Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ «գրավ» խափանման միջոցին համակցեց նաեւ Հայաստանից բացակայելու արգելք խափանման միջոց

Փետրվար 21,2025 16:35

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ նրա օգնական Թամարա Պետրոսյանի հետ անցնում է մեկ քրեական գործով, համացանցում գրառում էր կատարել այն մասին, որ պատրաստվում է մոտ ժամանակներս ավարտել իր գործունեությունը որպես փաստաբան:

Այսօր ՀԿԴ-ում սույն գործով դատական նիստի սկզբում, որի ժամանակ եզրափակիչ ելույթով պետք է հանդես գար Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը քննարկման առարկա դարձրեց Էրիկ Ալեքսանյանի այդ որոշումը:

«Ես դեռեւս շարունակելու եմ աշխատել որպես փաստաբան: Ճիշտ է, ունեմ որոշակի տրամադրվածություն հետագայում դադար վերցնելու համար, բայց ունեմ շուրջ 40 քրեական վարույթներ, դրանցով պայմանավորված պատասխանատվություն եւ դրանք պետք է ավարտեմ: Ես ամբողջ կյանքում աշխատել եմ իմ պաշտպանյալների վիճակը թեթեւացնել, այլ ոչ թե վիճակ բարդացնել»,-հայտարարեց փաստաբանը` ի պատասխան դատավորի հարցադրման:

Դատավոր Վահե Դոլմազյանը պարզաբանեց, որ Էրիկ Ալեքսանյանը Ուկրաինայի քաղաքացի է, հետեւաբար, նման պայմաններում դատարանի համար հարցեր կարող են առաջանալ: Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Էրիկ Ալեքսանյանը երբեմն շատ կատեգորիկ ու հանկարծակի հայտարարություններ է անում, ինչպես, օրինակ, փաստաբանական գործունեությունը դադարեցնելու որոշումը:

«Կյանքն այնպիսին է, որ այսօր կարող եք ասել կոնկրետ մի բան եւ իրադարձությունների արդյունքում ձեր դիրքորոշումները կամ որոշումները փոխվեն: Եվ եթե դուք այսօր հայտարարում եք , որ փաստաբանությամբ չեք զբաղվելու, դատարանը դա կարեւորում է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»,-հայտարարեց Վահե Դոլմազյանը եւ հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցի հետ մեկտեղ համակցելով կիրառել այլընտրանքային միջոց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը եւ որոշումն ուղարկել իրավասու մարմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728