Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, հերթական բռնության դեպքն է գրանցվել Գյումրու շտապօգնության աշխատակիցներից մեկի նկատմամբ։
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղի բնակիչներից մեկը ծեծել է բուժօգնության մեկնած բուժակ Մհեր Քոլոյանին (լուսանկարում)՝ նրան մարմնական վնասվածքներ պատճառելով։
«Գյումրու շտապ բուժօգնության կայանի» տնօրեն Կարեն Թորոսյանն Aravot.am-ին պատմեց, որ որևէ պատճառ չի եղել միջադեպի․ շտապօգնության բրիգադն առանց ուշացման, ճիշտ ժամանակին հասել է բուժօգնության Ազատանի տարեց բնակչին։
Ըստ Կարեն Թորոսյանի, բուժօգնության կարիք ունեցող տարեց տղամարդու մոտ նկատվել է գիտակցության կորուստ, բուժակը ներարկում կատարելուց հետո առաջարկել է հիվանդատիրոջը նրան արագ տեղափոխել հիվանդանոց, սակայն որդին կտրականապես դեմ է կանգնել։ Բուժակն առաջարկել է բժշկական բրիգադ կանչել։ Այդ տարբերակին ևս դեմ է կանգնել որդին, փոխարենն անակնկալ ձևով հարձակվել ու ծեծել է Մհեր Քոլոյանին, մոխրամանով հարվածել է գլխին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներին։
Կարդացեք նաև
Կարեն Թորոսյանի ասելով՝ Մհեր Քոլոյանի քիթը կոտրվել է, ստացել է ուղեղի ցնցում, նրան այդ տնից մի կերպ դուրս է հանել վարորդը։
«Մեր աշխատակիցը կիրթ, գիտակ անձնավորություն է, պատերազմի ակտիվ մասնակից է եղել։ Եթե մենք ենթադրեինք, որ հիվանդատերն ագրեսիվ վարքագիծ կդրսևորի, այդ դեպքում պարեկային խմբի հետ կգնայինք բուժօգնության։ Նման դեպքերում մենք շատ լավ համագործակցում ենք պարեկային ծառայության հետ, սակայն հեռախոսազանգից նման ենթադրություն անելու ոչ մի հիմք չի եղել։
Ճիշտ ժամանակին հասել ենք բուժօգնության, մենք էլեկտրոնային համակարգի ենք անցած, ֆիքսվում է թե՛ կանչի ժամը և թե՛ շտապօգնության օգնության հասնելու ժամը։ Ոչ մի ուշացում չի եղել, պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվել, առաջարկվել է արագ կազմակերպել հիվանդանոց տեղափոխելը, հիվանդատերը չի համաձայնել, առաջարկվել է բժշկական բրիգադ կանչել, դարձյալ չի համաձայնել։ Այսինքն` ամեն կերպ խոչընդոտել են հիվանդի փրկվելը, մի բան էլ անակնկալ կերպով տղան նախահարձակ է եղել, բռնության ենթարկել իր հորը օգնություն ցուցաբերողին։
Իհարկե, մեր աշխատանքն անվտանգ չէ, նման դեպքեր լինում են, բայց այս կարգի՞, որ մարդը հայտնվի հիվանդանոցում և հանուն ինչի՞, իր պարտականությունները նորմալ կատարելո՞ւ։
Սա անհանդուրժելի է, ես ինչքան տեղյակ եմ, պացիենտը մահացել է, փաստորեն թույլ չտվեցին անգամ, որ փրկենք նրա կյանքը։ Ինչքան տեղյակ եմ՝ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել», – ասաց Կարեն Թորոսյանը։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ Մհեր Քոլոյանին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել դեմքի վրա երեք տեղ կտրած արյունահոսող վերքերով, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք-տեղաշարժով, քթային արյունահոսությամբ։
Ամբուլատոր հետազոտում անցնելուց հետո նա տուն է գնացել։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավայրի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