Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամայիս Հայրապետյանն այսօր դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալումը ։
«Ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ԹԱՇ և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան Ս․ Կարապետյանի կողմից 2025թ-ի փետրվարի 20-ին Վարդան Ղուկասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ՝ հաստատելով Վարդան Կոլյայի Ղուկասյանի իրավունքների խախտման փաստը։
Օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց»,-մասնավորապես գրված է հայցի մեջ։
Նա Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանին մարմնական վնասվածքներ հասցնելու համար դիմելու է նաև դատախազություն։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երեկ Շիրակի մարզային ոստիկանությունից նրան շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելուն պես՝ ընդունված կարգի համաձայն՝ հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնել էր, որ ապօրինի են ձերբակալել, Վարդան Ղուկասյանի մոտ որևէ զենք չի եղել, և որ դա շոու է ընտրություններից առաջ։
Փաստաբանը նաև պատմել էր, որ նրանց ձերբակալել են անպատվաբեր ձևով, մարմնական վնասվածքներ հասցնելով, վնասել էին նաև նախկին քաղաքապետի մեքենան։
Վարդան Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ արդեն 65 տարեկան է դառնում, երկար ժամանակ եղել է Գյումրու քաղաքապետը, այնուհետ Ազգային ժողովի պատգամավոր, բոլոր նախագահների հետ աշխատել է, սակայն նման մեթոդներով ու վարքագծով գործելաոճ չէր տեսել։ Նա պատմել էր, որ եկել են ավտոմատներով, դիմակավորված, իրենց գետին են պառկեցրել, քարշ են տվել՝ տպավորություն ստեղծելով, թե թուրքի լրտեսի են բռնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