Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի հետաքրքրում՝ հասարակության ընկալումը կփոխվի՞, թե՞ ոչ. մի բան է ինձ հստակ հետաքրքրում՝ վրեժի զգացողությունն անզորության ճիրանների պատճառով չմարի նրանց մեջ»

Փետրվար 21,2025 11:08

Մեր զրուցակիցը գրող, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանն է։

-Կարեն, լույս է տեսել ձեր թարգմանական հերթական աշխատանքը՝ Վոլտերի «Տրակտատ հանդուրժողականության մասին» փիլիսոփայական վեպը։ Ինչո՞ւ որոշեցիք թարգմանել հենց այս գործը։ Ի՞նչն է գրավիչ Վոլտերի այս տրակտատում մեր ժամանակի համար։ 

-Տեսնելով Հայաստանի և Սփյուռքի ներքին պառակտումներն ու լարվածությունը, որը հայ ազգին հոգեվարքով ուղեկցում է դեպի կառափնարան՝ համաշխարհային պատմության լուսանցք, ավելի քան արդիական է հայ գիտակից ընթերցողի սեղանին դնել հանդուրժողականության մասին այս տրակտատը, որն իր ուղերձով միասնականության ու եղբայրության կոչ կարող է լինել հայ ինտելեկտուալ և գիտակից հանրության համար՝ հանուն միասնության և վաղվա Հայաստանի, այսօր ավելի քան հանդուրժողական լինելու ծայրահեղ անհրաժեշտության հորդորով: Այո, հնարավոր է հասնել մինչև իսկ համընդհանուր, համազգային հանդուրժողականության, այլապես, վաղն արդեն ուշ կլինի:

Քանի որ չեմ ցանկանում, որ հազարամյակների խավարի խորքից եկող մեր ազգը, թոթափելով դարերի փոշին, դեպի նոր հազարամյակների լույսը գնա ինչպես Վոլտերն է ասում՝ «Նվաճված ժողովուրդների նման, իր նախկին մեծության մասին առասպելներ հորինելով», ուստի ծայրահեղ անհրաժեշտություն եմ համարում ազգային միաբանությունն այսօր, ավելի քան երբեք:

Եվ միայն Փիլիսոփայությունը, Կրոնի քույրը, որը հանդուրժողականություն պիտի քարոզի, ի զորու կլինի զինաթափել ձեռքերն ու մտքերը կապանքներից, որոնք սնահավատությունն է արյունոտել և քայքայել շատ վաղուց, և մարդկային միտքն արթնանալով իր արբեցումից, ապշած կմնա այն սանձարձակ արարքներից, տեսնելով, թե ուր է իրեն հասցել էգոիզմի, իշխանության, նախանձի, հարստահարելու և թալանի մոլուցքը:

Մեր ժողովրդավարության խնդիրներից մեկն առանց միմյանց նկատմամբ վիրավորանքի մտածելու և բանավիճելու իրական անհնարինությունն է, ինչը շատ կարևոր հանգամանք է: Իհարկե, բոլորը կարող են կարծիք ունենալ, և հարկավոր չէ պնդել, որ ցանկացած կարծիք միակն է, որը կհետաքրքրի հանրությանը, սակայն բազմահազար խնդիրների առկայության պայմաններում կեցվածքն ավելի մեծ տեղ է գրավում, քան վերլուծությունը:

Այո՛, Տրակտատը Լուսավորության դարաշրջանի փիլիսոփայության խորհրդանիշ է:

Հանդուրժողականությունը պետք է արմատավորվի մեր մարդկային թշվառ գիտակցության մեջ և խրախուսի մեզ զարգացնել համընդհանուր մարդկային եղբայրություն՝ առաջնորդելով ողջախոհության փաստարկների ոգով: Այն աստվածային իրավունք չէ և բոլորը կարող են կիրառել:

Ի վերջո, անհանդուրժողականությունը ժամանակավոր աբսուրդ է․ մենք հեշտությամբ կարող ենք այն դատապարտել և հաղթահարել:

Անհանդուրժողականության բոլոր դրսևորումները միայն մեկ նպատակ պետք է ունենան՝ առաջացնել հակադարձ ռեակցիա, ընթերցողները պետք է զզվեն անհանդուրժողականության մտածելակերպից և շարժվեն դեպի վեհագույն հանդուրժողականությունը, որն այս էսսեում ներկայացվում է գայթակղիչ և հիմնավոր ձևով արդարացված՝ մարմնավորելով հավաքածուի համոզիչ ուժերից մեկը: Ահա թե ինչպես էր Վոլտերը մտադիր համոզել իր ընթերցողներին, իր երեք հասցեատերերին՝ հասարակությունը մարմնավորող ժողովրդին, իշխանավորին և փիլիսոփային:

