Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյան. Պետք է շատ հստակ հասկանանք՝ միայն այդ անձանց չեն դատում, Ադրբեջանում դատավարությունն ուղղված է ՀՀ-ի դեմ. «Հրապարակ»

Փետրվար 21,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակ»․ Այս օրերին Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը:

Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: «Դրանք դատավարություններ չեն, քաղաքական ֆարսեր են՝ հայ պատանդների նկատմամբ, ովքեր չունեն իրավական պաշտպանության որեւէ հնարավորություն, չունեն անգամ գործի նյութերին մատչելի լեզվով ծանոթանալու հնարավորություն եւ այլն։ Ակնկալել, որ իրավական ճանապարհով որեւէ լուծման կհանգենք, այլեւս այդ հույսը չունեմ։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է չաշխատենք, պետք է աշխատենք եւ մոբիլիզացնենք համաշխարհային, միջազգային իրապաշտպան կազմակերպությունների ներուժը։ Հարցը քաղաքական դաշտում է, որի մասին իր հայտարարության մեջ ակնարկել է նաեւ Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ պատանդների վերադարձի հարցը քաղաքական բնույթ է կրում, որքան շուտ ՀՀ իշխանությունները հասկանան, շահագրգիռ քննարկումների մեջ մտնեն տարբեր պետությունների հետ, ստանան նրանց աջակցությունը, այդքան՝ լավ։ Արցախի օմբուդսմենի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետական մակարդակով որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար, եթե բանակցեին, ապա դա անպայման կհանրայնացվեր։ «Դրա մասին է վկայում նաեւ այն, որ տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ այդ հարցը չի կարեւորվում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը գերիների մասին խոսեց միայն այն ժամանակ, երբ վտանգ զգաց։ Դա տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի` դատարանում ունեցած ելույթն ադրբեջանական լրատվամիջոցներում տարածելուց հետո։ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում ասաց, թե հետախուզական տվյալներ ունի, որ «այդ մարդկանց հոգեներգործուն դեղեր են տալիս, որ ցուցմունք կորզեն»։ Պարզ է, որ անհանգստանում է, թե ինչ ցուցմունքներ են տալու իր մասին:
«Ես համակարծիք եմ, իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը արձագանքում է, երբ սեփական հեղինակությանը կամ իր դեմ ուղղված որոշակի սպառնալիքներ, մեղադրանքներ է նկատում։ Այդպես չպետք է լինի, մենք պետք է շատ հստակ հասկանանք՝ միայն այդ անձանց չեն դատում, դատավարությունն ուղղված է ՀՀ-ի դեմ։ Ինչ ասես՝ կարող են կորզել՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի դեմ, թե՛ ՀՀ-ի։ Դրա համար ենք ասում, որ անհրաժեշտ է հնարավորինս տարբեր հարթակներում այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Կարող ենք ենթադրել, որ գլխացավանքից իրենց ազատելու համար հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում»,-ասաց Ստեփանյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728