Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ հաշվարկներ են արել, կա ֆինանսական խնդիր. «Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավարը՝ բժշկական ապահովագրության մասին

Փետրվար 21,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականից, պետք է ստեղծվեր համապատասխան հիմնադրամ, որից հետո 2024թ սոցիալապես անապահով խմբերը՝ զրոյից 18 տարեկան երեխաները, պետք է ունենային ապահովագրությունը:  2025-ին պետք է միացվեր նաեւ թոշակառուների խումբը:  Եվ մինչեւ 2027թ. ըստ հայեցակարգի՝ պետք է ունենայինք ամբողջ հանրապետության ապահովագրական ծածկողականություն, սակայն առայսօր անգամ 2023թ ստեղծվելիք հիմնադրամը չի ստեղծվել: Ոչ ոք չունի այն հարցի պատասխանը, թե երբ կլինի բժշկական ապահովագրությունը, չկա ոչ մի վերջնաժամկետ»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավար Անուշ Պողոսյանը՝ խոսելով այն մասին, արդյոք առողջության իրավունքը պաշտպանվա՞ծ է Հայաստանում, ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել, իրատեսակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը:

Նրա խոսքով՝ խնդիրները մի քանի խմբի կարելի է բաժանել. «Առաջինը օրենսդրական խնդիրն է: Որպեսզի ապահովագրությունը ներդրվի եւ աշխատի, պետք է ունենանք 1500-2000 գործելակարգեր եւ չափորոշիչներ: Հայաստանի Հանրապետությունում առայսօր ստեղծված է ընդամենը 300 չափորոշիչ եւ գործելակարգ, ինչը հասկանալի է դարձնում, որ չենք կարող ներդնել 300 գործելակարգով ապահովագրություն, եւ դրա արդյունքում չենք կարող լուծել վեճերը:

Երկրորդը ֆինանսական խնդիրն է: Երբ նայում ենք հիմնավորումները, հասկանում ենք, որ ճիշտ հաշվարկներ չեն կատարվել: Օրինակ, ըստ հայեցակարգի՝ 2024թ 175 մլրդ փող էին ուզել ապահովագրության համար, բայց առողջապահական բյուջեն այդ տարի կազմել էր 168 միլիոն: 2025թ դրել են 220 միլիարդ՝ 162,9 միլիարդ բյուջեի  սահմանում: Մենք հասկանում ենք, որ այստեղ սխալ հաշվարկներ են արված:

Երրորդ խնդիրը թվայնացումն է: Մենք տեսնում ենք, որ չի ստացվում ոչ առողջապահության թվայնացումը, ինչպես նաեւ հայտարարագրման հետ կապված կան խնդիրներ: Հայտարարագրման վերաբերյալ մասսայական խոսակցությունները, որ այսօր անհանգստացնում են բնակչությանը, դրա մի կոմպոնենտն էլ ապահովագրությունն է: Այսինքն՝ հայտարարագրումը հիմք է դառնալու ապահովագրական շահառու դառնալու համար:

Մյուս ամենակարեւոր խնդիրը, որ չենք գույքագրել, կապված է ՀՀ բժշկական ծառայությունների ռեսուրսների  գնահատման հետ: Շատ պարզ է, որ ապահովագրության ներդրման արդյունքում շահառուների թիվը բավականին բարձրանալու է, իսկ դա  ենթադրում է, որ պետք է ծառայությունների ճիշտ գույքագրում անենք եւ գնահատենք՝ արդյոք մեր բժշկական կենտրոնները եւ ամբուլատորիաները պատրաստ են այդքան շահառու ընդունելու»:

Անդրադառնալով դեղերի շուկային՝ նա ասաց, որ  մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31-ը կդադարեցվի բոլոր ազգային գրանցում ունեցող դեղերի վաճառքը Հայաստանում, որի պատճառով ծայրահեղ իրավիճակ կստեղծվի: Նրա խոսքով, այս պահին ԵԱՏՄ երկրների գրանցամատյաններում գրանցված է 8500 անուն դեղ, բայց ոչ բոլոր դեղերն են թույլ տալիս ներկրել Հայաստան, որովհետեւ առողջապահության նախարարության կողմից թույլտվությունները չեն տրվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728