Հարկավոր է վերադառնալ հիմնարարին, մեր արմատներին արժանի ազնվականությամբ, դառնալով՝ օրինակ և պարսավանք բոլոր նրանց համար, ովքեր դեռ չգիտեն ինչ է իրենից ներկայացնում հանդուրժողականությունը: Մարդկությունը այդ է պահանջում, բանականությունը խորհուրդ է տալիս և քաղաքականությունն իրավունք չունի վախենալ դրանից:

Հորդորում եմ հանդուրժել…

Մարդ ծնվելը բավական չէ, հարկավոր է մարդ մնալ…

 -Որո՞նք էին թարգմանության ընթացքում առաջացած հիմնական դժվարությունները։ 

-Այսօր ողջ աշխարհում ստեղծվում են բազմաթիվ գրքեր, առկա են նոր ժանրեր, գրական ուղղություններ, համաշխարհային գրականությունը գնում է նոր ուղիներով, բայց հայ ընթերցողը, հայ գրաքննադատությունը, հայ թարգմանությունը հեռու են կանգնած այդ հսկայածավալ և արժեքավոր նորություններից: Մինչ այլ լեզվով թարգմանիչները մեծ արագությամբ թարգմանում են ամերիկյան և եվրոպական նոր ժանրերի արժեքավոր ստեղծագործությունները, հայ ընթերցողների մի փոքր մասն է կարողանում կարդալ այդ երկերը, այն էլ՝ մեկ այլ օտար ու երբեմն ավելի հասանելի լեզվի թարգմանությամբ, փառք Աստծո հայերի մեծ մասը պոլիգլոտ է:

Իսկ, առհասարակ, ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են նրանք ստիպված ընթերցել այլ լեզուներով, քանի որ մերօրյա շատ գրքեր չունեն հայերեն տարբերակներ առաջին հերթին, կամ էլ գուցե կատարվող թարգմանություններն էլ չունեն այն պահանջվող որակը, որն ունեն մյուս լեզուներով թարգմանությունները: Հայերեն թարգմանություններն երբեմն ավելի բառացի են, հաղորդում են հիմնական իմաստը, բովանդակությունը, բայց չեն պատկերում գրողի լեզվամտածողությունը, կիրառած պատկերային համակարգը, գեղարվեստական միջոցները, որոնք էլ կազմում են երկի գեղարվեստական արժեքի մեծագույն մասը, այդ երևույթին ինքս էլ բախվել եմ, սակայն երբ սյուրռեալիստական հեղինակ էի թարգմանում հայերեն: Ուստի դժվար չէ փաստել, որ գիտական ստեղծագործությունները, որոնցում վերոհիշյալ հատկանիշները երկրորդ պլան են մղված, և առաջնային է իմաստը, առավել հաջող են թարգմանվում, իսկ գեղարվեստական երկերն այդ առումով տուժում են:

Այսօր, ըստ իս, հայ թարգմանությունը կանգնած է լուրջ խնդրի առջև, որն էլ իր հերթին դառնում մերօրյա թարգմանիչների աքիլեսյան գարշապարն ու գորդյան հանգույցը, զուգընթաց տիտանական ուժով գրքից հեռացող հանրությանն ու սմարթֆոնային տարատեսակ սոց-ցանցերի աճին, որոնք հանրությանն ուղղակիորեն գրքից, և ոչ միայն թարգմանված, այլ առհասարակ գրքերից շեղող բազմազան երևույթներ են, որոնք նպաստում են վերլուծական մտքի ու զարգացած հանրությանը փոխարինել հեռավար կառավարվող զանգվածներով, ամբոխներով համատարած անգրագիտության տարածմանը, վիրտուալ կյանքում ինքնահաստատմանն ու դեպի անդեմ և անսեռ գլոբալիզացիա՝ վոքիզմ :

Վերադառնալով վեպին՝ կարող եմ ասել, հիրավի, 18-րդ դարը Ֆրանսիայում հարուստ ժամանակաշրջան էր՝ լինի պատմական թե գրական֊մշակութային առումով: Իսկապես, այն լիարժեքորեն համապատասխանում է Լուսավորության դարաշրջանին: Եվրոպան շունչ առավ նոր փիլիսոփայական մտքի զարգացմամբ այնպիսի հեղինակների շնորհիվ, ինչպիսիք են՝ Ռուսոն, Դ՛Ալեմբերը, Մոնտեսքյոն, Դիդրոն և Վոլտերը: Սա նաև քաղաքական փոփոխությունների բուռն շրջան էր՝ Լյուդովիկոս XIV-ի մահից մինչև Նապոլեոնի գահակալումը:

