Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ

Փետրվար 21,2025 16:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել  348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեական գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ):

Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների  դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ):

Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք:

Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):

Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  գետափնյա տարածքներում մասնավոր  սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728