Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների, որովհետև Մատենադարանն այն վայրն է, ուր յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի». Ժաննա Անդրեասյան

Փետրվար 21,2025 17:00

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը   հաջողված է. «Մշակութային կրթությունն իրականում երեխաների կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Երեխաների մոտ բարդությունները հաղթահարելու, ստեղծագործ լինելու և լուծումներ գտնելու ամենակարևոր հմտությունները ձևավորվում են մշակույթի և արվեստի միջոցով:  Նմանօրինակ ծրագրերի կարիք մենք շատ ունենք և ուրախ եմ, որ Մատենադարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերը: Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների,   որովհետև Մատենադարանն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի: Այստեղ նրանք պետք է ծանոթանան ոչ միայն ձեռագրերին, այլև հաղորդակից լինեն այս միջավայրի անգնահատելի արժեքներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների ստեղծած պատկերների միջոցով տեսանելի է դառնում նրանց լուսավոր և դրական էներգիայով լի աշխարհը։

Նախարարը շնորհակալությւոն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, իրականացնողներին և ծնողներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերի և հետևողականության շնորհիվ կայացել է կրթական այս ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության սրահում, հանգամանորեն դիտել «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների ստեղծագործությունները, զրուցել հեղինակների հետ:

Նշենք, որ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան Մատենադարանում գործում է ավելի քան 7 տարի: Այն լավագույն դարբնոցն է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։

«Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված էին ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքն ու ունակությունները։ Ցուցադրվել են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։

«Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների  վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728