Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց. գրավն ընդունվեց որպես խափանման այլընտրանքային միջոց

Փետրվար 21,2025 17:38

Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նախորդ դատական նիստում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի տնային կալանք խափանման միջոցը վերացնել կամ փոխարինել այլընտրանքային խափանման միջոցներով կամ դրանց համակցմամբ:

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը միջնորդությունը բավարարել էր՝ կիրառելով խափանման միջոցների համակցությունը՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն եւ գրավ 25 միլիոն դրամի չափով՝ դիտարկելով նաեւ որպես գրավի առարկա անշարժ գույք ներկայացնելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, դատարանը անշարժ գույքի գրավադրման փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանել էր եռօրյա ժամկետ:

Այսօր դատարանին ներկայացվեցին պահանջված փաստաթղթերը: Արձանագրվեց, որ գրավի գույքի պետական գրանցումն իրականացված է եւ գրավի գործողությունը մտել է ուժի մեջ:

Քանի որ այսօրվա նիստն սկսվեց բավականին ուշացումով, ապա մանրամասն քննարկման առարկա դարձավ Էրիկ Ալեքսանյանի՝ համացանցում կատարած գրառումը, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը միջնորդեց, որպեսզի այսօր նախատեսված իր եզրափակիչ ելույթը հետաձգվի հաջորդ նիստ, քանի որ այն ծավալուն է եւ չի տեղավորվի մնացած ժամանակի մեջ: Նրան միացավ նաեւ Արուսյակ Ալեքսանյանի մյուս փաստաբանը՝ Անդրանիկ Մանուկյանը:

Բավարարելով միջնորդությունը՝ դատարանը կողմերի հետ նախապես համաձայնեցված աշխատանքային գրաֆիկում փոփոխություն կատարեց: Սույն գործով մարտի 4-ին նշանակված նիստը չի կայանա: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 5-ին, ժամը 13:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728