Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության փոփոխության գործընթացը վերածվելու է գործող իշխանության վերացման գործընթացի»․ Քրիստինե Վարդանյան

Փետրվար 21,2025 15:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, այս օրերին, երբ նշվում է Արցախյան շարժման տարեդարձը, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսեց հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Հայտնի է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ներկայացնում է Ալիեւը։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այս քայլը, սա հերթական զիջո՞ւմն է։

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թեզերը որեւէ գաղափարախոսություն անվանելը մեղք է։ Այնտեղ կարող էր նաեւ լինել կետ, որ արեւը պետք է ծագի արեւելքից եւ մայր մտնի արեւմուտքում։ Եվ ինքը դեմքի լուրջ արտահայտությամբ դա կարող էր 30 րոպե բացատրել։ Բայց այս իշխանությունների գործողությունների մեծամասնության տակ թաքնված է թշնամական պահանջի իրականացումը։

Ես հարկ եմ համարում շեշտադրել, որ խոսքը ոչ միայն Սահմանադրության փոփոխության, բարեփոխումների մասին է, որոնց մասին Հայաստանի բոլոր իշխանությունները խոսել են, այլ խոսքը նոր Սահմանադրության մասին է։ Այլ տարբերակ, քան լիովին նոր Սահմանադրություն ունենալն է, չկա, որպեսզի գործող Սահմանադրությունից վերացվի Անկախության հռչակագրին հղումը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու պահանջը, զինանշանի նկարագիրը։

Գործող Սահմանադրությունում կան կետեր, որոնք անփոփոխելի են, եւ անգամ եթե հանրաքվե տեղի ունենա եւ սահմանադրական փոփոխություններ արվեն՝ կան երեք-չորս կետեր, որոնք չեն կարող փոփոխվել։ Դրանց թվում է Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին։

Հիմա Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ գլուխ գլխի են տվել՝ հասկանալու, թե ինչպես կարող են Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագիրը։ Իլհամ Ալիեւին չի բավարարել անգամ Սահմանադրական դատարանի վճիռը, որով փաստացի ուզում էին չեզոքացնել Անկախության հռչակագրի ազդեցությունը։ Եվ հիմա նոր տարբերակ են գտել, այն է՝ նոր Սահմանադրության ընդունումը։

Հիշեցնեմ, որ Հաջիեւն ընդամենն օրեր առաջ ասում էր, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ բանակցվող փաստաթղթի ստորագրման համար նախապայման է, որ Հայաստանն ունենան նոր Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր անց, բնականաբար, խոսեց այդ մասին։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ սա Ադրբեջանի պահանջն է։

Այստեղ միայն մեկ դրվագ եմ կարեւոր համարում՝ ինչո՞ւ է Ալիեւը սա պահանջում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ խոստանում է, որեւէ հարցում չի դիմադրում։ Պատասխանը պարզ է՝ որովհետեւ Ադրբեջանից մի քանի անգամ հայտարարել են, այդ թվում՝ Ալիեւն է ասել, որ իրենց հարկավոր է պայմանավորվածություն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտում են պահանջում նրանք։ Այսինքն՝ իրենց չեն բավարարում միայն Նիկոլ Փաշինյանի խոստումները, իրենք ցանկանում են, որպեսզի հայ ժողովուրդն իրենց հավաքական ձեւով խոստանա այն, ինչ իրենք ուզում են։ Հենց դրա համար է այս գործընթացը նախաձեռնվել։ Բայց ես կարծում եմ, որ իրենք իրականում սխալվում են, եթե կարծում են, որ մեր ժողովուրդը համաձայն է լինելու այդ նախապայմանների բավարարմանը։

Այսինքն՝ դուք կարծում եք, որ հայ հասարակությունը կբոյկոտի՞ այդ հանրաքվեն։

-Նախ չգիտեմ՝ ի վերջո կնշանակվի՞ հանրաքվեի օր, այն կանցկացվի, թե՞ չէ, որովհետեւ չենք կարող հստակ ասել, թե Փաշինյանի ասածներից որը կյանքի կկոչվի։ Բայց, եթե այդ հանրաքվեն անցկացվի, ես կարծում եմ, որ սա կարող է դառնալ այն կետը, որտեղ կլինի իրական ջրբաժանը՝ մի կողմում ունենալով իսկապես հայկական ինքնության պաշտպաններին, մյուս կողմում՝ այդ ինքնության սպառնալիքները՝ ի դեմս գործող իշխանությունների։ Ես կարծում եմ, որ այս գործընթացը վերածվելու է գործող իշխանության վերացման, փոփոխության գործընթացի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728