Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը, նկատել է Սերգեյ Լավրովը
Եվրոպայի առաջնորդները հավաքվել էին Փարիզում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ փետրվարի 17-ին Փարիզում արտահերթ գագաթնաժողով էր գումարվել, որի առիթը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի եւ Դանիայի ղեկավարները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Ելիսեյան պալատը հայտնեց, որ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Փարիզում եվրոպական արտակարգ գագաթնաժողովը կազմակերպելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել պատերազմի դադարեցումը:
Կարդացեք նաև
Գերմանիան հայտարարել է, որ «չի խուսափի» ցամաքային զորքեր տրամադրելուց: Շվեդիայի վարչապետն ասել է, որ «միանգամայն հնարավոր է» շվեդական խաղաղապահների ուղարկումը, եթե լինի հստակ մանդատ: Նիդեռլանդների կառավարությունը նույնպես ազդանշան է տվել, որ կարող է ներդրում ունենալ՝ հստակ մանդատի եւ էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ի աջակցության երաշխիքի դեպքում: Այնուամենայնիվ, Ուկրաինայի հարեւան Լեհաստանը, որն ունի ՆԱՏՕ-ի երրորդ ամենամեծ բանակը, հայտարարել է, որ զորքեր չի տրամադրի։ Իսպանիան ասել է, որ նման առաջարկի համար դեռ վաղ է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղապահ զորքեր ուղարկել՝ աջակցելու Ուկրաինայի խաղաղության ցանկացած համաձայնագրի, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։ Փետրվարի 16-ին Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում Սթարմերը նշել էր, որ որոշումը «հեշտ» չի ընդունել, սակայն կարծում է, որ այն կարող է ապահովել Մեծ Բրիտանիայի եւ ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը: «Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման արագացման գործում։ Սա ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին, որոնց համար Բրիտանիան արդեն տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է տրամադրում առնվազն մինչեւ 2030 թվականը», – ասել է նա՝ շարունակելով. «Բայց սա նաեւ նշանակում է ցանկություն եւ պատրաստակամություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը` անհրաժեշտության դեպքում նաեւ սեփական զորքերի տեղակայմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա»։
Ոչ ոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղ համաձայնագիր չի պարտադրի, որոշումը կընդունեն միայն նա եւ ուկրաինացի ժողովուրդը, ըստ Reuters գործակալության՝ հայտարարել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Իսկ ահա The Washington Post-ը գրել է, որ Եվրոպացի առաջնորդները դիտարկում են Ուկրաինայի տարածքում 25-30 հազարանոց զորախմբի տեղակայման տարբերակը։ Վկայակոչելով աղբյուրներին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված ԵՄ առաջնորդների հետ հանդիպումը, պարբերականը նշել էր, որ գագաթնաժողովի նպատակն էր` «պնդելու Ուկրաինային եվրոպական աջակցության ավելի կոնկրետ պլանավորման եւ զորքերի հնարավոր տեղակայման շուրջ կոնսենսուսի հասնելը»։ «Եվրոպական պլանավորման վերջին տարբերակը նախատեսում է մի քանի բրիգադներից կազմված «զսպող» ուժի ստեղծում՝ թերեւս 25-30 հազարանոց, որոնք չեն տեղակայվի շփման գծի երկայնքով, բայց պատրաստ կլինեն ուժ ցուցադրել, եթե ռուսական զորքերը վերսկսեն պատերազմը»,- գրել է պարբերականը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից հետո նշեց, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով։ «Փարիզում մենք հաստատեցինք, որ Ուկրաինան արժանի է կայունության միջոցով խաղաղության։ Խաղաղության, որը հարգում է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ անվտանգության հուսալի երաշխիքներով»,- գրել էր նա X սոցիալական ցանցում։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ «Եվրոպան կրում է Ուկրաինային ռազմական աջակցության իր ամբողջ բաժինը»: Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի սեփական պաշտպանությունը։
