Դավիթ Խաչատրյանը հերթական մասշտաբային մուրալ նախագիծը կիրականացնի
Երեւանում մի քանի մուրալ նախագծերի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանին հանրությունը հիշում է հատկապես մաեստրո Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված մասշտաբային նախագծով, որը հնարավորություն էր անմահ Քոչարին եւս մեկ անգամ հասարակությանը ներկայացնելու՝ ժամանակի շնչին համահունչ մուրալ արվեստի միջոցով: Այժմ Երեւանի Պուշկին 62 հասցեում գտնվող շենքի ճակատին արտապատկերված է Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության մուրալը։
«Տարիներ շարունակ քաղաքային մշակույթի խոշորագույն ուղղություններից մեկի՝ մուրալի զարգացմամբ եմ զբաղված Երեւան քաղաքում, դրա շրջանակներում կարեւորել եմ մեր մեծանուն արվեստագետների ստեղծագործությունները նոր շնչով եւ նոր լույսի ներքո ներկայացնելը: Մուրալ արվեստը ժամանակակից ուղղություններից է, նոր սերունդներին՝ նոր ժամանակներում ձեւավորվող արվեստի խոսքով դասականներին ներկայացնելը բավական հետաքրքիր է ստացվում: Մենք ունենք կերպարվեստի ոլորտի բազմաթիվ խոշոր ստեղծագործողներ, որոնց թվում է հանճարեղ քանդակագործ, Հայաստանի Նկարիչների միության եւ Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադիր ու առաջին ռեկտոր Արա Սարգսյանը: Նախատեսում եմ իրականացնել եւս մեկ մուրալ, որը նվիրվելու է Արա Սարգսյանի Արգիշտի թագավորի արձանին»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Դավիթ Խաչատրյանը: Նա հավելեց, որ այդկերպ մի քանի խնդիր է լուծվում, որոնց թվում են մաեստրոյի հիշատակը վառ պահելը, նրա արվեստը հանրահռչակելը, ժամանակակից խոսքով ներկայացնելը:
«Արգիշտի թագավորի արձանը հատուկ է ընտրվել, որովհետեւ մուրալ արվեստը քաղաքային մշակույթի կարեւոր էլեմենտներից է, ուստի միաժամանակ համատեղելով Արգիշտիին մուրալի մեջ, եւս մեկ անգամ կմեծարենք Էրեբունի-Երեւանի հիմնադրին, որի հիմնադրած քաղաքի բնակիչներն ենք շատերս: Մուրալն իրականացնելու է ներկա պահին ընտրված իտալացի վերականգնող ճարտարապետ եւ նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն, որը հիանալի նախագիծ է պատրաստել, մուրալի էսքիզ է ստեղծել հետաքրքիր տարբերակով, որտեղ նկարագրվում է հնի եւ նորի, դասականի եւ մոդեռնի միաձուլումը, նոր քաղաքն՝ իր երկնաքերներով եւ դրանց միջից վեր խոյացող պատմական կերպար Արգիշտի թագավորը: Նկարիչը այդ սիմբիոզը շատ հետաքրքիր կերպով է կարողացել ստանալ: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներում ականատեսը կլինենք այդ նոր նախագծի, որը հավանաբար կիրականացվի Սարյան փողոցում»,-հավելեց մեր զրուցակիցը՝ առանց ավելորդ փակագծեր բացելու:
Կարդացեք նաև
Նաեւ նշեց, որ նախնական համաձայնություն ունի քաղաքային իշխանության եւ Արա Սարգսյանի թանգարանի հետ: Ավելին, նրա ձեւակերպմամբ՝ թանգարանի տնօրինությունը առաջարկը գոհունակությամբ է ընդունել. «Թանգարանին էլ շատ կարեւոր է, որ հանրային մատչելիություն ունենա Արա Սարգսյանի թանգարանի ժառանգությունը, իսկ մուրալները հնարավորություն են տալիս մարդկանց, զբոսաշրջիկներին, մեր համաքաղաքացիներին ճանապարհ գտնել դեպի թանգարան եւ դեպի մեծ արվեստ»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ ամենացավալի խնդիրներից մեկը այս նախագծերի իրականացման մեջ ֆինանսական հատվածն է, ներկա պահին աջակցության համար փորձում են դիմել տարբեր կառույցների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանին են դիմել, դեռ սպասման պրոցեսում են, բայց հույս ունեն դրական արձագանքներ ստանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2025