Հիմք ընդունելով քննադատական մտածողության և բանականության շուրջ թվարկածս փիլիսոփաների հասարակական մտորումները՝ Լուսավորականությունն այսպիսով հրապարակեց տեքստեր, որոնց մեջ հեղինակները կասկածի տակ էին դնում հասարակության ընկալումները, քաղաքական հեղինակություններին և կրոնական բարոյաբանությունը: Նրանք չեն վարանում ներգրավվել իրենց ճիշտ թվացող փաստարկների մեջ, որպեսզի աշխարհի համար բացահայտեն «երջանկության» վրա հիմնված կյանքի նոր ուղին:

Ուստի հաշվի առնելով այս ամենը հարկավոր էր՝ թարգմանությունը որպես միջլեզվական և միջմշակութային հաղորդակցական ակտ ընդունելով, լեզվական և արտալեզվական գործոնները թարգմանության գործընթացում առաջ քաշել համարժեքությունը որպես թարգմանության տեսության հիմնական հասկացություն, խնդրի շուրջ գոյություն ունեցող տեսակետների քննադատական վերլուծությամբ ու բազում հետգրություններով:

Ես փորձեցի ամեն ինչ անել հանուն համարժեքության և նույնականության:

 -Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել, որպեսզի տեքստը հավատարիմ մնա Վոլտերի ոճին ու լեզվամտածողությանը։

-Նույնականության հարաբերական բնույթը, դրա դրսևորման տարբեր մակարդակների մեջ է հատկապես ընկալվում: Ուստի փորձեցի կիրառել որոշակի հնարներ, որոնցին են՝ սահմանափակ ընդհանրացումը, լիարժեք կոնկրետացումը (հատկապես հետգրություններում), հականիշային թարգմանությունը, հարմարեցումը լեզվական մշակութային կոնտեքստին, բացատրություններ բազում, հանուն ընթերցողին գրքից չկտրելու, որևէ այլ միտք, բառ փնտրելու ընթերցվող միտքն համապարփակ հասկանալու, ժամանակի կամ մշակույթի տարբերությունն ընկալելու համար, շատ սակավ կերպով կիրառեցի խտացում:

Այս աշխատանքն իրենից ներկայացնում է ոչ միայն միջլեզվական, միջմշակութային այլ նաև՝ միջնշանաբանական և որ ամենակարևորն է փիլիսոփայական թարգմանություն: Բնականաբար, ազգամշակութային բաղադրիչը, փիլիսոփայական տերմինալոգիան, ինչպես մյուս գրչակից ընկերներիս, այնպես էլ ինձ համար հանդիսացավ որպես թարգմանական խոշորագույն խնդիր, պայմանավորված իր լեզվական և արտալեզվական գործոնների բաղադրիչներով: Եվ հին ֆրանսերենի դարձվածքների, առածների և ասացվածքների թարգմանության հիմնական հնարներն օգնեցին վերարտադրել հայերենն ավելի նորովի, հասկանալի և ընթեռնելի, նույն ստեղծագործության ֆրանսերեն տարբերակի իսկապես բարդ և շատ համապարփակ տեքստի համեմատությամբ:

 -Ի՞նչ նշանակություն ունի այս տրակտատը մեր մշակութային և հասարակական կյանքում։

-Հրավիրում եմ ձեզ ուսումնասիրելու հիմնարար տեքստերից մեկը՝ Վոլտերի «Տրակտատ Հանդուրժողականության մասին» այս աշխատությունը, որը դատապարտում է քաղաքական և հատկապես կրոնական իշխանությունների չարաշահումները և հիմնված է Կալասի գործի՝ տրակտատի գրման ժամանակ տեղի ունեցած կարևոր իրադարձության վրա: Այս կարևոր տեքստում հանդուրժողականության կոչի, կրոնական մոլեռանդության դատապարտման և բանականության գովասանքի նման խառնարանում ընթերցողն ամեն ինչ կհասկանա: Այս տեքստը 18-րդ դարում փիլիսոփաների մղած պայքարի մի մասն է, մարդկանց միջև հանդուրժողականություն և հարգանք ներարկելու համար: Այս պայքարը հատկապես ընդգծում է մարդու առաջընթացի հույսը խավարամտության դեմ: Այսպիսով, Վոլտերը ցանկանում է, որ Ֆրանսիան, թեկուզ ուշացումով, հասնի որոշակի ինտելեկտուալ և բարոյական զարգացվածության: Հիմնախնդիր, որն էլ ես իմ հերթին, դրեցի իմ առջև, այո թեկուզ ուշացումով, բայց մեր հրամայականն է զարգացող աշխարհում որոշակի ինտելեկտուալ և բարոյական զարգացվածության հանսել հենց այսօր:

