Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքն ու հայ ժողովուրդն անտեր չպետք է թողնի իր գերի զավակներին

Փետրվար 21,2025 13:00

Որքան ուսումնասիրում ենք պատմությունը, այնքան համոզվում ենք, որ այն, ինչ այսօր է տեղի ունենում աշխարհում, նման բան երբեւէ չի եղել: Աշխարհը բառիս բուն իմաստով խառնվել է իրար եւ ամենուրեք կատարվում են անհավանական ու զարմանալի բաներ, որոնց թվարկումը պրակտիկորեն անհնարին է:

Ուզում եմ բարձրաձայնել մի զարմանալի իրավիճակի մասին: Խոսքն այս պահին Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, որն առանց չափազանցության զարմացրել է ամբողջ աշխարհին՝ անգամ թուրքերին ու ադրբեջանցիներին, սակայն նույն աշխարհի կողմից այդ ուղղությամբ համարյա ոչ մի լուրջ քայլ չի արվում: Ես ընդամենը որպես հայ մարդ ուզում եմ հայտնել իմ զարմանքը եւ որեւէ տրամաբանություն տեսնել ստեղծված իրավիճակի մեջ: Զարմանում եմ, թե աշխարհն ինչպե՞ս է Ադրբեջանին թույլ տալիս նման ոճրագործ քայլ կատարել ու լռել այդ ամենի դեմ: Դա նույնպես եղեռն է եւ դրա դեմը չառնելով՝ աշխարհը կքաջալերի նման իրողությունների կրկնությունը …

Առաջին հերթին հարցս ուղղում եմ աշխարհասփյուռ հայությանը, որի մասին, ճիշտն ասած, ես ունեցել եմ կարծիք, որ կարիքի դեպքում նրանք կկարողանան ավելի քան լուրջ խնդիրներ լուծել, սակայն այս՝ վերջին մեկուկես տարում դրա ճշմարիտ լինելու մեջ սկսել եմ որոշակիորեն կասկածել: Այստեղ երկու տարբերակ կա. սփյուռքը կամ չի կարողանում, կամ այնպես չի կպնում այդ գործին, որպեսզի կարողանա խնդիրը լուծել, որի պատճառով հարցը չի լուծվում:

Թե Արցախի անկախության մոտ 30 տարիներին Ադրբեջանն ինչ բարոյական տառապանքներ է տարել, կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մտածող մարդուն է տեսանելի եւ օգտվելով հայերի ոչ հեռատեսությունից ու նյութի նկատմամբ նրանց ունեցած մեծ սիրուց եւ նույն հայերի որոշակի թվաքանակի ծախվածության ու դավաճանության հանգամանքից, նրանք ամեն ինչ արեցին Հայաստանի թիկունքը՝ սուրբ Արցախը հեշտորեն թշնամուն հանձնելու համար: Աշխարհի մոտ 10 մլն հայությունը չհասկացավ հարցի լրջությունը, մատը մատին չխփեց, աշխարհի առջեւ ուղղակիորեն խայտառակվեց ու իրագործեց թշնամու դարավոր երազանքը: Իհարկե, այս խայտառակության մասին կարելի է շատ երկար խոսել, ցավով խոսել, սակայն դա հետագայի հարց է, այժմ պետք է քննարկենք ու վերլուծենք, թե ինչպես կարելի է մեկ օր շուտ փորձել փրկել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, քանզի ամեն անցնող օրը նրանց համար մահվանից շատ ավելի ծանր է: Ասեմ, որ սա իսկապես բացառիկ դեպք է եւ աշխարհի ողջ հայությունը ամեն ինչ կողքի թողած, պետք է լիովին լծվի սրան, քանզի սա ոչ միայն նրանց կյանքի փրկության, այլեւ ողջ հայության ազգային արժանապատվության հարցն է… Կրկնում եմ, նախ պետք է փորձել ամեն միջոց գործադրել նրանց փրկելու համար, իմանալով, թե Ադրբեջանն ինչպես է տրամադրված նրանց նախկին քայլերի վերաբերյալ: Կարծում եմ, որ հայությունը չի կասկածում, որ Ռուբեն Վարդանյանը բացառիկ հայրենասիրությունից դրդված իր ամեն ինչը թողել եւ մեկնել է Արցախ, որպեսզի կարողանա իր լուման ներդնել Արցախի փրկության հարցում: Նա այնքան հարստություն ուներ, որ կարող էր թեկուզ մեծ գումարի միջոցով որեւէ կերպ լքել Արցախը եւ հայտնվել Հայաստանում, սակայն նա իրեն պահեց ոչ թե վախկոտի, այլ նվիրված հայրենասերի պես: Նա մեկնել էր վերջին շնչով փրկելու Արցախը, որը եւ արեց: Գաղտնիք չէ, որ նա միակ հայ մեծահարուստը չէր աշխարհում, սակայն նա այն բացառիկներից մեկն էր, որ իր մեջ ուժ եւ համարձակություն գտավ թողնելու իր խաղաղ կյանքը ու մտավ դաժան եւ վտանգավոր մարտահրավերների մեջ, հանուն ազգի վտանգելով իր կյանքը: Եվ այսօր եկել է այն պահը, երբ ազգը պետք է սատար կանգնի նրա հերոսական պահվածքին եւ ամեն ինչ անի նրա ու մեր մյուս հայրենակիցների փրկության համար … Ավելի քան համոզված եմ, որ հայրենիքն ու հայ ժողովուրդն անտեր չեն թողնի իր այս եւ մյուս զավակներին:

Մենք վայրկյան չունենք, պետք է ամեն ջանք գործադրենք՝ օր առաջ նրանց փրկության համար: Կարծում եմ, որ բոլոր հայերն են պատկերացնում նրանց եւ նրանց ընտանիքների սարսափելի իրավիճակը ու առաջին հերթին կոչ եմ անում նրանց ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, որպեսզի վաղվանից սկսած ամեն օր հավաքվել Ազատության հրապարակում, բացատրելով իրավիճակի ամբողջ լրջությունը եւ բոլորին հրավիրելու մասնակցելու իրականացվելիք գործողություններին, բազում կոչերով դիմելով միջազգային կազմակերպություններին ու աշխարհի հզորներին. փրկությունը միայն գործ անելն է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728