Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասիվը կարա ինքնորոշվի ու հռչակվի Մասիվի Սառուցյալ Հանրապետություն», «Կհայտարարեն արտակարգ դրություն, Ավինյանին կնշանակեն պարետ»

Փետրվար 21,2025 13:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկվա առատ ձյունը ոչ միայն խաթարել է հանրային տրանսպորտի աշխատանքն ու Տիգրան Ավինյանի հանգիստը, այլեւ տարատեսակ մեմերի եւ զվարճալի գրառումների տեղիք է տվել:

«Օրն ավարտենք պոզիտիվ նոտայով։ Վաղը լավ առիթ է մեր էրեխեքի հետ շփվելու։ Կիմանանք՝ ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ են անում, ո՞ր դասարան են հասել… »,-հումորով գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ձյան թեմայով մի քանի զվարճալի գրառում է կատարել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը. «Ակադեմիական քաղաքի քաղաքապետը հայտնում է, որ իրենց մոտ ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներով` տիեզերքից հայկական արբանյակից ստացված տեղեկատվության հիման վրա։ Ակադեմիական քաղաքում դասերն ընթանում են բնական հունով»։

Նա հեգնանքով հիշել է իշխանությունների կողմից չարչրկված՝ մետրոյի Աջափնյակ կայարանը. «Ձյան առատ տեղումներով պայմանավորված` նախընտրելի է, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն օգտվեն մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանից, իսկ Նոր Նորքի բնակիչները` դեպի կենտրոն եկող տրանսպորտային ճոպանուղուց»։

Մեկ այլ գրառման մեջ՝ Էդգար Ղազարյանը նշել է. «Առավոտյան երկրում, հավանաբար, կհայտարարեն արտակարգ դրություն, իսկ Ավինյանին կնշանակեն՝ պարետ»: Նաեւ արել է նախկինների թալանածը հետ բերելու՝ Փաշինյանի հայտնի հայտարարության ծաղրանմանակումը. «Փաթիլ առ փաթիլ ժողովրդին է վերադարձվում նախորդ 30 տարիներին չեկած ձյունը»:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հետեւյալն է գրել. «Ջրվեժից իջա մինչեւ մայրաքաղաքի կենտրոն։ Ճանապարհին տեսա լիքը ձյուն, սառույց, խփած մեքենաներ։ Ու մեկ հատ ձյունը մաքրող մեքենա։ Ինձ թվում է, ես էի անուշադիր, պետք է, որ ավելի շատ լինեին ձյունը մաքրողները։ Այլ տարբերակ չկա» ։

Իրավագետ Վահե Գրիգորյանն էլ հեգնել է՝ անելով Արծրուն Հովհաննիսյանի հայտնի արտահայտության ծաղրանմանակումը. «Ես հիմա Երեւանում եմ, եւ այստեղ ոչ մի ձյուն չկա:»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Իշխանավոր տղաներ եւ աղջիկներ, խնդրում եմ, Գագիկ Սուրենյանին չձերբակալեք… Ճիշտ է, ինքը ասել է, որ ձյուն է գալու… բայց ինքը դրա համար մեղավոր չէ: Միայն կարող եմ բարի խորհուրդ տալ։ Խնդիրն արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է, որ վարչապետը կառավարության նիստում ԱԱԾ ղեկավարին հրաման տա, որ Աբազյանը գտնի ձյուն բերողին»:

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին զվարճացրել է Մետրոպոլիտենի՝ անխափան աշխատանքի մասին հայտարարությունը. «Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով հայտարարությունը սյուռ ա… Ինչ լավ ա, որ գետնի տակը ձյուն չի եկել… Purk purk purk»: Նա մեկ այլ գրառում էլ է կատարել. «Նորք Մարաշն ու Սելիմի լեռնանցքը ճանաչվեցին քույր անանցանելիներ»։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն արձանագրել է. «Երևանում 10 ժամվա ընթացքում մեկ ամսվա նորմայի չափ քֆուր է տեղացել»:

Ֆեյսբուքյան հումորային էջերից մեկում զետեղված մի «հայտարարությամբ»՝ հանրությանն իրազեկում են. «Հաշվի առնելով ստեղծված անբարենպաստ եղանակային պայմանները՝ ձնամաքրման աշխատանքներն այսօր կկազմակերպվեն հեռավար»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել Ռուբեն Հախվերդյանի «Երեւանի գիշերներում» հայտնի երգի ոճով . «Երեւանի գիշերներում Շունը տիրոջն է որոնում… »:

«Լավ ստարտափի միտք ասեմ… Ուրեմն պետք ա մի հատ bot գրել, որ հենց ձյուն ա գալիս, մտնի FB բողոքի՝ էս ինչ բան ա, AI-ով պարզի տվյալ պահին քաղաքապետն ով ա, թագ անի ու ամոթանք տա։ Շատ մեծ շուկա կունենա ու դեռ երկար տասնամյակներ կաշխատի»,-գրել է մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր:

Մեկ այլ օգտատեր նման հումոր է արել. «Մասիվը հիմա կարա ինքնորոշվի ու իրեն հռչակի անկախ պետություն՝ Մասիվի Սառուցյալ Հանրապետություն կամ Մասիվի և Ջրվեժի Միացյալ թագավորություն անվամբ, կամ լայն ինքնավարությամբ անկլավ՝ Մասիվի Բարձրավանդակ կամ Մասիվի եւ Ջրվեժի միացյալ դքսություն անվանումով։ Մասիվի թաղապետն էլ էդ դեպքում կկոչվի դուքս դը Մասիվ»:

Զվարճալի գրառում կա նաեւ հումորային էջերից մեկում՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաձեւակերպումով. «Ըստ էության, պիտի արձանագրենք, որ 1974 թվականի քարտեզներով, որոնցով մենք անցկացնում ենք ձնազատումը, Երեւանի տարածքը կազմում է 161 քառակուսի կիլոմետր, եւ Ավանը, 6-7 եւ այլ Մասիվները այդ ժամանակ չեն եղել Երևանի կազմում։ Իրական Երևանի մակերեսն է 161 քառակուսի կիլոմետր, և ոչ մի մարզի նկատմամբ Երեւանը տարածքային նկրտումներ չունի։

 Այո, մենք ճանաչում ենք Կոտայքի տարածքային ամբողջականությունը, եւ այո՛, հորդորում ենք շրջափակման մեջ հայտնված Ավանի մեր քույրերին և եղբայրներին մեկնել Բրատիսլավա՝ Կոտայքի հետ բանակցություններին։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Մյասնիկյան պողոտայով միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիաների բացումը մեզ համար կարմիր գիծ է»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728