-Թարգմանության ընթացքում արդյո՞ք նոր բացահայտումներ եք արել Վոլտերի գաղափարախոսության վերաբերյալ։

-Քողարկված աթեիզմի դրսևորում եմ նկատել, և գաղտնի ուղերձներն այս ու այն հասցեատերերին : Հետաքրքրական և իսկապես արդիական «Տասնվեցերորդ դարի բարեփոխման գաղափարը» III գլխում նրա դիտավորյալ լատիներեն մեջբերումը։ Բնականաբար լատիներեն խոսքը վերագրելով Ֆրանցիսկոս VI-ին այդ մասին հայտնողներին, նա հասցեագրում է իր փիլիսոփայական ապտակը միմիայն այդ ժամանակաշրջանում լատիներեն հասկացող կղերական դասին, երկնքից և սրբադասված լինելուց վայր իջեցնելու համար: Այո, մի տեղ ապտակում է, իսկ հետո շոյում, օրինակ IV Գլխի մասնավորապես հետգրության մեջ։ Վերագրելով իր միտքը մի հրապարակախոսի, նա Անգլիայի հեղինակությունն ու հրոսակային դաժան քաղաքականությունն է առաջ բերում, բնականաբար իրենից հեռացնելով անմիջական արքունական հարվածը: Եվ հենց նույն գլխում փորձում է շոյել Ֆրանսիայի Եպիսկոպոսների համակարգը, ասելով, որ այն կազմված է որակյալ մարդկանցից, ովքեր մտածում և գործում են իրենց արմատներին արժանի ազնվականությամբ:

 -Ինչպե՞ս եք պատկերացնում՝ այս գիրքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ հայ ընթերցողի վրա։

-Մենք պետք է շարժվենք դեպի հանդուրժողականություն: Այս հանդուրժողականություն քարոզող էսսեն համընդհանուր ուղերձ է՝ ուղղված երեք հիմնական հասցեատերերին, որոնց համար այս գաղափարը ազդակ կդառնա:

Առաջինը ժողովուրդն է, նրանք, ովքեր «անկիրթ» են և որոնց «սրտերն ու միտքը հարկավոր է լավ հղկել»: Ուղերձն իր ամբողջ վեհությամբ ուղղակիորեն վերաբերում է հենց ժողովրդին, որովհետև հենց նա է շատ հաճախ անհանդուրժողականության գաղափարների առաջին զոհն ու առաջին գործիքը: Եվ երես թեքելով անհանդուրժողականությունից և ընդունելով հանդուրժողականությունը որպես ավետիս, ձեռք կբերվի մշտնջենական խաղաղություն:

Երկրորդը փիլիսոփայական գաղափարների համար այն բացն է, որը Վոլտերը սահմանում է Լուսավորչական դարաշրջանի երեք հիմնական սկզբունքների համաձայն՝ «ինդուլգենցիա», «մարդասիրություն» և «խղճի ազատություն»: Հանդուրժողականությանը հետևելը նշանակում է հետևել այս լուսավոր գաղափարախոսությանը, որը փիլիսոփաների մի ամբողջ սերնդի ինքնազարգացման հրավերն է:

Երրորդ խումբը այս աշխարհի բոլոր մեծերն են: Վոլտերը ցույց է տալիս նրանց առավելությունները, որոնք նրանք ձեռք կբերեն հետևելով հանդուրժողականությանը, քան՝ անհանդուրժողականությանը: Խոսքը թագավորության, պետության և իշխանության բարօրության մասին է:

Անդրադառնալով այս երեք տարբեր մակարդակներին՝ Վոլտերն իր աշխատանքը դարձնում է համընդհանուր ուղերձ:

Հենց այս երեք տարբեր մակարդակներին ուղղված ուղերձն էլ ցանկացա, որ թիրախավորվեն այս գրքով:

 -Կարեն, նաև գիտեմ, որ ձեր աշխատասիրությամբ արդեն պատրաստ է Բորիս Վիանի «Կգամ կթքեմ ձեր գերեզմաններին» վեպի հայերեն թարգմանությունը։ Այս գործն ինչպե՞ս ընտրեցիք, թեև նախորդիվ նույն հեղինակից այլ գործ էիք թարգմանել։