«Եվրոպան պատրաստ է եւ ցանկանում է առաջ քայլ անել։ Վերցնել նախաձեռնությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Պատրաստ ենք զգալիորեն մեծացնել ներդրումները մեր անվտանգության մեջ։ Մանրամասները դեռ պետք է հստակեցվեն, սակայն պարտավորությունները պարզ են»,- գրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սոցիալական ցանցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հերթին հանդիպումից հետո նշել էր. «Եվրոպացիները ցանկանում են արագացնել իրենց ինքնիշխանության, անվտանգության եւ մրցունակության ապահովման ծրագրի իրականացումը։ Աշխատանքը կշարունակվի՝ հիմք ընդունելով Եվրահանձնաժողովի առաջարկները՝ ինչպես Ուկրաինայի աջակցության, այնպես էլ մեր պաշտպանության զարգացման եւ ներդրումների ուղղությամբ»։ Մակրոնը նաեւ հայտնել էր, որ Փարիզում կայացած բանակցություններից հետո հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների՝ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Մենք ձգտում ենք Ուկրաինայում հաստատել կայուն եւ երկարատեւ խաղաղություն»,- վստահեցրել է Մակրոնը։
Փետրվարի 18-ին` ռուս-ամերիկյան բանակցություններից ժամեր անց Reuters-ը հայտնեց, որ Փարիզը փետրվարի 19-ին երկրորդ գագաթնաժողովն է հրավիրում Ուկրաինայի եւ եվրոպական անվտանգության հարցերով: Երկրորդ հավաքին մասնակցելու էին հրավիրվել այն երկրների ներկայացուցիչները, որոնք ներկա չէին փետրվարի 17-ին կայացած գագաթնաժողովին: Այդ երկրների թվում են` Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան, Բելգիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Կանադան եւ Նորվեգիան:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար։ Նրա խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում, վերաբերում է ոչ միայն ուկրաինացիներին, այլեւ ողջ Եվրոպային: Մակրոնն ընդգծել է, որ «պարզ հրադադարը որեւէ կերպ չի լուծի հակամարտությունը», հատկապես այն բանից հետո, երբ գրեթե երեք տարի է անցել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից։ «Միայն լիարժեք եւ վերջնական խաղաղությունը, որը կերաշխավորի անվտանգությունը, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կայունությունը Ուկրաինայում, ժամանակի ընթացքում կարող է լուծել այս խնդիրը»,- ասել է նա։ Միաժամանակ, Մակրոնը նշել է, որ Վաշինգտոնը մնում է Եվրոպայի առանցքային դաշնակիցը։
Ռուս-ամերիկյան բանակցություններ` Սաուդյան Արաբիայում
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Բարձրաստիճան պաշտոնյաներն անպատասխան էին թողել լրագրողների հարցերը, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ուկրաինացիներին երկրորդ պլան է մղում, եւ ինչ զիջումներ է պահանջում Վաշինգտոնը Մոսկվայից:
Սա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն էր` Ուկրաինայում պատերազմից ի վեր։ Այս հանդիպմանը Ուկրաինան, ինչպես նաեւ եվրոպացիները հրավիրված չէին, սակայն ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Զելենսկին մասնակցելու է բանակցություններին։ Թե որ փուլում՝ Թրամփը չէր հստակեցրել։ Նշվել էր, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը կհաջորդի նախագահներ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանը բանակցություններից մեկ օր առաջ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆի հետ, որոնք ԱՄՆ բանակցային թիմի անդամներ են: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցեցին արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
Ի դեպ, մինչ բուն բանակցությունները, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել էր, որ արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի որոշ ներկայացուցիչների հետ։ Դմիտրիեւը այս մասին հայտնել է CNN-ին ժամեր առաջ տված հարցազրույցում։ «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նրանք հիանալի կերպով լուծում են խնդիրները։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը հիանալի խնդիր լուծող է», -ասել է Դմիտրիեւը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչները դեռեւս չեն տվել ուղիղ խոստումներ ռուս գործընկերներին։ «Կարծում եմ՝ խոստումը սա է. եկեք վարենք երկխոսություն, եկեք գտնենք լավագույն լուծումը մեր երկրների, այլ երկրների եւ ողջ աշխարհի համար», – նշել էր նա։ Դմիտրիեւը հերքել էր, որ Ռուսաստանը հանդիպման ընթացքում ձգտելու է հասնել պատժամիջոցների մեղմացմանը։ Նա ընդգծել էր, որ համատեղ աշխատանքը կարող է օգտակար լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի տնտեսությունների համար։
