Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ ֆիքսվել է տեսախցիկներով, գողի դեմքը երեւում է». գողություն է կատարվել Տիկնիկային եւ Մհեր Մկրտչյան թատրոններից

Փետրվար 21,2025 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փետրվարի 8-ին միաժամանակ երկու թատրոններից՝ մեկը Ազգային տիկնիկային, մյուսը՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից նույն գողը գողություն է կատարել: Մեր պարագայում գողը ներխուժել է թատրոն, հափշտակել է համակարգիչը, որով ներկայացումներ ենք վարում: Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից էլ հափշտակվել է ձայնային կառավարման վահանակը, ձայնային քարտն ու էլի արժեքավոր իրեր: Ամեն ինչ ֆիքսվել է տեսախցիկներով, գողի դեմքը երեւում է:

Հաջորդ օրը գալիս է ոստիկանությունը, մեկ շաբաթ անցնում է, քննիչներն ասում են՝ կզբաղվենք: Թատրոն եկած ոստիկանները գողին տեսնում են, բայց մինչեւ այսօր գողը բռնված չէ: Քննիչները շատ դանդաղ են աշխատում, գործը տեղից չի շարժվում: Փաստորեն 2 թատրոնների կարեւոր իրերը գտնվում են գողի մոտ, եւ հայտնի չէ, թե ինչ է արել նա դրանց հետ: Դրանք պետական գույք են, նստած են մեր հաշվին եւ կապ ունեն ներկայացումների որակի հետ»,-Aravot.am-ի հետը զրույցում նշեց Ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը:

Թատրոնի տնօրենի խորհրդական, ռեժիսոր Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ միտում չի՞ տեսնում, որ թատրոններից գողացել են այնպիսի իրեր, որոնք անմիջական կապ ունեն ներկայացումների հետ: «Չեմ կարծում…Ինչքան հասկանում եմ, գողն այդքան էլ լավ չի հասկացել սարքերից, որովհետեւ ավելի թանկ բաներ կային թատրոններում, կարող էր դրանք գողանալ, սակայն տարել է այն, ինչ ձեռքն ընկել է, ինչը հնարավոր է եղել տեղափոխել»,-ասաց նա:

Մեր զրուցակիցները հույս ունեն, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն գողին, որի դեմքը պարզորոշ երեւում է տեսախցիկների տեսանյութերում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728