-Այո՛, հստակ կարող եմ ասել. հաղթահարեցի իմ ամոթը… և թարգմանեցի մի անամոթություն՝ XX դարի ամենասկանդալային վեպերից մեկը՝ «Կգամ ձեր գերեզմաններին կթքեմ» վեպը, որպեսզի դատապարտվի ռասիզմն ու վրեժը երբեք և երբեք «ծարավ» չմնա։

Խորին շնորհակալություն` «Արմավ» հրատարակչությանը, գրականագետ Արմեն Ավանեսյանին, բանաստեղծ Ներսես Աթաբեկյանին խմբագրման ու հրատարակության համար ինչպես՝ «Կգամ ձեր գերեզմաններին կթքեմ» վեպի , այնպես էլ՝ Վոլտերի «Տրակտատ հանդուրժողականության մասին» փիլիսոփայական վեպի համար :

Այս գիրքն այսպես կոչված սադիստական արձակի օրինակ է: Հրապարակելուց անմիջապես հետո աղմկահարույց դատավարություն է սկսվել, որի արդյունքում հեղինակը նույնիսկ դատապարտվել է ազատազրկման ։

Հեղինակը բացարձակապես հավանության չի արժանացրել իր վեպի ֆիլմ դառնալու գաղափարը։ Նա մահացավ սրտի կաթվածից կինոթատրոնում՝ իր վեպի էկրանավորման առաջին ցուցադրության հենց սկզբում։

«Կգամ ձեր գերեզմաններին կթքեմ» վեպը Բորիս Վիանի «նուար վեպն» է, որը հրատարակվել է Վերնոն Սյուլիվան կեղծանունով և առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին Editions du Scorpion-ի կողմից։ Այս վեպը, ինչպես և մի քանի այլ վեպեր, առաջին անգամ լույս է տեսել «Վերնոն Սյուլիվան» անունով, որի թարգմանիչը ներկայացրել է Վիանն իրեն։

Պատմությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգների հարավում։ Այն պատկերում է մի մետիսի վրեժը, որն առաջանում է իր եղբոր սպանության արդյունքում։ Վեպը դատապարտում է ռասիզմը, որին առօրյա կյանքում զոհ են դառնում սևամորթ ամերիկացիները սպիտակամորթների կողմից:

Հայտնի ֆրանսիացի գրող Բորիս Վիանը հայտնի էր նաև որպես գյուտարար, երգահան և ջազ կատարող, լրագրող, սցենարիստ և քննադատ: Այս գործունեությունը կբավականացներ մի քանի կյանքի, սակայն նա իրագործեց մինչև իր 39 տարեկանը: Փորձագետ և «սև վեպի» գիտակ՝ Վիանը մի քանի գործ հրատարակեց Վերնոն Սյուլիվան կեղծանունով, և դրանք աղմկոտ, սկանդալային հաջողություն ունեցան:

 -Վիանի ոճը, լեզվական առանձնահատկությունները տարբեր են, յուրահատուկ։ Ի՞նչ կարծիքի եք Վիանի լեզվական փորձարարությունների և դրանք հայերենում արտացոլելու հնարավորությունների մասին։

-Վիանն արդեն հայտնի է հայ ընթերցողին «Օրերի փրփուրը» վեպով, մեկ տարի առաջ հրատարակված և իմ կողմից կրկին բնագրից թարգմանված «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» վեպով, և առավել ևս կճանաչվի այս նուար «Կգամ ձեր գերեզմաններին կթքեմ» վեպով: Հուսամ, ինչպես բոլոր թարգմանված կամ , գրված գրքերն իրենց որոշակի հետքն են թողնում ընթերցողի գեղագիտական կյանքում, այնպես էլ՝ այս վեպը կթողնի իր հետքը:

 -Ի՞նչ եք կարծում, արդյոք այս վեպը կարո՞ղ է փոխել հասարակության ընկալումը…

-Խորհուրդ կտայի, որ վեպն ընթերցեն բացառապես չափահաս տղամարդիկ, վավաշոտ, այլասեր էջերի պատճառով: Առհասարակ ինձ չի հետաքրքրում հասարակության ընկալումը կփոխվի՞, թե՞ ոչ, մի բան է ինձ հստակ հետաքրքրում ՝ վրեժի զգացողությունն անզորության ճիրանների պատճառով չմարի նրանց մեջ:

 

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728