Ուշագրավ էր, որ ռուսաստանյան լրատվամիջոցները դեռ բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ արդեն հաղորդում էին, որ ռուս-ամերիկյան հանդիպման առանցքում ՌԴ-Միացյալ Նահանգներ հարաբերություններն են: Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպումից մեկ օր առաջ նշել էր, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախ կքննարկեն նոր աշխարհակարգի կարեւորագույն հարցերը, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան եւ տեխնոլոգիաները, եւ միայն դրանից հետո կփորձեն լուծել ուկրաինական հակամարտության հարցը։ Նրա խոսքով` աշխարհում կան ավելի մեծ խնդիրներ, քան ուկրաինական հակամարտությունը, եւ «համաշխարհային տերությունների» բանակցություններում խոսվելու է ոչ միայն Եվրոպայի, այլեւ մյուսների խնդիրների մասին։ «Համոզված եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը լուծում կտրվի ավելի լայն թեմաների շուրջ բանակցությունների արդյունքում։ Աշխարհի խոշոր տերությունները նախ կքննարկեն, թե ինչ կլինի ապագայում՝ էներգակիրների գներ, տեխնոլոգիաներ, առեւտուր: Աշխարհն այժմ վերաձեւավորվում է այդ խոշոր հարցերում»,- ասել էր Օրբանը։
«Կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ». ԱՄՆ պետքարտուղար
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջեւ բանակցությունները շուրջ 4 ու կես ժամ էին տեւել։
Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ, Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո պետքարտուղարը շեշտեց, որ բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Ուկրաինայի կարգավորմանը, այդ թվում՝ ԵՄ-ն։ Պետքարտուղարը շեշտել էր նաեւ, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ Ինչպես նաեւ կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման եւ տնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկում են եռաստիճան խաղաղության ծրագիր՝ ներառյալ` զինադադարի հաստատում, ընտրություններ Ուկրաինայում, այնուհետեւ վերջնական համաձայնություն:
Բանակցություններն օգտակար են եղել, ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները պայմանավորվել են պայմաններ ստեղծել` երկու երկրների միջեւ համագործակցությունն ամբողջությամբ վերականգնելու համար, ռուս-ամերիկյան հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաեւ դաշինքի անդամ զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի են։ «Մենք այսօր մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը»,- ասել է Լավրովը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի` Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, եւ Մոսկվան համաձայն է դրա հետ։ Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կհայտարարի, թե ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայում կարգավորման հարցով բանակցություններին, Ռուսաստանը կանի նույնը։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համակարծիք են, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Լավրովը նաեւ կարծիք է հայտնել, թե հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։
Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան միանա Եվրամիությանը, քանի որ դրանում վտանգ չի տեսնում իր անվտանգության համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ ռազմական դաշինքներին Ուկրաինայի միանալը «բոլորովին այլ հարց է»։ «Սա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք խոսում ենք ինտեգրացիոն եւ տնտեսական գործընթացների մասին, եւ այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որեւէ երկրի որեւէ բան թելադրել: Մենք դա չենք պատրաստվում անել»,- ասել է Պեսկովն ու հավելել, որ դիրքորոշումը անվտանգության, պաշտպանության կամ ռազմական դաշինքների հարցում բոլորովին այլ է: Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն նշել է, որ Եվրամիության դերն ու մասնակցությունը Ուկրաինայի վերաբերյալ առաջիկա հնարավոր բանակցություններում բացառված է:
