Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ բանասիրութեան հեռանկարներ». հայագիտութեան այս կարեւոր ոլորտի անելիքներին առնչւող միջազգային գիտաժողովի նիւթերը ժողովածուում 

Փետրվար 21,2025 11:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արեւմտեան թեմի եւ անձամբ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ հերթական գիտական ծրագիրը յաջողութեամբ իր աւարտին հասաւ։ Օրերս հրատարակուեց «Հայ բանասիրութեան հեռանկարներ. ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ» ժողովածուն։ Այն ամփոփում է Արեւմտեան թեմի հովանաւորութեամբ եւ Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ 2024 թ. Յուլիսին Երեւանում անցկացուած միջազգային գիտաժողովի նիւթերը, որոնք առնչւում են հայագիտութեան այս կարեւոր ոլորտի անելիքներին։

Ժողովածուն օժտուած է գիտական անհրաժեշտ պարագաներով, այն քննարկել եւ տպագրութեան են երաշխաւորել Հայաստանի հեղինակաւոր գիտական հիմնարկութիւններ՝ Հայաստանի Ազգային գրադարանի գիտական խորհուրդը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գիտխորհուրդը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարեան գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի լեզուաբանութեան ամբիոնը։

«Վստահ ենք, որ ժողովածուի արդիական յօդուածները եւ գիտաժողովներու ճամբով առնուած քայլերը դրական յառաջխաղացք կ’արձանագրեն՝ հայ ժողովուրդին ինքնութիւնը պահող ազգային արժէքներուն պահպանման եւ զարգացման տեսակէտէն: Մեր սպասումն է, որ ի Հայաստան եւ ի սփիւռս ապրող մեր հաւատաւոր նորահաս սերունդները տէրն ու պաշտպանը դառնան դարերու հոլովոյթով մեզի հասած հոգեւոր այն ժառանգին, որուն մէջ մեզ բոլորս իրար կապող խորհուրդ մը կը տեսնենք», գրքի առաջաբանի իր օրհնութեան խօսքն է փոխանցել Յովնան Արք. Տէրտէրեանը։

Ժողովածուի յօդուածների հեղինակները անուանի հայագէտներ են գրականագիտութեան, լեզուաբանութեան, բանագիտութեան եւ այլ ոլորտներից, եւ իրենց հրապարակումներով ներկայացրել են գիտաճիւղի արդի խնդիրները։ Ժողովածի իւրաքանչիւր թեմայ արժանի է «բացելու», շարունակելու, քանզի դրանք գիտական զարգացման ուղի են մատնանշում։ Հայ բանասիրութեան առջեւ դրուած խնդիրները է՛լ աւելի հրատապ եւ ուշադրութեան արժանի են ներկայ օրերում, երբ մեր մշակութային, լեզուական, գրական հսկայական պաշարը աշխարհին ներկայացնելու խնդիրը հրատապ է։ Եւ անընկրկելի հետեւողականութեամբ կարելի է արդի պահանջներին համապատասխան հայ բանասիրական գիտական նշաձող ունենալ, ինչպիսին որ ունեցել ենք բազում դարեր շարունակ։

Գիտաժողովի կազմակերպիչ՝ Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմը, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ, մշտապէս սատար է կանգնել գիտական բազմազան ձեռնարկների՝ գիտաժողովներ կազմակերպելով, հրատարակութիւններով, ուսանողների աջակցութեան բազմաբնոյթ ծրագրերով։ Արեւմտեան թեմի ծրագրերի այդ հանրագումարը կարող է մի պատկառելի ցանկ կազմել։ «Հայ բանասիրութեան հեռանկարներ»-ը մէկն է այդ ծրագրերից։ Որպէս շարունակութիւն՝ Առաջնորդ Սրբազանը ծրագրել է առաջիկայում կազմակերպել ժողովածուի քննարկում։

Ժողովածուի նիւթերը կարելի է ընթերցել՝ անցնելով յղումով։

Դիւան Առաջնորդարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728