Երբ կրթությունդ սահմանափակում է երեւակայությունդ, այն կոչվում է ինդոկտրինացում. Նիկոլա Տեսլա
Ես ծնվել եմ Խորհրդային Միության լուծարումից շատ տարիներ հետո եւ, բնականաբար, չեմ առնչվել խորհրդային դպրոցական համակարգին: Հիմնվելով ինձնից ավագների կողմից արտահայտված տեսակետների վրա՝ չեմ հակաճառի: Ենթադրում եմ, որ խորհրդային դպրոցը ապագա լավ մաթեմատիկոսների, ֆիզիկոսների ու գիտնականների է մեծացրել:
Հայաստանի հասարակության միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչների մի մասը հաճախ կարոտախտով է հիշում խորհրդային տարիները: ԽՍՀՄ հուշերով ապրող մեր հայրենակիցները հաճախ նաեւ պնդում են՝ «Սովետի կրթությունն ուրիշ էր»:
Այսպես կոչված՝ «ուրիշ» կրթության վերաբերյալ հակասական ընկալումները, հավանաբար, կապված են կրթության եւ դաստիարակության նպատակների մասին անհամաձայնության հետ:
Այսինքն՝ «Սովետի կրթությունն ուրիշ էր» հայտարարողները եւ նրանց հետ չհամաձայնողները բոլորովին այլ մոտեցումներ ունեն «Ո՞րն է կրթության, դաստիարակության նպատակը» հարցի վերաբերյալ:
Ի՞նչն էր «ուրիշ»
Եթե խորհրդային կրթությունն այդքան «ուրիշ էր», ինչո՞ւ են մեր միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներն այդքան խոցելի քարոզչության նկատմամբ: Շատ մեր հայրենակիցներ անքննելի ճշմարտությամբ են մոտենում հեռուստատեսությամբ, այդ թվում՝ պետական եթերով, սոցիալական ցանցերով հանդիպող նյութերին, լուրերին եւ ինքնակոչ «փորձագետների» ինքնատիպ «վերլուծություններին»:
Եթե խորհրդային կրթությունն այդքան «ուրիշ էր», ինչո՞ւ են դավադրապաշտությունն ու հիմնարար արժեքների նկատմամբ թերահավատությունն այդքան տարածված մեր միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: «Սաղ սարքած ա», «Օդից վիրուս են բաց թողնում, «Ռուսը չի թողնում մենք զարգանանք», «օրենքներ, պայմանագրեր, մարդու իրավունքներ, էդ սաղ ձեւական բաներ են», ինչպես նաեւ՝ «Մենք երբեք անկախ չենք եղել», «Ժողովրդավարությունը սուտ բան ա» եւ այլն:
Եթե խորհրդային կրթությունն այդքան «ուրիշ էր», ինչո՞ւ են մեր միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչների ոչ փոքր հատվածն այն կարծիքին, թե մարդկության մեջ կան ավելի ցածր կարգի մարդիկ: Ինչո՞վ է սեւամորթը կամ հնդիկը տարբերվում մեզնից: Նույն սրտից չե՞ն, նույն արյունը չի՞ հոսում, երկու աչքի տեղը մե՞կ աչք ունեն: Ինչո՞ւ են խեթ նայում հաշմանդամություն ունեցող մարդուն: Նա մարդ չէ՞, ներուժ չունի՞, արժանի չէ՞ հնարավորին չափ հավասար պայմաններում ապրել, ինչ հաշմանդամություն չունեցող մարդը:
Խորհրդային կրթությունը նախատեսված էր խորհրդային հասարակարգի համար
Քարոզչությանը դիմադրելը, դավադրապաշտությունն ու հիմնարար արժեքների նկատմամբ թերահավատությունը մերժելը, բնատուր տարբերվող մարդկանց մարդկայնորեն վերաբերելն այնքան ֆունդամենտալ են, որ եթե դպրոցը, լայն իմաստով, սերունդներին սրանք չի ուսուցանում, ապա լուրջ հարցականի տակ է հայտնվում թեզը, թե իբր այդ կրթությունն «ուրիշ էր»:
ԽՍՀՄ կրթությունն ու դաստիարակությունը զարգացրել են ապագա լավ աշխատողների՝ նվիրված կոմունիստական եւ լենինյան իդեալներին: Դա, անշուշտ, օգտակար եւ պետքական էր խորհրդային պետության եւ հասարակարգի կենսագործունեության համար, բայց միայն այդպիսի անազատ, ապազգային եւ միակուսակցական պետության եւ հասարակարգի համար։
ԽՍՀՄ կրթությունն ու դաստիարակությունը չեն դաստիարակել ազատ մտածող, քննադատական մտածելակերպ կրող, լայնախոհ, հանրության շահը հաշվի առնող պատասխանատու քաղաքացի:
Իսկ այսօրվա կրթությունն «ուրի՞շ է»
Ասելիքս, բնավ, այն չէ, թե հայաստանյան այսօրվա կրթությունը վերափոխվել է եւ տարբերվում է նախորդած համակարգից։ Այսօրվա դպրոցներն էլ չեն դաստիարակում պատասխանատու, ազատ, լայնամիտ եւ հանրության մասին մտածող քաղաքացու։
Այսօրվա դպրոցում ընդունելի՞ է, արդյոք, դասավանդվող նյութի շուրջ գոնե բարձր դասարանի աշակերտի անհամաձայնությունը ուսուցչի հետ, թե՞ մենք դպրոցից մեր երեխաներին սովորեցնում ենք, որ կան մարդիկ, օրինակ՝ ուսուցիչները (հետագայում էլ՝ ղեկավարները, «վերլուծաբանները»), որոնց արտահայտած յուրաքանչյուր խոսքն անքննելի ճշմարտություն է, կամ եթե նույնիսկ ճշմարտություն էլ չէ, չի կարելի բարձրաձայն չհամաձայնել իր հետ։
Թե՛ աշակերտը, թե՛ ծնողը, թե՛ հասարակությունը եւ թե՛ պետությունը պետք է պատշաճ գնահատի ուսուցչի դերն ու աշխատանքը անհատի եւ հասարակության կյանքում, բայց ուսուցիչն էլ սովորական մարդ է, եւ գոնե բարձր դասարանի աշակերտները կարող են ողջամիտ անհամաձայնություններ ունենալ ուսուցչի հետ։ Աշակերտը կարող է փաստարկված, յուրօրինակ տեսակետ հայտնել, որը չի համընկնի ուսուցչի կամ դասագրքի տեսակետին։
Միայն գիտելիքն անբավարար է
Ի վերջո, պետք է հստակեցնել՝ մեր երեխաներին մենք չոր ու ցամաք գիտելիք ենք տալո՞ւ, թե՞ նաեւ քննադատական մտածողություն՝ ճշմարտությունն ընկալելու միջոցներ եւ հմտություններ։
Կրթության խորհրդային մոդելը միայն գիտելիք էր տալիս, իսկ կոմունիստների գաղափարախոսությունն ու քարոզչական թեզերը ներկայացվում էին որպես անվիճելի ճշմարտություն։
Վերոգրյալ որակներով քաղաքացի ունենալու համար սա անբավարար է։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2025