Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ազգային գաղափարախոսության բարեփոխումների անհրաժեշտություն է նկատել պարոն Փաշինյանը, ապա շատ ավելի նպատակահարմար և հաջողված կարող է լինել, եթե քննարկումներին իր մասնակցությունը ունենա նաև Հայ Առաքելական Եկեղեցին

Փետրվար 21,2025 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ տևողությամբ տեսաուղերձով ներկայացրեց «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» նախագիծը։

Ուղերձի բազմաթիվ թերություններից մեկն էլ այն ենթատեքստն էր, որ կարծես հայ ազգը ստեղծվել է 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից և մենք պետք է հիմա, վեց տարի ուշացումով, մեզ համար ազգային գաղափարախոսություն արարենք։ Դա, իհարկե, այդպես չէ, սակայն ուղերձում առկա որոշ դրույթների հետ կարելի է մասնակի համաձայնել։

Գենադի Մնացականյան

Ընդհանուր առմամբ, նոր բան չասվեց և վարչապետն էլ ընթացքում դա վկայեց՝ ասելով, որ․ «Հեծանիվ չենք հորինում, նոր բան չէ, ընդամենը արձանագրում ենք»։

Որևէ քննադատություն ինքնանպատակ չպետք է լինի։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչ-որ սխալ որոշում է կայացնում կամ ապազգային հայտարարություններ է անում, ապա, իհարկե, դրա մասին պետք է բարձրաձայնել, որպեսզի իշխանությունների համար պարզ լինի, որ այն ինչ իրենք մտածում են, մեծ հաշվով անընդունելի է հասարակության լայն զանգվածների համար և դրանից հետևություններ անեն։ Սակայն երբ ինչ-որ դրական քայլ է կատարվում, ապա դրա մասին նույնպես պետք է խոսել։

Հասկանալի է, որ կատարված սխալը այնքան ծանրակշիռ կարող է լինել, որ դրանից հետո հազար լավ բան էլ ասեն ու անեն՝ միևնույն է մարդու լեզուն չի պտտվի, որ մի լավ բան ասի։ Միայն անաչառ գնահատականները կարող են կառուցողական լինել։

Ուզում եմ առանձնացնել վերը նշած ուղերձի նախաբանի հետևյալ նախադասությունը․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձևակերպված չէ և ամբողջականացված չէ, նկատի ունեմ ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ այդ գաղափարախոսությանը»։ Ասվածից պետք է ենթադրենք, որ ներկայացված 14 դրույթների բովանդակության մեջ դեռ շատ շեշտադրումներ հղկվելու կարիք ունեն, որը պետք է իրականացվի, կարծում եմ, համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում։

Ինքնին ազգային գաղափարախոսությանը անդրադառնալը վատ գաղափար չէ, սակայն դա չպետք է կատարվի կամայականորեն, անձնական աշխարհընկալման ու փորձառության վրա հիմնվելով, որը միայն կարող է ավելի ամրապնդել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կրոնա-քաղաքական աղանդ լինելու կարծիքը։ Անշուշտ, նման հետևությունը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց պետք է խոստովանեմ, որ ուղերձը ուշադիր լսելուց հետո, ինձ մոտ, նման վարկածի ճշմարտացիությունը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել։

Ըստ իս, հետագա քննարկումների ժամանակ վարչապետը հակված է լինելու շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ազգային արժեքների վրա և գուցե վերանայվի նաև նախագծի խնդրահարույց անվանումը։ Եթե հայ իրականության մեջ ազգային գաղափարախոսության բարեփոխումների անհրաժեշտություն է նկատել պարոն Փաշինյանը, ապա շատ ավելի նպատակահարմար և հաջողված կարող է լինել, եթե քննարկումներին իր մասնակցությունը ունենա նաև Հայ Առաքելական Եկեղեցին։ Նման ֆորմատներով քննարկումները վարչապետի համար կարող են նաև շատ ուսուցողական լինել։

Կարծում եմ, վարչապետի կողմից շատ ճիշտ քայլ կլինի, եթե ինչպես 2018 թվականի հունիսի 1-ին էր այցելել ու հանդիպել Վեհափառ Հայրապետի ու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ (լուսանկարում), այնպես էլ հիմա այցելի և, ի թիվս այլ հարցերի, միասին քննարկեն նաև այդ հարցը։ Դա անհրաժեշտ է անել, որովհետև դարեր շարունակ հենց Հայ Առաքելական Եկեղեցին է եղել ազգային գաղափարախոսության ճարտարապետն ու պահապանը։ Ուստի, շատ իրատեսական եմ համարում, որ վարչապետը, Մեծ պահքի խորհրդավոր այս շրջանում կհաղթահարի իր մեջ ծվարած բարդույթը և կայցելի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ հող պատրաստելով նաև սույն թվականի ապրիլի 20-ին Սուրբ Հարության Հայրապետական Պատարագին իր ներկայության համար։

Հոգևորականների մասնակցությամբ ընթացող քննարկումները չեն կարող որևէ կերպ շեղվածություն ունենալ ազգային գաղափարախոսությունից։ Արդյունքում հնարավոր է ՔՊ կուսակցությունը վերակերպարանափոխվի, քանի որ նախագծի 11-րդ դրույթում արձանագրված «վերափոխումը ո՛չ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է» մտքի «Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է» մեկնաբանությունը շատ արդիական է հնչում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728