«Բանակցությունները վատ չեն ընթացել։ Կողմերը լուրջ քննարկում են ունեցել բոլոր հարցերի շուրջ»,- իր հերթին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Դժվար է խոսել Պուտինի եւ Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետների մասին։ Մոսկվան եւ Վաշինգտոնը կաշխատեն պայմաններ ստեղծել Պուտինի եւ Թրամփի հանդիպման համար»,- ասել է նա։ Ըստ Ուշակովի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները, կողմերը ներկայացրել են իրենց հիմնարար մոտեցումներն Ուկրաինայի հարցում՝ հաշվի առնելով միմյանց շահերը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն կարեւոր է հաշվի առնել որպես պետության ղեկավար նրա լեգիտիմության հետ կապված իրավական ասպեկտները, լրագրողների հարցին, թե Ռուսաստանի նախագահը պատրա՞ստ է բանակցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ, պատասխանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ի դեպ, ռուս-ամերիկյան բանակցություններից ընդամենը ժամեր անց NBC-ը հաղորդեց, որ ԱՄՆ հետախուզությանը հայտնի է դարձել, որ Պուտինը շահագրգռված չէ Ուկրաինայի վերաբերյալ իրական խաղաղության գործարքով: Նշվում էր, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետախուզության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը դեռ հավատում է, որ ի վերջո կհաղթի պատերազմը եւ կկարողանա գրավել ողջ Ուկրաինան։
Առանց Կիեւի կայացրած որեւէ որոշում անընդունելի է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 17-ին հայտարարել է, որ Կիեւը որեւէ տեղեկություն չունի Սաուդյան Արաբիայում ծրագրված բանակցությունների մասին եւ չեն պատրաստվում ընդունել դրանց արդյունքները։ «Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինան այդ մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում է անարդյունք։ Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որեւէ պայմանավորվածություն առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները», – ասել էր Զելենսկին՝ հավելելով. «Ես երբեք չեմ ընդունի որեւէ որոշում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայի վերաբերյալ, երբեք»: Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ առաջարկվող գործարքը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել իր երկրի բնական հարստություններ, չի աշխատի, եթե Կիեւին անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն:
Փետրվարի 18-ին Ուկրաինայի նախագահը Անկարա էր ժամանել, որտեղ Թուրքիայի նախագահի բանակցություններից հետո հայտարարեց. «Պատերազմի ավարտին ուղղված ցանկացած բանակցություն պետք է լինի արդար, եւ պետք է ներգրավվեն եվրոպական երկրները, այդ թվում՝ Թուրքիան: Ուկրաինան, Եվրամիությունը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, պետք է ներգրավված լինեն ԱՄՆ-ի հետ բանակցություններում եւ անվտանգության երաշխիքների մշակմանը»,- ասել էր Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անվիճարկելի են Անկարայի համար, իր հերթին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ռուս-ամերիկյան բանակցությունները կցանկանար հյուրընկալել Թուրքիայում, սակայն իր երկիրը դուրս մնաց այդ գործընթացներից, եւ ռուս-ամերիկյան բանակցային առաջին ռաունդի հյուրընկալող երկիր ընտրվեց Սաուդյան Արաբիան:
Փետրվարի 19-ին նախատեսված էր Զելենսկիի այցը Սաուդյան Արաբիա, սակայն ռուս-ամերիկյան բանակցություններից ժամեր անց Ուկրաինայի նախագահը հայտնեց, որ չի մեկնի, պատճառը` Էր Ռիադում տեղի ունեցած բանակցություններն են, նա հայտնեց, որ իր այցը տեղի կունենա մարտին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.02.2025