Նշենք, որ խոսքն այն հոդվածի մասին է, որով «Փաստինֆո»-ն իր իրականացրած մանրազնին լրատական հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է՝ բացահայտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող արատավորող երևույթներ և կոռուպցիոն ռիսկեր։
Փաստաբանը հայտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրիանակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածուլինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է. «հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»։
Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ Փաստինֆոյի հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեքնածուի վարքագծին:
«Հետաքրքիր է, որ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ Փաստինֆոն նպատակ չի ունեցել նսեմացնել անձի արժանապատվությունը կամ գործարար համբաբվը, մի փաստ, որի ապացուցման բեռը ի սկզբանե պետք է դրվեր ոչ թե Փաստինֆո-ի, այլ՝ Ավինյանի և ԱՆԻֆ-ի վրա։ Հաստատված է համարել մեր պնդումը, որ այս առումով էլ առաջին ատյանի դատարանի փաստարկները եղել են վերացական (չհիմնավորված)։
Այսքանով հանդերձ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել, կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը Վերաքննիչ դատարանը չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության՝ հաշվի առնելով իր որոշման պատճառաբանությունները»,- հայտնում է Հակոբյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 28-ին «Փաստինֆո»-ն արձանագրել էր, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) , տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ, ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող առեւտրային կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։ Փաստացի՝ գործ ունենք ոչ միայն ապօրինի պաշտոնավարման, այլև՝ կոռուպցիոն ռիսկերի հետ, քանի որ երկու պաշտոններում առկա է շահերի բախում։
«Փաստինֆո»-ն նախ բանավոր, ապա նաեւ գրավոր մի շարք հարցումներ էր իրականացրել ինչպես ԱՆԻՖ, քաղաքապետարան, այնպես էլ՝ Կառավարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ի վերջո հաջողվել է ստանալ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, որով հաստատվեցին կոռուպցիոն ռիսկերի մեր կասկածները. Տիգրան Ավինյանը, լինելով փոխքաղաքապետ, ղեկավարում է առեւտրային կազմակերպություն. Նա է պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։ Թե փոխքաղաքապետի աշխատաժամանակի քանի տոկոսն է Ավինյանը նվիրում ներդրումների համար պատասխանատու կառույցի աշխատանքների կազմակերպմանը ու ստանում՝ առերեւույթ ապօրինի վարձատրություն, հարցի մյուս կողմն է։ Իսկ եթե ինքը քաղաքապետարանում իր աշխատանքային ժամերին չի աշխատում ԱՆԻՖ-ի համար, ապա հարց է առաջանում, թե ոնց է ղեկավարում այն։
Մեր հրապարակումներից հետո տեղեկացանք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ուսումնասիրություն է իրականացվել եւ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել դատախազություն, որն էլ դրանք վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ապրիլի 22-ին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը։