«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է մի շարք կարեւոր հիմնահարց, որը կապված է հայոց լեզվի դերի, հեղինակության հետ՝ հայաստանյան գիտության ոլորտում: Հայաստանի գործող վարչախումբը ոչ միայն հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումն իր համար գերակայություն չի սահմանել, այլ ընդհակառակը՝ մեր ազգային ինքնության մյուս հենասյուների շարքում (եկեղեցի, պատմություն, մշակույթ եւ այլն), մեծ հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին եւ հեղինակությունը»,- ասուլիսում նշեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«ԳԱԱ ինստիտուտների, տարբեր բուհերի գիտական ստորաբաժանումների մեջ աշխատում են գիտական կադրեր, որոնք ժամանակ առ ժամանակ որոշակի պարբերականությամբ ատեստավորվում են: Նրանք իրենց տարակարգը պահպանելու կամ ավելի բարձրացնելու համար ատեստավորվում են: Իսկ այդ ատեստավորումը տեղի է ունենում տարբեր չափանիշների հիման վրա:
2023թ դեկտեմբերի 21-ին՝ ամանորի նախօրեին, թաքուն, արագ, չզեկուցվող իրավիճակներով կառավարությունն ընդունել է Գիտական կադրերի ատեստավորման կարգը, որտեղ ուշագրավ երկու կետ ենք գտել: Մասնավորապես 27-րդ կետի առաջին եւ երկրորդ ենթակետերի մասին է խոսքը, համաձայն որոնց՝ գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա բացառապես Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում եւ Scopus հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում, հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ ունենալու հիման վրա:
Օրինակ, ավագ գիտաշխատողի համար սահմանված չափանիշն է, որ ինքը Web of Science-ում կամ Scopus հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում կամ հրատարակչություններում ունենա 4 հոդված: Հայաստանում թողարկվող գիտական հանդեսներն ընդգրկված չեն այդ հարթակներում, ի տարբերություն 1-2-ի, եւ հայալեզու այդպիսի հանդեսներ, հրատարակչություններ չկան, որ հայերեն գիտական աշխատանքներ հրապարակեն:
Կարդացեք նաև
Սա նշանակում է հետեւյալը՝ երբ գիտնականի համար չափանիշը դրվում է միայն Web of Science-ը եւ Scopus-ը, այդ մարդը հայերեն աշխատանք չի գրում, իր աշխատանքը տալիս է միայն անգլերեն կամ ռուսերեն: Ի դեպ, Web of Science-ի եւ Scopus-ի մակարդակի հանդեսներ նաեւ Թուրքիայում, Իրանում կան իրենց լեզուներով: Իսկ մեր պետությունն իր առջեւ խնդիր չի դնում, որ մեր հանդեսները բարձրացնի ու հասցնի այն մակարդակին, որ իրենք էլ դառնան միջազգային նման ցանցերի անդամ, խնդիր չի դնում մեր տեղական համակարգը հասցնելու բարձր մակարդակի, եւ այս պայմաններում գիտնականների համար ատեստավորման չափանիշ է սահմանում միայն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում հրապարակվելը, ինչը շատ լուրջ խնդիր է»,-ընդգծեց նա:
Մենուա Սողոմոնյանի խոսքով. «Հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց, վերածվում է զուտ կենցաղային լեզվի: Մինչդեռ ժամանակին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը, որպեսզի համաշխարհային քաղաքակրթության հետ առնչվելիս այդ բարիքները կարողանանք յուրացնել, տեղայնացնել: Ցավոք, այժմ գիտության տարբեր բնագավառներում լեզվամտածողությունը հայերենով չի ստեղծվում: Հայ գիտնականն այլեւս իր գիտական պրոդուկտը թողարկելիս հայերեն չի մտածում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