Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Հարավային Կովկասը մեր մայրցամաքի այն տարածաշրջաններից է, որտեղ տեղի է ունենում անցումն Արեւմուտքից դեպի Արեւելք: Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ գտնվող մեր տարածաշրջանը Եվրոպան Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիայի հետ կապող ուղիներից մեկն է: Հայաստանը Հարավային Կովկասի համար տեսնում է Խաղաղության խաչմերուկի վերածվելու հեռանկար՝ ապահովելու համար ապրանքների, էներգիայի եւ մարդկանց հնարավորինս սահուն անցումը մեր ամբողջ տարածաշրջանով:
2024 թվականն աննախադեպ տարի էր մեր տարածաշրջանի համար խաղաղության տեսանկյունից. Ադրբեջանի հետ մեր սահմանին ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Մենք հավատում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մի վերջին ջանք գործադրել եւ ամեն պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ դրանով հիմք ստեղծելով նաեւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման համար:
Կարդացեք նաև
Մենք հավատում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մեծ օգուտ քաղել միմյանց տարածքով անցնող ուղիներից՝ թե՛ իրենց տարածքների տարբեր հատվածներ միմյանց հետ կապելու, թե՛ այլ հարեւան երկրների հետ հաղորդակցվելու համար: Մենք գիտենք, որ Ադրբեջանը կցանկանար տարանցում Հայաստանով, որպեսզի ավելի հեշտ հասնի իր էքսկլավ Նախիջեւան, իսկ Հայաստանը կցանկանար տարանցում Ադրբեջանի տարածքով, որպեսզի ավելի հեշտ կապ հաստատի իր հարավային մարզի՝ Սյունիքի հետ: Մենք առաջարկում ենք այս ուղղությամբ եւս մեկ վճռական քայլ անել եւ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները՝ հիմնվելով փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա:
Մենք նաեւ լավատեսորեն ենք տրամադրված ու ակնկալում ենք, որ Թուրքիան կընդունի որոշում՝ բացել սահմանը Հայաստանի հետ եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ մեր երկրների եւ ամբողջ տարածաշրջանի համար նոր դարաշրջան սկսելու նպատակով: Մենք կարող ենք Հարավային Կովկասը դարձնել կապի եւ երկխոսության տարածաշրջան ու համագործակցենք տնտեսության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում:
Փոխկախվածություն հարեւանների հետ. ահա մեր տեսլականը Հարավային Կովկասի ապագայի համար, եւ մենք հույս ունենք, որ մեր հարեւաններն էլ կհամաձայնեն այս ուղեգծին: Մենք կցանկանայինք, որ Հարավային Կովկասն այլեւս ասոցացվի ոչ թե հակամարտությունների եւ շրջափակումների, այլ խաղաղության եւ կապուղիների հետ: Մենք ձեռք ենք մեկնում մեր հարեւաններին այս նպատակին համատեղ հասնելու համար»,- իր ելույթում ասել է Մարիա Կարապետյանը:
ԱԺ