Անցած տարվա մայիսին Բաքվից հնչած հերթական հայտարարություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Փաշինյանը փոփոխություն կատարեց 2022-ին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշման մեջ՝ գործող խորհրդի ուսերին դնելով նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Այդ խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է արդարադատության նախարարը, անդամներն են ՔՊ-ական երկու պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, նաեւ Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, Տիգրան Եգորյանը։
«Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է «գաղափարախոսական» սահմանադրական հանրաքվե։ Ժողովուրդ ջան, պարզ չէ՞, թե ինչ պետք է անել։ Մերժում ենք առաջարկվող սահմանադրական հանրաքվեն»,- Փաշինյանի ուղերձին առաջին արձագանքողներից մեկն Էդմոն Մարուքյանն էր, որը նաեւ գրառում արեց, թե ՈՉ-ի ճակատ են ձեւավորելու։ Երեկ նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին, իսկ այն հարցին, որ խորհրդին է վերապահված նոր Սահմանադրություն գրելը, հարցով պատասխանեց՝ իսկ խորհուրդը նիստեր անո՞ւմ է։ Հիշեցնենք, որ վերջին անգամ խորհուրդը նիստ արել է անցած տարվա սեպտեմբերին։
Արթուր Սաքունցն էլ է արձագանքել Փաշինյանին՝ ֆեյսբուքյան իր էջում վերաթողարկելով Արման Բաբաջանյանի գրառումը եւ մեկնաբանելով․ «․․․Հիմա, երբ կա նման արտաքին պահանջ, ինքս էլ եմ գտնում, որ բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում սահմանադրության փոփոխության մասին խոսույթը»։
Դանիել Իոաննիսյանը կողմ է նոր սահմանադրությանը, ինքը վաղուց է խոսել դրա անհրաժեշտության մասին, քան Փաշինյանն է հայտարարել, եւ բացառեց, որ այն Ալիեւի պահանջով է գրվելու, ինչպես նաեւ՝ սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը․ «Ես պնդում եմ, որ Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ կարող են հանրաքվե կեղծել, եւ եթե գրենք «սահմանադրություն Ալիեւի համար», մարդիկ պարզապես կողմ չեն քվեարկի, եթե գրենք մի սահմանադրություն, որ Հայաստանի քաղաքացիների սրտով չլինի, այլ լինի պայմանական` այլմոլորակայինների սրտով, ապա ՀՀ քաղաքացիները չեն ընդունի: Կներեք, բայց ես ապուշ չեմ, որ գրեմ մի բան, որ մարդիկ հետո մերժեն, ես մազոխիստ չեմ, մի կողմ դրած, որ ես համարում եմ, որ պետք չի հռչակագրի հղումը հանել, բայց մարդ պետք է մազոխիստ լինի, որ սահմանադրությունում այնպիսի կարգավորում մտցնի, որ ամբողջ ռեֆորմը գրողի ծոցն ուղարկի»։ Դանիել Իոաննիսյանի հաշվարկներով, հանրաքվեն, լավագույն դեպքում, 2027 թվականին է հնարավոր իրականացնել, թեեւ չբացառեց, որ իշխանությունը շատուշատ բարեփոխումներ է կիսատ թողել: Իսկ մի քանի ամիս նիստեր չանելու պատճառը, նրա խոսքով, նախարարի փոփոխությունն է՝ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո խորհուրդը նիստ չի արել: Բայց կարծում է, որ կարիք կա արագացնել գործընթացը։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: