինչ գնով գույքը դուրս եկավ վաճառքի եւ ինչ գնով վաճառվեց։ «Այդ դեպքում արդեն թե գործակալները, թե ֆինանսական ընկերությունները հնարավորություն կունենան գների մոնիտորինգ անել։ Դրա արդյունքում շուկայում էլ փոփոխություն կլինի, մարդիկ էլ աղբյուր կունենան, որտեղից ռեալ կատարվող գործարքների թվային պատկերը կտեսնեն»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728